Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Իսլամական Հանրապետությունը «մեկուսացումից դուրս բերելու» և «Արևմուտքի հետ կառուցողական բանակցություններ վարելու» կողմնակից Մասուդ Փեզեշքիանը։
69-ամյա քաղաքական գործիչը անցած 16 տարիներին Իսլամական խորհրդարանի Արևմտյան Ադրբեջանի ադրբեջանական փոքրամասնության ներկայացուցիչն էր։ Նա բարեփոխական օրենսդիր է. նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել է վերանայել կանանց գլխաշոր կրելու կանոններին հետևող բարոյականության ոստիկանության գործունեությունը, կողմնակից է նաև Իրանում համացանցի սահմանափակումների վերացմանը։
Փեզեշքիանն ուրբաթ օրը կայացած ընտրությունների երկրորդ փուլում հավաքել է ընտրողների ձայների ավելի քան 53 տոկոսը։ Նրա մրցակից Սայիդ Ջալիլին, որը հայտնի է պահպանողական՝ կոշտ հակաարևմտյան դիրքորոշմամբ, մոտ 44 տոկոս ձայն է հավաքել։
Ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է ընտրողների 50 տոկոսը՝ ավելի քան 30 միլիոն իրանցի։
Արտահերթ նախագահական ընտրություններն Իրանում անցկացվեցին հունիսի 28-ին, այն բանից հետո, երբ ավիավթարից զոհվեց նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Առաջին փուլում թեկնածուներից և ոչ մեկը քվեների մեծամասնությունը չէր ստացել։
Իրանի նորընտիր նախագահը հաղթանակը համարել է ժողովրդի հետ գործընկերության սկիզբը
Իրանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել ընտրողներին, հաղթանակը համարել ժողովրդի հետ գործընկերության սկիզբը։
«Առջևում սպասվող դժվարին ճանապարհը միայն կհարթվի ձեր ընկերակցությամբ, կարեկցանքով և վստահությամբ: Ձեռքս մեկնում եմ ձեզ և երդվում եմ իմ պատվով, որ ես էլ ձեզ մենակ չեմ թողնի այս ճանապարհին»,- X- ում գրել է Փեզեշքիանը:
Փեզեշքիանը ծնունդով Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Մահաբադ քաղաքից է, որտեղ մեծամասնություն են քրդերը. նրա մայրը քուրդ է, հայրը՝ էթնիկ ազերի։ Քաղաքական գործիչը գիտի և՛ քրդերեն, և՛ ադրբեջաներեն։ Իրանի հոգևոր գերագույն առաջնորդ Ալի Խամենեին էլ է ծագումով ազերի։
Մասուդ Փեզեշքիանը 2016-ից 2022 թվականներին Իրանի խորհրդարանի փոխխոսնակն է եղել, երբ օրենսդիրում ռեֆորմիստներն էին մեծամասնություն կազմում: Նա մի քանի տարի զբաղեցրել է նաև առողջապահության նախարարի պաշտոնը։
Արևմտյան կոշտ պատժամիջոցների տակ գտնվող Իրանը մեկուսացումից դուրս բերելու կողմնակից Փեզեշքիանի ընտրությունն արդյոք ազդեցություն կունենա հայ-իրանական հարաբերությունների վրա, դեռ ընտրությունների առաջին փուլում Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին շեշտել էր, որ Իսլամական պետությունը չի փոխի Երևանի նկատմամբ իր որդեգրած քաղաքականությունը՝ անկախ նրանից, թե ով կլինի իշխանության ղեկին։
«Մեր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ սկզբունքային է և կառավարությունները, որոնք իշխանության են գալիս, այդ քաղաքականության շրջանակում են գործում: Իրանի սկզբունքային քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ հնչեցվել է Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի կողմից և այն ընդգծվել է վերջերս Հայաստանի վարչապետի Իրան կատարած այցի ընթացքում: Մենք հարգում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխությանը, ինչպես նաև աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության», - նշել է Մեհդի Սոբհանին:
Երևանն իր հերթին կարևորում Է Թեհրանի հետ ջերմ հարաբերությունների շարունակական խորացումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մասուդ Փեզեշքիանի հաղթանակի առիթով այսօր շնորհավորական ուղերձ է հղել։
«Համոզված եմ, որ մեր կառավարությունների համատեղ ջանքերի շնորհիվ կյանքի կկոչվեն Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև համատեղ ուժերով ձեռնամուխ կլինենք մի շարք նոր ծրագրերի՝ հանուն Հայաստանի և Իրանի բարեկամական ժողովուրդների բարօրության», - ասել է Հայաստանի վարչապետը:
Իրանի նորընտիր նախագահին ընտրության կապակցության արդեն շնորհավորել են Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ադրբեջանի ղեկավարները։ Փեզեշքիանին շնորհավորել է նաև Միացյալ Նահանգների դաշնակից Սաուդյան Արաբիան։ Երկու երկրների հարաբերությունները սկսել են կարգավորել անցած տարվանից՝ Պեկինի միջնորդությամբ։
.