Մատչելիության հղումներ

Բագրատ սրբազանը չընդունեց Վահե Ղազարյանի հանդիպման առաջարկած ձևաչափը


14։34

Սրբազանի ու նախարարի հանդիպումն այդպես էլ չկայացավ: Շուրջ 5 ժամ Ներքին գործերի նախարարության մոտ սպասելուց հետո Բագրատ արքեպիսկոպոսը շարժման մասնակիցների հետո երթով վերադառանում է սուրբ Աննա եկեղեցու բակ։

12։38

Շարժման անդամները նստել են ՆԳՆ շենքի մոտ։

ՆԳՆ շենքի մոտ
ՆԳՆ շենքի մոտ

12։07

Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման անդամները դեռ Ներքին գործերի նախարարության հարակից տարածքում են։

12։05

Բագրատ սրբազանը չընդունեց նախարարի հետ հանդիպելու ձևաչափը, ասաց՝ Վահե Ղազարյանի տրամադրությունը չունեն։

«Ես դեռ հույս ունեմ, որ իմ ճանաչած Վահե Ղազարյանի տղամարդկությունը մնացել է, կգա, կխոսենք: Մեր խոսակցության հասցեատերը Վահե Ղազարյանն է: Սենյակում նստել- լսելու փոխարեն իջի ներքև», - հորդորեց նա։

10։52

Նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը քիչ առաջ հայտնեց, որ Վահե Ղազարյանը պատրաստ է ընդունել Բագրատ Գալստանյանին, սակայն ոչ այս՝ հանրային ֆորմատով։

Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը էլ սրբազանին հրավիրեց առանձին հանդիպման ՆԳ նախարարի հետ։

10։51

Բագրատ սրբազանը հայտնեց, որ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը պետք է ԱԺ գնա, հետևաբար որոշում է կայացրել սպասել նրան շենքի դիմաց, որպեսզի ԱԺ գնալիս այնուամենայնիվ հանդիպի նրան։

10:16

Ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանն էլ հավելեց, որ մեկ տասնյակից ավելի ծառայողական քննություններ կան այս պահին։ Նա խնդրեց չթիրախավորել ոստիկաններին։

«Բոլոր այն ոստիկանները, որոնք կարգապահական խախտում են թույլ տալիս, միանշանակ վստահեցնում եմ, որ կենթարկվեն պատասխանատվության», - հավաստիացրեց նա` հիշեցնելով, որ մեկ ոստիկանի ծառայողական լիազորություններն արդեն դադարեցվել են։

Բագրատ սրբազանն ասաց, որ իրենք չեն թիրախավորել, սակայն ոստիկանները ինքնագործունեություն չեն անում, նրանց հրաման տվող կա։

10։13

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը մոտեցավ շարժման առաջնորդին՝ հայտնելով, որ նախարար Ղազարյանն այս պահին հանդիպումների մեջ է։

«Մենք կարող ենք խոսել, եթե հարմար լինի, մենք ձեզ տեղեկացնենք։ Այս պահին հանդիպումների մեջ է», - ասաց խոսնակը։

10։08

Շարժման առաջնրդ Բագրատ սրբազանը պահանջում է ՆԳՆ ղեկավարին ներքև իջնել ու պատասխան տալ ոստիկանների գործողությունների համար, որ «մի քանի տասնյակով մեկ հոգու են ծեծել» (պատգամավորին) ու Սարդարապատում արգելել կաթողիկոսի մուտքը»։

Իրավապահները երեկ փորձել էին արգելել Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։

Այս պահին ցուցարարները ոստիկանության մոտ սպասում են նախարար Ղազարյանին:

Օրվա մյուս անելիքների մասին սրբազանը դեռ չի հայտարարում։

9։34

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները՝Բագրատ սրբազանի առաջնորդությամբ գնում են Ներքին գործերի նախարարություն։

«Գնում ենք մեր հարցադրումները կատարելու», - ասաց արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա մտադիր է այնտեղ հանդիպել նախարար Վահե Ղազարյանին, խոսել ոստիկանների գործողություններից։

«Սարդարապատ պարգևաց եկեղեցուն նույն Սարդարապատում փորձեցին արգելափակել։ Այդ ամենը տեսնելով՝ որոշեցի, որ հիմա գնալու եմ ՆԳՆ՝ պահանջելու, որ բացատրություն տան ամբողջ կատարվածի համար, միաժամանակ հասկանալու՝ այդ հրամանը Վահե Ղազարյա՞նն է տվել, թե՞ իրեն են նման հրաման տվել։

Մենք կախված չենք իր ընդունել-չընդունելուց», - հայտարարեց սրբազանը։

Ոստիկանական զորքերը փակել են ՆԳՆ շենքի բոլոր մուտքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG