Գուցե հատուկ էր այդ ժամին եկել, կաթողիկոսը հովանավորում է ընդդիմադիր շարժումը. Արթուր Հովհաննիսյան

«Մենք ներքաղաքական լարվածություն, ըստ էության, այդպիսին չենք տեսնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ երկխոսության կարիք միշտ էլ կա բոլոր առումներով։ Հովհաննիսյանը միաժամանակ նկատեց. - «Մեզ ընդհանրապես դուր չի գալիս, որ որոշ հոգևորականներ եկեղեցու դեմ արշավ են սկսել ու բարձրաստիճան հոգևորականներ»։

Շարժման առաջնորդը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է։ Եկեղեցու և իշխանության հարաբերությունները լարված են հատկապես 44-օրյա պատերազմից հետո։ Սակայն, դրանք ավելի սրվեցին վերջին շաբաթներին, երբ արքեպիսկոպոս Գալստանյանը վարչապետի հրաժարականի պահանջ դրեց։ Իսկ մայիսի 28-ին իրավապահները փորձել էին արգելել Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Վարչապետը երեկ անդրադարձել էր այս միջադեպին՝ ասելով, որ ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյո՞ք Վեհափառ Հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելու, թե՞ այլ նպատակադրմամբ։

Հարցին, թե նկատի ունի վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պայքարը, նա պատասխանեց. - «Ես նկատի ունեմ այն փողոցային պայքարը, այն հոգևորականները, որոնք թողել են եկեղեցուն, Աստծու դուռը, դուրս են եկել փողոց և սպասարկում են ՀՀ երկրորդ նախագահի աթոռը զավթած մարդու քաղաքական նպատակները, այդ մարդիկ, ըստ էության, արշավ են սկսել եկեղեցու դեմ»։

Հարցին՝ հրապարակի ժողովուրդը ժողովո՞ւրդ չէ, իշխանական պատգամավորն ասաց. - «Հանկարծ ու հանկարծ որևէ մեկն իրավունք չունի ՀՀ ժողովրդին անվանարկի կամ իր բողոքի ձայնի բարձրացման համար քննադատի։ Ո՛չ, խնդիրը հոգևորականների քաղաքականությամբ զբաղվելու մեջ է»։

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում.