Մատչելիության հղումներ

Ռուսները ռմբակոծում են Ուկրաինայի բնակավայրերը, գրոհում մի քանի ուղղությամբ


Ուկրաինա - Ռուսական զորքերի կողմից ռմբակոծված բարձրահարկ շենքը Խարկովում, 30-ը հոկտեմբերի, 2024թ.
Ուկրաինա - Ռուսական զորքերի կողմից ռմբակոծված բարձրահարկ շենքը Խարկովում, 30-ը հոկտեմբերի, 2024թ.

Երեկ երեկոյան ռուսական զորքերը ռմբակոծել են Խարկովի 9-հարկանի բնակելի շենքերից մեկը: Քաղաքային իշխանությունների տվյալներով` զոհվել է 12 տարեկան երեխա, առնվազն 34 մարդ՝ վիրավորվել։

Խաղաղ բնակավայրերի չդադարող ռմբակոծություններին զուգահեռ, ռուսներն ակտիվորեն գրոհում են ուկրաինական դիրքերը միանգամից մի քանի ուղղությամբ: Հատկապես թեժ են մարտերը Կուրախովո քաղաքի համար, որն ուկրաինական ուժերի լոգիստիկ կենտրոնն էր Դոնեցկի հարավում: Տեղից ստացվող հաղորդումների համաձայն, ռուսական զորքերի մի խմբավորում արդեն ներխուժել է ռազմավարական նշանակության այդ քաղաք, հարձակումները շարունակվում են նաև հյուսիսից՝ Սելիդովոյից և հարավից՝ Ուգլեդարից, որն ամիսներ առաջ է անցել ռուսների վերահսկողության տակ։ Եթե ուկրաինացիները ստիպված լինեն նահանջել նաև Կուրախովոյից, փաստացի, Դոնեցկի ողջ արևմտյան հատվածը կանցնի Ռուսաստանի վերահսկողության տակ։

Ռազմական փորձագետ Ռոման Սվիտանը, սակայն, հորդորում է ժամանակից վաղ ենթադրություններ չանել փլուզվող ճակատի վերաբերյալ:

«Փլուզումն այն է, երբ ինչ-որ հատվածում մի քանի տասնյակ կիլոմետր խորության վրա մեր զորքերը նահանջեն։ Նման իրավիճակ դեռ չկա։ Սակայն եթե գրավեն ռազմավարական նշանակության Կուրախովոն, նման տխուր սցենարը հնարավոր է։ Ամեն դեպքում, ուկրաինական բանակը փորձում է կանգնեցնել ռուսներին կան գոնե դանդաղեցնել նրանց առաջխաղացումը, ինչպես տեղի ունեցավ Պոկրովսկի մոտ», - ասում է փորձագետը:

Թեժ մարտեր են նաև Ռուսաստանի տարածքում՝ Կուրսկի մարզում, առայժմ ռուսական բանակին չի հաջողվում դուրս մղել ուկրաինացիներին։ Կրեմլում, այդուհանդերձ, այս փաստը հազվադեպ են հիշատակում՝ նախընտրելով խոսել ռուսական բանակի հաջողությունների մասին։ Ճակատում ռուսների հաջողություններն ակնհայտորեն նյարդայնացնում են Կիևին, այսօր ասել է Կրեմլի խոսնակը։

Դմիտրի Պեսկովը պնդել է, թե հենց այդ անհանգստությունն է ստիպել Ուկրաինայի նախագահին հեռահար՝ Tomahawk հրթիռներ խնդրել Միացյալ Նահանգների նախագահից։ Զելենսկու այդ խնդրանքի մասին երեկ The New York Times-ն էր հաղորդել՝ հղում անելով իր աղբյուրներին։ Թերթը գրել էր միաժամանակ, որ Բայդենը մերժել է Կիևի այդ խնդրանքը։ Երեկ Զելենսկին ամերիկյան թերթի հրապարակումը հաստատել էր, բայց և նախատել Սպիտակ տանը գաղտնի տեղեկության արտահոսքի համար։

Մոսկվան պարբերաբար զգուշացնում է՝ արևմտյան զենքով Ռուսաստանի տարածքին հարվածելու դեպքում պատերազմի աշխարհագրությունը կընդարձակվի, մյուս կողմից՝ ցուցադրաբար խորացնում հարաբերությունները Միացյալ Նահանգների հիմնական մրցակից Չինաստանի հետ:

Այսօր արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի Եվրասիական հարցերով հատուկ ներկայացուցիչ և Ուկրաինայի հարցով պատասխանատու Լի Հուեի հետ՝ Մինսկում կայացած անվտանգության խորհրդաժողովի շրջանակում։ Երեկ էլ երկու երկրների փոխարտգործնախարարներն էին հանդիպել՝ կրկին ուկրաինական պատերազմում իրավիճակը քննարկելու համար։ Բանակցություններից հետո Պեկինը հայտարարել էր, թե ռուս-չինական կապերն ամուր են, և աշխարհքաղաքական փոփոխությունները դրանց վրա չեն կարող ազդել։

XS
SM
MD
LG