Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 31-ի գիշերը ուկրաինական 21 անօդաչու թռչող սարք է խոցվել։
Գերատեսչության տվյալներով՝ ութ անօդաչու թռչող սարք խոցել են Ռոստովի, հինգը՝ Կուրսկի, երեքը՝ Վոլգոգրադի, երկուսը՝ Բրյանսկի, մեկական ԱԹՍ Բելգորոդի և Վորոնեժի շրջանների և Սև ծովի վրա։
ՌԴ Հասարակական պալատի անդամ Վլադիմիր Ռոգովը հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները վեց անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Զապորոժիեի շրջանի Բերդյանսկ քաղաքի վրա, որը ռուսական բանակը գրավել է 2022-ի փետրվարին։ Նրա խոսքով՝ հարձակման թիրախը ծովային նավահանգիստն է։
Քաղաքի օկուպացիոն իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին մնալ տանը՝ «քաղաքի բնակելի թաղամասերի և ենթակառուցվածքների վրա հարձակվելու շարունակական փորձերի պատճառով»։ Հոկտեմբերի 31-ին դպրոցները, մանկապարտեզները և այլ հասարակական հաստատություններ չեն աշխատի։ Astra-ն գրում է, որ այսօր առավոտյան քաղաքում շարունակում են պայթյուններ լսվել:
Ուկրաինական կողմն էլ ավելի վաղ հայտնել է՝ ռուսական զինուժը հոկտեմբերի 30-ի երեկոյան հարվածներ է հասցրել Խարկովում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 34-ը