Մատչելիության հղումներ

Մադուրոն Վենեսուելայի նախագահի պաշտոնը կրկին ստանձնում է ցույցերի ու բախումների ուղեկցությամբ


Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի նախագահի պաշտոնը 7-ամյա ժամկետով վերստին ստանձնում է արյունալի բախումների ուղեկցությամբ։

Անցած գիշեր կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Մադուրոյին հաղթող թեկնածու հռչակվելուց հետո երկրի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Կարակասում, հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան՝ պաշտոնական տվյալներով ավելի քան 51 տոկոս քվե ստացած գործող նախագահից պահանջելով հեռանալ։

Նրա ընդդիմադիր մրցակիցը՝ Էդմունդո Գոնսալեսը, ըստ ԿԸՀ-ի, 44 տոկոս ձայն է ստացել։ Անկախ սոցհարցումները մինչդեռ հակառակ պատկերն են արձանագրել։

Ընդդիմությունը հայտարարեց, որ չի ճանաչում քվեարկության պաշտոնական տվյալները։ 71-ամյա նախկին դիվանագետ Գոնսալեսը պնդում է՝ անկախ հաշվարկները գործող նախագահի ջախջախիչ պարտության մասին են վկայում։

«Մեր ձեռքերում են այն հաշվարկները, որոնք ցույց են տալիս մեր միանշանակ և մաթեմատիկորեն անշրջելի հաղթանակը», - ասել է նա։

Ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի խոսքով՝ իրենց իրականացրած քվեների հաշվարկի համաձայն՝ իրենց թեկնածուի օգտին է քվեարկել 5 միլիոն 270 քաղաքացի, մինչդեռ իշխանության թեկնածուն հավաքել է ընդամենը 2 միլիոն 750 հազար քվե։

Մադուրոն, սովորության համաձայն, հերքում է ընտրակեղծարարության մեղադրանքները, առանց ապացույցներ վկայակոչելու հայտարարում, որ իր հետագա պաշտոնավարման դեմ բողոքի ցույցերը հեղաշրջման փորձ է, որը «ֆաշիստական և հակահեղափոխական ուժերն» իրականացնում են օտար պետությունների ցուցումով։

«Մենք այս ֆիլն արդեն դիտել ենք և գիտենք ինչպես դիմակայել նման իրավիճակներին և ինչպես հաղթել բռնությանը», - ասել է նա։

Կոշտ հայտարարություններին զուգահեռ Մադուրոյի կառավարության ավանդական արձագանքը հետընտրական բողոքի ցույցերին ևս չուշացավ․ երեկ նախագահական նստավայրը հսկող ուժայիններն ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ բողոքող ցուցարարների դեմ կիրառեցին գրեթե ողջ զինանոցը՝ արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ, ռետինե մահակներ։ Ցուցարարներն ի պատասխան ոստիկանների ուղղությամբ նետում էին քարերով շշեր։

«Մենք ազատություն ենք ուզում, հոգնել ենք այս իշխանություններից, փոփոխություն ենք ուզում։ Մենք ցանկանում ենք ազատ լինել Վենեսուելայում։ Մենք ուզում ենք, որ մեր ընտանիքները վերադառնան, ուզում ենք ազատ լինել մեր ընտանիքներով», - հայտարարում են քաղաքացիները։

Նախորդ ընտրությունները ևս վիճահարույց էին

Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի նախագահի պաշտոնը ստանձնում է արդեն երրորդ անգամ, երկրի իշխանության ղեկին է 2013 թվականից։ Նախորդ վիճահարույց ընտրությունները, որի արդյունքները ևս մերժեցին արևմտյան գրեթե բոլոր երկրները՝ հրաժարվելով ճանաչել Մադուրոյին որպես լեգիտիմ նախագահ, նույնպես ուղեկցվել են հետընտրական բախումներով։ Ավտոբուսի նախկին վարորդը, սակայն, չընկրկեց՝ անտեսելով թե՛ ներքին, թե՛ միջազգային ցավոտ ճնշումները։

Վենեսուելան՝ աշխարհի ամենաաղքատ պետություններից մեկը

Ավտորիտար կառավարումից բացի, Մադուրոյին մեղադրում են տնտեսական քաղաքականությունը ձախողելու համար։ Էներգառեսուրսներով հարուստ, երբեմնի բարեկեցիկ երկիրը մի քանի տարվա ընթացքում դարձել է աշխարհի ամենաաղքատ պետություններից մեկը, որը լքում են միլիոնավոր քաղաքացիներ` մեկնելով արտագնա աշխատանքի։ Վենեսուելայից արտագաղթը համարվում է Լատինական Ամերիկայի նորագույն պատմության մեջ ամենախոշոր միգրացիոն հոսքը։

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերատեսչության տվյալներով՝ Վենեսուելայի 7,7 միլիոն քաղաքացի բնակվում է երկրի սահմաններից դուրս, ինչը 34 միլիոն ազգաբնակչության ավելի քան 22 տոկոսն է։ Այս ցուցանիշով հարավամերիկյան այդ երկիրը գերազանցում է ավելի քան մեկ տասնամյակ պատերազմի մեջ գտնվող Սիրիային, Ռուսաստանի արյունալի հարձակմանը դիմակայող Ուկրաինային։

Մադուրոն տարիներ շարունակ փորձում է համոզել, որ տնտեսական ճգնաժամի, միգրացիոն հոսքի գլխավոր պատճառը Միացյալ Նահանգների և այլ երկրների կողմից իր կառավարության դեմ սահմանված պատժամիջոցներն են։ Սակայն, նավթային պատժամիջոցները, որոնք իսկապես ծանր հարված են հասցրել Վենեսուելայի տնտեսությանը, սահմանվել են 2019-ին։ Մինչդեռ խնդիրների երկիրը բախվել է դրանից մի քանի տարի առաջ, և ՄԱԿ-ը Վենեսուելայում բնակչության կտրուկ կրճատում է արձանագրում դեռևս 2017-ից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG