Հյուսիսկորեական զորքը Կուրսկի մարզում արդեն մասնակցում է Ուկրաինայի դեմ ռուսական բանակի ռազմական գործողություններին, այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։
Տեղեկությունը հաստատել է նաև Հարավային Կորեայի հետախուզական գործակալությունը։
Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ներկայացուցչի խոսքով Ռուսաստան ուղարկված ավելի քան 10 հազար հյուսիսկորեացի զինվորների մեծ մասը կենտրոնացած է Կուրսկի մարզի արևմտյան հատվածում և «ռուսական ուժերի հետ միասին սկսել է մասնակցել ռազմական գործողություններին»։
Հյուսիսային Կորեայի զինվորականները Ռուսաստանի տարածքում ավելի վաղ հրետանու, անօդաչու թռչող սարքերի, հետևակի կիրառման, ինչպես նաև խրամատների մաքրման վերապատրաստում են անցել։
Վեդանտ Պատելի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները «ծայրաստիճան անհանգստացած է» Ուկրաինայի դեմ պատերազմում Հյուսիսային Կորեայի մասնակցության փաստով և շարունակում է դաշնակիցների հետ խորհրդակցությունները Ռուսաստանի այդ որոշման հետևանքները վերլուծելու համար։