Մոսկվան ու Կարակասը դիվանագիտական ուղիներով համաձայնեցնում են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նոր այցի ժամկետները Ռուսաստան, «Իզվեստիա»-ին հայտնել են Վենեսուելայում ՌԴ դեսպանությունից։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Մադուրոյին 2025-ին Ռուսաստան այցելելու Պուտինի հրավիրերն ավելի վաղ փոխանցել էր Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն՝ Կարակաս աշխատանքային այցի շրջանակներում։ Նա նաև չէր բացառել, որ Վենեսուելայի նախագահի այցի ընթացքում երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիր ստորագրվի։
Մադուրոն Ռուսաստանում էր նաև հոկտեմբերին՝ BRICS-ի գագաթնաժողովին։ Հենց Կազանում կայացավ նրա հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։
Այսպիսով՝ Ռուսաստանը կարող է դառնալ առաջին երկիրը, որ Վենեսուելայի նախագահը պետական այց կկատարի 2025 թվականի հունվարին իր երդմնակալության արարողությունից հետո։
Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի նախագահի պաշտոնը 7-ամյա ժամկետով վերստին ստանձնեց այս տարվա հուլիսին՝ արյունալի բախումների ուղեկցությամբ։ Մադուրոյի հաղթանակի մասին հուլիսի 30-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունից հետո երկրի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Կարակասում, հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան՝ պաշտոնական տվյալներով ավելի քան 51 տոկոս քվե ստացած գործող նախագահից պահանջելով հեռանալ։
ԱՄՆ-ը և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ ևս չեն ճանաչում ընտրությունների արդյունքները: Եվրամիությունը և Ամերիկյան պետությունների կազմակերպությունը նույնպես կասկածի տակ են դնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արգենտինան Միջազգային քրեական դատարանից պահանջում է ձերբակալել Մադուրոյին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել