Մատչելիության հղումներ

Փեզեշքիա՞ն, թե՞ Ջալիլի. Իրանը շաբաթավերջին նոր նախագահ կունենա


Իրանի նախագահի թեկնածուներ Մասուդ Փեզեշքիանը և Սայիդ Ջալիլին առաջին փուլում քվեարկության ժամանակ, կոլաժ
Իրանի նախագահի թեկնածուներ Մասուդ Փեզեշքիանը և Սայիդ Ջալիլին առաջին փուլում քվեարկության ժամանակ, կոլաժ

Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քարոզարշավը շարունակվում է, չորս օրից նոր քվեարկությամբ կորոշվի` ով կփոխարինի մայիսի 19-ին ավիավթարի հետևանքով զոհված Էբրահիմ Ռայիսիին:

Նախագահի պաշտոնի համար պայքարում են թեկնածուներից ամենաչափավորը համարվող Մասուդ Փեզեշքիանը և պահպանողական ճամբարի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին։

Իրանում երբևէ ամենացածր մասնակցությունը գրանցած քվեարկության առաջին փուլի արդյունքներով չորս թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել հավաքել ձայների 50 տոկոսը: Չնայած գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի կոչերին՝ անցած ուրբաթ օրն ընտրատեղամաս ներկայացավ քվեարկելու իրավունք ունեցող 61 միլիոն քաղաքացիների միայն մոտ 40 տոկոսը, ինչը ռեկորդային ցածր մասնակցություն է Իսլամական Հանրապետությունում: Մեկ միլիոնից ավելի քվեաթերթիկ էլ փչացված է եղել։

Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում ծնված, մասնագիտությամբ բժիշկ, առողջապահության նախկին նախարար Փեզեշքիանը ստացել է ընտրություններին մասնակցած 25 միլիոն ընտրողներից ավելի քան 10 միլիոնի քվեները։

Նրա մրցակցի՝ միջուկային ծրագրի հարցով Թեհրանի նախկին բանագնացի օգտին է քվեարկել 9 միլիոն 400 հազար մարդ։

Փեզեշքիանի շուրջ ընտրողների՝ հատկապես ոչ պահպանողական ընտրազանգվածի համախմբում նկատվեց քարոզարշավի վերջին օրերին միայն։ Նրա գլխավոր խոստումներից մեկը դարձավ իրանցի կանանց հիջաբ կրելու կանոններին հետևող տխրահռչակ ուժային կառույցի՝ բարոյականության ոստիկանության գործունեության վերանայումը։

Բարեփոխական ճամբարի ներկայացուցչի դիրքորոշումը տարբերվում է նաև արտաքին հարցերում՝ նա բացեիբաց հայտարարում է, որ պետք է բարելավել Արևմուտքի հետ հարաբերությունները։

Թեև Փեզեշքիանն ընդգծում է է իր աջակցությունը Իսլամական Հանրապետության սկզբունքներին և խոստանում ընտրվելու դեպքում չշեղվել կրոնական իշխանության սահմանած «կարմիր գծերից», նա միաժամանակ քննադատում է Թեհրանի որոշ կոշտ պահպանողական որոշումներն ու քաղաքականությունը։

Անցած տարիներին Փեզեշքիանը հրապարակայնորեն դատապարտել էր ոստիկանական բաժանմունքում Մահսա Ամինիի սպանությունը, որը երկրում զանգվածային բողոքի ալիք էր հարուցել: Իշխանությունը պնդում է, որ երիտասարդ քուրդ կինը ոչ թե ոստիկանական բռնությունների զոհ է դարձել, այլ մահացել է սեփական հիվանդությունների հետևանքով, ինչն Ամինիի ընտանիքը կտրականապես հերքել է:

Փեզեշքիանի մրցակից Ջալիլին հայտնի է իր անզիջում հակաարևմտյան դիրքորոշմամբ: Սայիդ Ջալիլին միջուկային ծրագրի բանագնացներից է և Խամենեիի ներկայացուցիչը Իրանի անվտանգության բարձրագույն մարմնում: Քարոզարշավի ընթացքում աջակիցներին համախմբել է «ոչ մի փոխզիջում, ոչ մի հանձնում» Արևմուտքին կարգախոսի ներքո:

Ջալիլին կտրականապես դեմ էր 2015 թվականին ԱՄՆ-ի և գերտերությունների միջև կնքված Թեհրանի միջուկային համաձայնագրին, որը պատժամիջոցների չեղարկման դիմաց պահանջում էր սահմանափակել Իրանի միջուկային գործունեությունը։ Այն ժամանակ իրանցի պաշտոնյան պնդում էր, որ գործարքը խախտում է Թեհրանի «կարմիր գծերը»՝ համաձայնելով ստուգել երկրի միջուկային օբյեկտները։

Պահպանողական գծի հետևորդը, որը շրջապատված է հանգուցյալ նախագահի մերձավոր թիմակիցներով, Իսլամական Հանրապետության նախագահական ընտրություններում հաղթելու պարագայում, ըստ որոշ պնդումների, կարող է դառնալ 85-ամյա Ալի Խամենեիի հավանական ժառանգորդը:

Ընտրությունների առաջին փուլի արդյունքները, հատկապես ընտրողների աննախադեպ պասիվությունը, ըստ որոշ գնահատականների, վկայում են, որ իրանցիների մեծ մասը մերժում է ներկայիս քաղաքականությունը։

Վերջին տարիներին Իրանին չի հաջողվում թուլացնել տնտեսական լարվածությունը․ միջազգային պատժամիջոցները հանգեցրել են բարձր գնաճի, գործազրկության մակարդակի կտրուկ բարձրացման և ԱՄՆ դոլարի նկատմամբ իրանական ռիալի ռեկորդային ցածր մակարդակի։

Երկրի ընդդիմությունը, որին իշխանությունները թույլ չեն տալիս մասնակցել ընտրություններին, պնդում է, որ առաջիկա ուրբաթ օրվա ընտրությունների արդյունքները որևէ նշանակություն չունեն, քանի որ երկրի իշխանության իրական ղեկը կրոնական առաջնորդի ձեռքում է:

Նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո հազարավոր ընդդիմադիր իրանցիներ Բեռլինում են հանրահավաք անցկացրել «ռեժիմի փոփոխության» կոչով՝ Արևմուտքին հորդորելով կանգնել Իրանի ժողովրդի, այլ ոչ թե ընդդիմախոսների նկատմամբ կոշտ հաշվեհարդարով հայտնի իշխանությունների կողքին:

«Ռեժիմը կդառնա շատ ավելի ագրեսիվ, շատ ավելի ռազմատենչ և շատ ավելի աջակցող ահաբեկչությանը, քանի որ այն գնալով թուլանում է երկրի ներսում: Լուծումը Իրանի ժողովրդի և դիմադրության ճնշմամբ ռեժիմի փոփոխությունն է։ Եվ ժողովուրդն արդեն մեծ ուժ է ցույց տվել, հատկապես վերջին մի քանի տարիներին։ Այնպես որ, ժամանակն է, որ Արևմուտքը և եվրոպական երկրները լինեն Իրանի ժողովրդի և փոփոխությունների ցանկության կողքին», - հայտարարել է Իրանի ընդդիմության առաջնորդներից Շահին Ղոբադին։

XS
SM
MD
LG