Ամենայն Հայոց կաթողիկոսը երեկ Մայր Աթոռի միաբանների հետ Սարդարապատի հուշահամալիր հասավ ոստիկանական երեք պատեր հաղթահարելուց հետո:
Հայր Ասողիկը, տեր Տաճատը ոստիկանների հետ հրմշտոցի առաջնագծում էին, առաջին շղթան եպիսկոպոս-քահանաներով ճեղքեցին՝ ճանապարհ բացելով Վեհափառի համար, հետո՝ երկրորդը, այստեղ ուժայիններն ավելի են մոբիլիզացվում, հրմշտոցի ժամանակ Արցախի թեմի առաջնորդի եպիսկոպոսական պանակեն՝ հատուկ նշանն է պոկվում: Կադրերում չի երևում, բայց երրորդ պատը, ըստ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավարի, ճեղքել են ոչ թե ուժով, այլ՝ Վեհափառի հորդորով:
«Տեղի տվեցին Վեհափառի հորդորին և նաև պահանջին, որ ճանապարհը բացեն, որպեսզի ինքը անցնի, հուշակոթողին մոտենա», - «Ազատության» հետ զրույցում նշեց տեր Եսայի քահանա Արթենյանը:
Սարդարապատի «մարտից» Վեհափառի շքախումբը դուրս եկավ շփոթված, հուշահամալիրի մոտ ծաղկեպսակ դրեց Գարեգին երկրորդ կաթողիկոսը, աղոթեցին մայիսյան հերոսամարտի նահատակների հոգիների խաղաղության համար:
Այս ամենը տեղի էր ունենում երեկ 14:30-ին։ Բուն աղոթքը տևեց 2 րոպե։ Վարչապետ Փաշինյանը Սարդարապատ հասավ կես ժամ անց։ Ինչո՞ւ էին ոստիկանները փակել Կաթողիկոսի մայիս 28-յան ավանդական ճանապարհը, հարցրել են լրագրողներն այսօր խորհրդարան գնացած վարչապետին։
«Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյո՞ք Վեհափառ Հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելու, թե՞ այլ նպատակադրմամբ, և երբ որ ստացել են հավաստիացումներ, որ այցը ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է Վեհափառ Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի՝ պետական արարողակարգային միջոցառման տարածք», - հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:
Մայիսի 27-ի երեկոյից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր գլխավորած շարժման համակիրների հետ Սարդարապատում էր, գիշերեց այնտեղ։ Ենթադրաբար այդ պատճառով մայիսի 28-ի առավոտյան պաշտոնական արարողակարգային միջոցառումները, Փաշինյանի այցը հուշահամալիր հետաձգվեցին։ Ի վերջո, Կաթողիկոսն ու Փաշինյանը նույն ուղղությունը բռնեցին կես ժամվա տարբերությամբ։
«Մայր Աթոռի արարողակարգը և վարչապետի արարողակարգի հետ եղել է որոշակի բանակցություններ՝ ճշգրտումներ անելու, ժամերի առումով: Բայց Կառավարությունից որևէ հստակ բան չի եղել և որևէ հստակություն չի եղել, ավելի ճիշտ՝ ասել է, որ առավոտյան պիտի գնան», - ասաց տեր Եսայի քահանա Արթենյանը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը պնդում է՝ մինչև վերջին պահը պետական արարողակարգի ծառայությունն իրենց չի ծանուցել, թե ի վերջո Փաշինյանը երբ է հուշահամալիր գնալու, իրենք իրենց օրակարգով՝ պատարագն ավարտել ու գնացել են։
Գուցե հատո՞ւկ էր այդ ժամին եկել, «Ազատության» տաղավարում այսօր կասկածեց «Քաղաքացիական պայմանագրից» Արթուր Հովհաննիսյանը:
«Կաթողիկոսն ունի արարողակարգ, կարող էր ճշտել վարչապետի արարողակարգից՝ երբ է նախատեսվում այցը, որ նման տհաճ իրավիճակ չստեղծվեր՝ ոչ իրենց համար, ոչ էլ մեզ համար, որովհետև էնպես չի, որ էս իրավիճակը մեզ դուր է եկել, հաճելի էր էդ տեսարանները տեսնել: Չէ, հաճելի չի ընդհանրապես», - ասաց իշխանական պատգամավորը:
«Դուք ակնարկում եք, որ միտումնավո՞ր է նա այդ ժամին եկել Սարդարապատ», - այս հարցին Հովհաննիսյանն արձագանքեց. - «Միգուցե, ես չգիտեմ: Հաշվի առնելով, որ քաղաքական գործունեություն է ծավալում Կաթողիկոսը և հովանավորում է ընդդիմադիր շարժումը՝ Ռոբերտ Քոչարյանի շրջանակների կողմից իրականացվող, ինչո՞ւ ոչ»:
Տեր Եսայի քահանան անհեթեթ է որակում իշխանականների մեղադրանքը, թե գուցե Վեհափառը գնացել էր ընդդիմադիրների գործողությունները շարունակելու. - «Ամբողջությամբ ձևակերպումը անհեթեթություն է: Վեհափառը գնացել էր իր խոնարհումը բերելու մայիսյան հերոսամարտի զոհերի հիշատակին»:
Մայր Աթոռի ներկայացուցիչը հերքում է նաև Փաշինյանի այն պնդումը, թե ոստիկանությունը փորձել է ճշտել Վեհափառի այցի նպատակը. - «Ոստիկանությունը ոչ մի բացատրություն չի տվել և որևէ հարցում ճշտելու համար չի արել»:
Եկեղեցականների ու սևբերետավորների միջև հրմշտոցի տեսարանը, Ամենայն Հայոց կաթողիկոսի առջև Սարդարապատի հուշահամալիրի ճանապարհը փակելը երեկվանից դատապարտող հայտարարությունների թեմա է։ Երուսաղեմի Հայոց պատրիարքը ոստիկանների պահվածքը քստմնելի է որակել։ Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը կոչ է արել կանգնեցնել «ինքնաքանդումի ու ինքնասպանութեան ներկայ ընթացքը»։ Սփյուռքի թեմակալ առաջնորդները՝ 24 բարձրաստիճան հոգևորականներ, Սարդարապատի վերջին բախումը անարգանք են համարել ողջ քրիստոնյա հայության համար, Բարձրյալին խնդրում են, որ ողջամտություն պարգևի ոստիկաններին։