Վրաստանում բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնության և մարդու իրավունքների այլ խախտումների պատճառով Մեծ Բրիտանիան կսահմանափակի Վրաստանի կառավարության հետ փոխգործակցությունն ու համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է արտգործնախարար Դևիդ Լամմին:
«Ընթացիկ իրադարձությունների լույսի ներքո Մեծ Բրիտանիան անհապաղ կկասեցնի ծրագրային ողջ աջակցությունը Վրաստանի կառավարությանը, կսահմանափակի պաշտպանության ոլորտում համագործակցությունը և կսահմանափակի փոխգործակցությունը «Վրացական երազանք»-ի կառավարության ներկայացուցիչների հետ, քանի դեռ չի դադարեցվել եվրոպական ժողովրդավարական նորմերից և ազատություններից այս շեղումը»,- ասվում է տարածված հայտարարությունում, որը նաև դատապարտում է ցուցարարների և լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունը։
Երեկ գիշեր և այսօր Թբիլիսիում և ողջ Վրաստանում շարունակվել են կառավարության հրաժարականը պահանջող բողոքի ակցիաները: Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ, սակայն, չեն եղել:
Օրեր առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը, իսկ ավելի ուշ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց «Վրացական երազանք»-ի դեմ նախատեսվող լրացուցիչ պատժամիջոցների մասին: Թե կոնկրետ ինչ պատժամիջոցների մասին է խոսքը, պետքարտուղարը չէր մանրամասնել։
Բլինքենը դատապարտել էր «Վրացական երազանք»-ի «դաժան և չարդարացված բռնությունները Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, լրատվամիջոցների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ» և իշխող ուժին կոչ էր արել դադարեցնել բռնաճնշումները:
Օրերս «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների դեմ պատժամիջոցներ էր սահմանել նաև Լիտվան: Սև ցուցակում ներառված 11 պաշտոնյաների թվում էին կուսակցության փաստացի ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց մուտքը Լիտվա արգելվել է:
Դեկտեմբերի 5-ին «Վրացական երազանք»-ի 20 ներկայացուցչի նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել նաև Ուկրաինան:
Վրաստանում բողոքի ակցիաներն սկսվեցին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, թե մինչև 2028 թվականը կասեցվում են Եվրոպական միության հետ անդամակցության շուրջ բանակցությունները: Վերջին օրերին կառավարության հեռացման պահանջով հազարավոր քաղաքացիներ Թբիլիսիի փողոցներում ցույցեր էին անում, որոնք ուղեկցվում են ուժայինների հետ բախումներով։ Տասնյակ մարդիկ են հոսպիտալացվել ոստիկանական հատուկ միջոցների կիրառման հետևանքով, ավելի քան 250 ցուցարար է ձերբակալվել: