Փեզեշքիանն Իրանի նախագահի պաշտոնը կստանձնի օգոստոսի սկզբին

Իրան - Նախագահի թեկնածու Մասուդ Փեզեշքիանը նախընտրական հանդիպման ժամանակ, Թեհրան, 3-ը հուլիսի, 2024թ.

Իրանի նախագահ ընտրված Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը խորհրդարանում կկայանա եկող ամսվա սկզբին: Այդ մասին երկրի պետական լրատվամիջոցներին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Մոջտաբա Յոսեֆին:

Նախ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին պետք է «թանզիֆ» կոչվող արարողության ժամանակ հավանություն տա Փեզեշքիանի հաղթանակին: Ապա ենթադրաբար օգոստոսի 4-ին կամ 5-ին տեղի է ունենալու նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը, ասել է Յոսեֆին:

Այնուհետև, ըստ նույն աղբյուրի, Փեզեշքիանը 15 օր կունենա՝ խորհրդարանին ներկայացնելու իր կառավարության կազմը վստահության քվե ստանալու համար:

69-ամյա Մասուդ Փեզեշքիանն ուրբաթ օրը կայացած ընտրությունների երկրորդ փուլում հավաքել է ընտրողների ձայների ավելի քան 53, նրա մրցակից Սայիդ Ջալիլին՝ մոտ 44 տոկոսը։

Երկրորդ փուլին մասնակցել է ընտրողների 50 տոկոսը՝ ավելի քան 30 միլիոն իրանցի։

Արտահերթ նախագահական ընտրություններն Իրանում նշանակվեցին նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ ավիավթարի հետևանքով զոհվելուց հետո։ Հունիսի 28-ին անցկացված առաջին փուլում թեկնածուներից և ոչ մեկը քվեների մեծամասնությունը չէր ստացել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Խամենեին հանդիպել է Փեզեշքիանի և Ջալիլիի հետԻրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Մասուդ Փեզեշքիանը