Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդեց Ուկրաինայի արևելքում ևս երեք բնակավայր՝ Լեոնիդիվկան, Նովոուկրաինկան ու Շախտարսկեն գրավելու մասին: Վերջին երկուսը գտնվում են Կուրախովո քաղաքի մերձակայքում, որն ուկրաինական ուժերի լոգիստիկ կենտրոնն է Դոնեցկի հարավում։ Թեև երեկ հաղորդվել էր, որ ռուսական մի քանի խմբավորումներ մտել են ռազմավարական նշանակություն ունեցող այդ քաղաք, զինվորականները, սակայն, «Ազատության» լրագրողներին փոխանցել են՝ դեռ կարողանում են դիմակայել։
Տեղում աշխատող գերմանացի ռազմական լրագրող Յուլիան Ռյոպկեն էլ փոխանցել է, թե ռուսական ուժերը վերջին ամիսներին ակտիվորեն առաջ են գնում, քանի որ ուկրաինական բանակում մարդուժի զգալի պակաս կա։ Եթե իրադրությունը չփոխվի, առաջիկայում ռուսները կարող են օկուպացնել ոչ միայն Կուրախովոն, այլև Պոկրովսկը, ինչը շատ կթուլացնի ուկրաինական բանակի դիրքերը, զգուշացնում է նա։
«Մարդկային ուժն է հիմնական խնդիրը։ Դոնեցկի մարզում կան լավ պատերազմող ստորաբաժանումներ, բայց նրանք հոգնել են և նրանք պետք է հանգստանան։ Խնդիրն այն է, որ նրանց չեն կարողանում փոխարինել նոր ուժերով։ Եվ որպես հետևանք՝ մենք տեսնում ենք, թե ինչ արագ են առաջ գնում ռուսները, օրինակ, Կուրախովոյի մոտ», - նշել է Ռյոպկեն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսները ռմբակոծում են Ուկրաինայի բնակավայրերը, գրոհում մի քանի ուղղությամբՀյուսիսկորեացի զինվորները «լավագույն լուծումն են Կրեմլի համար»
Մինչ Ուկրաինան փորձում է ներքին ռեսուրսների հաշվին համալրել բանակը Ռուսաստանի հետ ավելի քան 2 հազար կիլոմետրանոց սահմանը պաշտպանելու համար, Ռուսաստանը դրսից է օգնություն բերում։ Կիևը, մասնավորապես, մի քանի շաբաթ է՝ ահազանգում է, թե Ռուսաստանը ռազմաճակատ է փոխադրում հյուսիսկորեացի զինվորներին։ Երեկ դա նաև Միացյալ Նահանգների պետքարտուղարն է հաստատել:
«Մեր գնահատականով՝ Ռուսաստանում ընդհանուր առմամբ կա մոտ 10 հազար հյուսիսկորեացի զինվոր: Եվ ամենավերջին տեղեկատվությունը ցույց է տալիս, որ Հյուսիսային Կորեայի այդ ուժերից մոտ 8 հազարը տեղակայվել են Կուրսկի մարզում: Մենք դեռ չենք տեսել, որ այդ զորքերը մասնակցեն ուկրաինական ուժերի դեմ գործողություններին, բայց ակնկալում ենք, որ դա տեղի կունենա մոտ օրերս», - հայտարարել է Էնթոնի Բլինքենը:
Պետքարտուղարը զգուշացրել է՝ եթե Փհենյանից եկած զինվորները մասնակցեն Ուկրաինայի դեմ մարտական կամ մարտական աջակցության գործողություններին, կդառնան օրինական ռազմական թիրախներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն հայտարարում է, որ Կուրսկի մարզում 8000 հյուսիսկորեացի զինվոր պատրաստ է մարտերինՈւկրաինայի նախագահը, սակայն, արևմտյան դաշնակիցներից առավել կոշտ ու գործուն քայլեր է ակնկալում:
«Պուտինն ուղղակի փորձում է Արևմուտքի, ՆԱՏՕ-ի երկրների, նաև՝ Հարավային Կորեայի արձագանքը։ Հիմա, այս բոլոր՝ եղած հայտարարություններից հետո Պուտինը կորոշի ավելացնել այդ զինվորների թիվը։ Արձագանքը, որ այսօր կա, զրո է, ոչինչ», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պատերազմը միջազգայնացվում է»․ Զելենսկին՝ Հարավային Կորեայի նախագահինՄոսկվան չի հերքում, որ Ուկրաինայի հետ սահմանին հազարավոր հյուսիսկորեացի զինվորականներ կան, սակայն հրապարակավ չի ասում, թե ինչ են նրանք այնտեղ անելու և արդյոք մասնակցելու են ռազմական գործողություններին։ Այս մասին վերջին անգամ խոսելիս Ռուսաստանի նախագահը հիշեցրել էր՝ Մոսկվան ու Փհենյանը ռազմական դաշինք են կնքել ու պարտավորվել օգնել միմյանց ռազմական ագրեսիայի կամ պատերազմի ժամանակ։ «Թե մենք ինչպես գործի կդնենք այդ դրույթը, մեր որոշելիքն է», - ասել էր Վլադիմիր Պուտինը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հյուսիսկորեացի զինծառայողները՝ «արդար խաղ» Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմումՀյուսիսային Կորեայի արտգործնախարարն էլ այսօր ռուս պաշտոնակցի հետ հանդիպմանը պնդել է՝ Փհենյանը կաջակցի Ռուսաստանին այնքան, մինչև Մոսկվան Ուկրաինայի դեմ պատերազմում հաղթանակի հասնի:
Ռազմական փորձագետներն այս օրերին գրում են, թե Պուտինը մտադիր չէ կանգնեցնել ռուսական բանակի հաջող առաջխաղացումը, միևնույն ժամանակ նա չի ուզում նոր մոբիլիզացիա հայտարարել՝ դժգոհության նոր ալիքից խուսափելու համար։ Հյուսիսկորեացի զինվորներն այս դեպքում լավագույն լուծումն են Կրեմլի համար։ Փհենյանն էլ, իր հերթին, այս համագործակցությամբ փորձում է դուրս գալ մեկուսացումից ու նաև ռազմական տեխնոլոգիաներ ստանալ Ռուսաստանից, ինչպես «սառը պատերազմի» ժամանակ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան վավերացրեց ռազմական դաշինքը Փհենյանի հետ