Վրաստանի քաղաքական ցնցումները Հայաստանի, Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի վրա, անկասկած անմիջական ազդեցություն կարող են ունենալ, «Ազատության» հետ զրույցում, նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը՝ նկատելով՝ եթե Վրաստանն այսպես շարունակի, և եթե իրավիճակն ավելի վատանա, Հայաստանի համար [Եվրոպայի հետ ինտեգրումը] կարող է ավելի բարդ դառնալ։
Վրաստանում բողոքի ակցիաների նոր ալիքը հաջորդեց վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը, որ Թբիլիսին մինչև 2028 թվականը կասեցնում է Եվրամիությանն անդամակցության բանակցությունները: Կառավարության հրաժարականի պահանջով հազարավոր քաղաքացիներ Թբիլիսիի փողոցներում ցույցեր են անում, որոնք ուղեկցվում են ուժայինների հետ բախումներով։
Վարդանյանի խոսքով՝ եթե Վրաստանում տնտեսական դժվարություններ սկսվեն և երկրի դեմ պատժամիջոցներ կիրառվեն, ապա Հայաստանը նույնպես ստիպված կլինի դա զգալ երկու երկրների միջև գոյություն ունեցող որոշակի տնտեսական հարաբերությունների պատճառով։
«Ես բավականին շատ եմ լսել Երևանում, այս ամբողջ շահարկումը, որ եթե Վրաստանը հիմա չեղարկի իր ինտեգրումը, դա կնշանակի, որ Հայաստանը պետք է նույնպես չեղարկի դա։ Կարծում եմ, որ իրականում Վրաստանի ներկայիս ճգնաժամը, ինչպես նաև Վրաստանի նորագույն պատմությունը այլ բան են հուշում։ Երբ, օրինակ, Վրաստանին և Ուկրաինային եվրաինտեգրման առումով նույն փաթեթի մեջ էին դիտարկում, իսկ հետո ինչ-որ պահի Ուկրաինան չեղարկել է իր ծրագիրը Վիկտոր Յանուկովիչի իշխանության գալու պատճառով, Եվրամիությունն այն ժամանակ ասաց Վրաստանին, որ դուք կարող եք շարունակել աշխատել մեզ հետ միասին, և մինչև Ուկրաինան վերադառնա այդ ուղու վրա, դուք շատ ավելի ուժեղ և ավելի պատրաստված կլինեք մեզ հետ մերձենալու համար: Եվ դա ճիշտ էր», - ասաց քաղաքական վերլուծաբանը՝ շեշտելով․ -«Կարծում եմ, որ Հայաստանը միանշանակ կարող է դաս քաղել այս ամենից»։
Վարդանյանը միևնույն ժամանակ չի բացառում՝ աշխարհագրության հետ կապված խնդիրներ կան։
«Հայաստանը խոցելի վիճակում է գտնվում և նրա որոշ հարևանները պարտադիր չէ, որ բարեկամական են տրամադրված նրա հանդեպ։ Իրականում նրանք պատրվակ են փնտրում [Հայաստանի համար] էլ ավելի շատ խնդիրներ ստեղծելու համար։ Բայց եթե Հայաստանը որոշի գնալ այս ճանապարհով և շարունակել իր ինտեգրումը Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ, դա իրականում ավելի մեծ անվտանգություն և կայունության ավելի մեծ հեռանկար կբերի երկրին՝ հատկապես երկարաժամկետ հեռանկարում», - ասաց Վարդանյանը:
Օլեյսա Վարդանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․