Մատչելիության հղումներ

Բողոքի ցույցեր, բախումներ Վենեսուելայում, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել


Վենեսուելայում զանգվածային բողոքի ցույցեր են մեկնարկել գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի վերընտրվելու դեմ։

Երեկ հազարավոր քաղաքացիներ Կարակասի փողոցներ են դուրս եկել։ Բողոքի ցույցեր են եղել նաև Ազգային ընտրական գրասենյակների շենքերի մոտ։

Կարակասում ցույցերը ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։

«Նախ, նրանք [ցուցարարները] հարվածում էին կաթսաներին ու թավաներին՝ բողոքելով, որ Մադուրոն իրեն հաղթող է հռչակել, հետո լարվածությունը սկսեց աճել», - գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ շարունակելով․ - «Հազարավոր ցուցարարներ շարժվեցին դեպի կենտրոն և նախագահական պալատ: Փողոցներում մեքենաներ, անվադողեր, աղբ են այրում։ Բախումներ սկսվեցին ցուցարարների և զինված ոստիկանների միջև»։

Ըստ BBC-ի՝ նախագահական նստավայրի մոտ ուժայինները ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել։

Ավելի վաղ Կարակասի և երկրի այլ ընտրատեղամասերում բախումներ էին գրանցվել ընդդիմության ներկայացուցիչների և Մադուրոյի կողմնակիցների միջև։

Վենեսուելայում անկարգությունների ժամանակ 23 զինվորական է տուժել, հաղորդել է երկրի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածների մասին չնշելով։

Բողոքի ցույցեր Վենեսուելայում, 29-ը հուլիսի, 2024թ․
Բողոքի ցույցեր Վենեսուելայում, 29-ը հուլիսի, 2024թ․

Ցուցարարները դժգոհ են ընտրությունների արդյունքներից։ Հուլիսի 28-ին կայացած ընտրություններում քվեաթերթիկների 80 տոկոսի հաշվարկով, ըստ Ազգային ընտրական խորհրդի, Մադուրոն ստացել է ձայների 51,2 տոկոսը, ընդդիմադիր թեկնածու Էդմունդո Գոնսալեսը՝ ձայների 44 տոկոսը։ Ընտրությունների ամբողջական արդյունքները չեն հրապարակվել։

Ընդդիմությունը հայտարարել է, որ չի ճանաչում քվեարկության արդյունքները։ Օտարերկրյա դիտորդները կոչ են արել Վենեսուելային՝ հրապարակել ընտրությունների արդյունքների մանրամասները։ Ըստ անկախ սոցհարցումների՝ ընտրությունների հրապարակված արդյունքներն իրականությունը չեն արտացոլում։

Ամերիկյան Edison Research ընկերության կողմից անցկացված հարցումները ցույց են տվել, որ ընդդիմադիր թեկնածու Գոնսալեսը հաղթել է ավելի քան 30 տոկոսով:

Վաշինգտոնն, ինչպես նաև այլ երկրների կառավարություններ կասկածի տակ են դրել հրապարակված արդյունքները՝ պահանջելով ձայների ամբողջական հաշվարկ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Սպիտակ տունը լուրջ մտահոգություններ ունի, որ պաշտոնական արդյունքները չեն արտացոլում ժողովրդի կամքը։

Բրազիլիան, Եվրամիությունը ևս կոչ են արել ապահովել քվեարկության տվյալների թափանցիկությունը, մինչդեռ Ռուսաստանը, Կուբան, Հոնդուրասը և Բոլիվիան ողջունել են Մադուրոյի ենթադրյալ հաղթանակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG