Ուկրաինան պնդում է, որ իր զորքերը սպանել կամ վիրավորել են առնվազն 30 հյուսիսկորեացի զինվորի

Կուրսկի շրջանում զոհված ռուս զինվորների դիերը. որոնց թվում, ըստ "Схемы" նախագծի, նաև հյուսիսկորեացիներ կան

Ուկրաինան հաղորդում է, որ իր զորքերը սպանել կամ վիրավորել են առնվազն 30 հյուսիսկորեացի զինվորի, որոնք Ռուսաստանի կողմից կռվում էին Կուրսկի մարզում։

«Դեկտեմբերի 14-ին և 15-ին Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության բանակային ստորաբաժանումները զգալի կորուստներ են կրել Ռուսաստանի Կուրսկի շրջանի Պլեխովո, Վորոժբա, Մարտինովկա գյուղերի մոտ», - տեղեկացրել է ռազմական հետախուզությունը։

Սա առաջին դեպքն է, որ Ուկրաինան հայտնում է Հյուսիսային Կորեայի կորուստների մասին: Այս հաղորդագրությունը հաջորդում է նախագահ Վլադիմիր Զելենսկու շաբաթ օրվա նախազգուշացմանը։

«Այսօր արդեն կան նախնական ապացույցներ, որ ռուսները սկսել են հարձակումների ժամանակ զգալի թվով հյուսիսկորեացի զինվորականներին օգտագործել։ Ռուսները նրանց ընդգրկում են համախմբված ստորաբաժանումներում և օգտագործում Կուրսկի շրջանում գործողություններում», - ասել էր Զելենսկին:

ՌԴ ՊՆ-ն այս հայտարարությունները չի մեկնաբանել։

Այսօր ավելի վաղ «Ազատության» ուկրաինական ծառայության "Схемы" նախագիծը՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի աղբյուրներին, սպանված զինվորականների լուսանկարներ ու տեսանյութեր էր հրապարակել, որտեղ նաև հյուսիսկորեացիներ կային։ Լուսանկարներում տասնյակ զինվորների մարմիններ են՝ ոչնչացված տեխնիկայի ֆոնին։ Այս կադրերի իսկությունը լրագրողները չեն կարողացել ստուգել։

Հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանում մի քանի հազար հյուսիսկորեացի զինվորական կա։ Պենտագոնը նրանց թիվը գնահատել էր 11 հազար։ Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջան էին ներխուժել օգոստոսին։ Արդեն հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը սկսել է հազարավոր հյուսիսկորեացի զինվորների տեղակայել տարածաշրջանում:

Հրահրում են անցնել «կարմիր գծերը». Պուտինը խոսքն ուղղել է Արևմուտքին

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվել է պատասխանել հյուսիսկորեական զորքերի զոհերի մասին հարցին։

Նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստը սկսել է շնորհակալությամբ ու մարտի դաշտում ընկածներին մեկ րոպե լռությամբ պատվելով։ Հաջորդիվ Արևմուտքին է ուղղել խոսքը՝ պնդելով՝ հրահրում են անցնել «կարմիր գծերը»։

«Կայունության և Ռուսաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման առանցքային գործիքներից մեկը շարունակում են մնալ ռազմավարական միջուկային ուժերը։ Մենք կշարունակենք աջակցել դրանց բալանսավորված զարգացմանը», - ասել է Պուտինը:

Պաշտպանության նախարարն իր հերթին զեկուցել է, որ այս տարի ռուսական զորքերը դուրս են մղել ուկրաինական ուժերին գրեթե 4500 քառակուսի կիլոմետր տարածքից, ու զորքն ամեն օր միջինը 30 քառակուսի կիլոմետր առաջ է շարժվում։

Ռուսական կողմն այսօր շտապեց հաղորդել նաև Դոնեցկի շրջանում Ելիզավետիվկա գյուղի գրավման մասին։ Այն ռազմավարական նշանակություն ունեցող Կուրախովեից մոտ 10 կիլոմետր հարավ է։ Կիևն այս հաղորդագրությանը չի արձագանքել:

Ռուսաստանը վերջին երկու ամիսներին շատ ավելի արագ տեմպերով է առաջ շարժվում։ Մոսկվան, ըստ ռազմական փորձագետների, ձգտում է բարելավել իր դիրքերը մարտի դաշտում՝ հունվարին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց առաջ: