Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Սվետլոգրադում անօդաչու թռչող սարք է ընկել նավթի պահեստի վրա, հայտնել է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը Տելեգրամում։
Վլադիմիրովի խոսքով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը գիշերը ոչնչացրել է Ռուսաստանի կողմից արձակված 48 անօդաչու թռչող սարքերից 31-ը, իր հերթին հայտնել է Կիևի օդուժը։
Հաղորդվում է, որ արձակված երեք թևավոր հրթիռներից մեկը նույնպես ոչնչացվել է։
Ռուսաստանում՝ Բրյանսկում նոյեմբերի լույս 1-ի գիշերը անօդաչու թռչող սարքը հարվածել է բազմաբնակարան բարձրահարկ շենքին, մեկ մարդ վիրավորվել է, հայտնել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։
Կուրսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Սմիռնովն էլ նշել է, որ հոկտեմբերի 31-ի ժամը 19:00-ից մինչև նոյեմբերի 1-ի 00:30-ը Կուրսկի մարզի երկնքում խոցվել է 61 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Պատերազմի պայմաններում լրատվամիջոցներին չի հաջողվում ստուգել հակամարտող կողմերի հայտարարությունները։