Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի և Վրաստանի կառավարության որոշ անդամների դեմ։
Փաստաթղթի համաձայն՝ սև ցուցակում է հայտնվել 19 անձ, այդ թվում՝ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին, ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն, ինչպես նաև դատավորներ և պատգամավորներ։
«Սրանք պատժամիջոցներ են Վրաստանի կառավարության այն հատվածի դեմ, որ Վրաստանը հանձնում է Պուտինին», - հայտարարել է Զելենսկին։
Վրաստանում բողոքի ակցիաներն սկսվեցին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Թբիլիսին մինչև 2028 թվականը կասեցնում է Եվրամիության հետ բանակցությունները:
Զելենսկին պատժամիջոցների ենթարկված անձանց մեղադրել է «Վրաստանի և նրա ժողովրդի շահերը վաճառելու» մեջ և կոչ է արել Ուկրաինայի եվրոպացի գործընկերներին և ԱՄՆ-ին՝ ևս միջոցներ ձեռնարկել։