Ռուսաստանը Հյուսիսային Կորեայի ավելի մեծ թվով զորքեր է սկսել տեղակայել Կուրսկի շրջանում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այսօր արդեն կան նախնական ապացույցներ, որ ռուսները սկսել են հարձակումների ժամանակ զգալի թվով հյուսիսկորեացի զինվորականներին օգտագործել։ Ռուսները նրանց ընդգրկում են համախմբված ստորաբաժանումներում և օգտագործում Կուրսկի շրջանում գործողություններում»,- ասել է Զելենսկին։
Զելենսկիի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչությունը հայտարարություն է տարածել, որ Հյուսիսային Կորեայի զորքերը, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում հարձակում կսկսեն Կուրսկի շրջանում ուկրաինական ռազմական դիրքերի վրա։
ՌԴ ՊՆ-ն այս հայտարարությունները չի մեկնաբանել։
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջան սկսել են ներխուժել օգոստոսին և դեռևս վերահսկում են որոշ շրջաններ: Ռուսաստանը հոկտեմբերին սկսել է հազարավոր հյուսիսկորեացի զինվորների տեղակայել տարածաշրջան: