Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմությունն և նախագահը քվեարկության արդյունքները չեն ճանաչում. Զուրաբիշվիլին հանրահավաք է հրավիրել


Խորհրդարանական ընտրությունները լուծելու փոխարեն կարող են ավելի խորացնել Վրաստանի քաղաքական ճգնաժամը։ Քվեարկության արդյունքները չեն ճանաչում անցողիկ շեմը հաղթահարած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը, որոնք միասին շուրջ 38 տոկոս ձայն են ստացել։ Ոմանք արդեն շտապել են հայտնել, որ չեն վերցնի մանդատները։

Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանքը» իշխանությունը վերարտադրում է 53 տոկոսանոց կայուն, բայց ոչ սահմանադրական մեծամասնությամբ։ Այսինքն, բոլոր օրենքները չէ, որ առանց ընդդիմության կկարողանան անցկացնել, բայց օրինակ, որևէ ուժի աջակցության կարիք չեն ունենա նոր նախագահ ընտրելու համար, երբ դեկտեմբերին կավարտվի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնավարման ժամկետը։

Ինքը՝ Զուրաբիշվիլին չի ճանաչում ընտրությունների արդյունքները։ Երեկ նախագահականում ընդդիմադիրների հետ խորհրդակցություններ անցկացնելով՝ նախագահն այսօր երեկոյան հանրահավաք հրավիրեց:

«Ես չեմ ճանաչում այս ընտրությունների արդյունքները։ Դա կնշանակի ճանաչել Ռուսաստանի մուտքը Վրաստան, կնշանակի ճանաչել Մոսկվայի ենթակայությունը։ Մենք պետք է միասին կանգնենք ու ասենք, որ չենք հանդուրժում Ռուսաստանի ներխուժումը։ Ընդդիմությունն իմ կողքին է, ես՝ իրենց։ Երեկոյան եկեք Ռուսթավելիի հրապարակ՝ ամբողջ աշխարհին ասելու, որ պաշտպանելու ենք սահմանադրական կարգը», - նշել է Զուրաբիշվիլին:

Մինչդեռ վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր առավոտյան հրավիրած Կառավարության նիստում արդեն զգուշացնում էր ընդդիմադիրներին, որ օրենքը խիստ է գործելու:

«Մեր երկրում որևէ մեկը չի կարող սասանել սահմանադրական կարգը։ Ընդդիմությունը չի կարողանում համակերպվել ընտրություններում պարտության հետ, իսկ նրանց կողքին են այն հասարակական կազմակերպությունները, որոնք պայքարում էին իրենց ֆինանսավորման աղբյուրները թաքցնելու համար։ Այս ուժերը կրկին սահմանադրական կարգի դեմ են դուրս եկել», - ասել է Կոբախիձեն:

Արևմուտքը կոշտ հայտարարություններով է հանդես գալիս

Արևմուտքը, որ մինչև ընտրությունները զգուշացնում էր Թբիլիսիին հետևանքներով, եթե ընտրությունները կեղծվեն, կոշտ հայտարարություններով է հանդես գալիս։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը դատապարտել է ընտրական խախտումները, պահանջել հետաքննել դրանք՝ իշխանություններին կոչ անելով հարգել օրենքի գերակայությունը։

Եվրամիության հայտարարությունում շեշտվում է, որ խախտումների բացահայտումը միակ ճանապարհն է ընտրությունների նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։

Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան գրառմամբ հակադարձել է Վրաստանի նախագահին, որը հայտարարել էր, թե թույլ չեն տալու խլել Վրաստանի եվրոպական ապագան. «Իսկ վրացական ապագան եվրոպականից ինչո՞վ է վատը։ Վրաստանը Ֆրանսիայից հին երկիր է»։

«Եթե Արևմուտքում որոշեն բանակցել այս իշխանությունների հետ, անգամ չարժե սկսել հանրահավաքային պայքարը»

Վրացի քաղաքագետ Գիա Խուխաշվիլին ասում է՝ փողոցային պայքարը կհաջողի միայն մի դեպքում, եթե հանրահավաքներին զուգահեռ Արևմուտքը կոշտացնի ճնշումները Թբիլիսիի նկատմամբ:

«Այստեղ բողոքի ակցիաներ՝ գործողությունների հստակ ծրագրով և Արևմուտքի միանշանակ աջակցությունը՝ Միացյալ Նահանգները մեծացնի պատժամիջոցների ցանկը, Եվրամիությունն էլ չեղարկի ազատ վիզային ռեժիմը։ Դա ուղղակի կխարխլի իշխանությունների միասնականությունը։ Բայց եթե Արևմուտքում որոշեն, այնուամենայնիվ, բանակցել այս իշխանությունների հետ, այդ դեպքում անգամ չարժե սկսել հանրահավաքային պայքարը», - նշել է Խուխաշվիլին:

Արդեն այսօր Թբիլիսի է շտապել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը առաջինն էր շնորհավորել իշխանություններին՝ չսպասելով ընտրությունների արդյունքների հրապարակմանը։

Եվրամիության արտգործնախարար Ժոզեպ Բորելն ասել է, թե այդ այցի շրջանակում Օրբանը չի ներկայացնում Եվրոպական միությունը։

XS
SM
MD
LG