Մայրաքաղաք Բեյրութում ու ողջ երկրում այս պահին որևէ ապահով շրջան չկա, իրավիճակն են նկարագրում արդեն մեկ շաբաթ իսրայելական հարվածների թիրախում գտնվող Լիբանանում ապրող մարդիկ։ Հազարավոր ներքին տեղահանվածներ ու հարյուրավոր զոհեր՝ անցյալ շաբաթ սկսված Իսրայելի ու «Հեզբոլա»-ի հակամարտության հետևանքով: Իսրայելի թիրախում է անգամ մայրաքաղաք Բեյրութը, որը ևս այսօր հարված է ստացել:
«Ապահով շրջան չկա, ուր որ շիա համայնքի ղեկավարությունը ապաստան է գտնում, եթե իրենք իմանան, թե այսինչ շենքում են բնակվում, այդ շենքը որ քաղաքում էլ լինի, օդանավով հրթիռ են արձակում և սպանում ղեկավարին: Մոտավորապես 200 ահաբեկում է եղել երկու օրվա ընթացքում, այսինքն՝ շաբաթ և կիրակի», - «Ազատությանը» փոխանցեց Բերյութում բնակվող Համբարձում Թորոսյանը:
Նրա խոսքով՝ քաղաքում կյանքն ու տնտեսությունը գրեթե կանգնած է, փակ են դպրոցները, փողոցներում քայլողներ գրեթե չկան, մարդիկ մտահոգ են, տագնապած։
«Մենք էլ Լիբանանում նույնն ենք: Թեև շիա համայնքն է թիրախը, բայց ընդհանուր Լիբանանը անդամալուծված է, հայկական թաղամասերը ամայի են, Բեյրութի շրջանը ամայի է, պատերազմական վիճակ է, ամեն վայրկյան կարող են օդանավերը գան և ռմբակոծեն: Նույնիսկ հայկական թաղամասերում եթե վտանգ տեսնեն, կգան և կարող են ռմբակոծել: Այդ պատճառով ժողովուրդը զգուշավոր է, դպրոցները, համալսարանները՝ ամենը փակված են», - նշեց Թորոսյանը:
Վերջին տարիներին Լիբանանում բնակվող հայերի թիվն արտագաղթի պատճառով շարունակ կրճատվել է ու այժմ մոտավոր հաշվարկներով շուրջ 50 հազար է, նրանց մեծ մասը կենտրոնացած է մայրաքաղաքում։
Ըստ Հայաստանի դեսպանի՝ «Արմենպրես»-ին տված հարցազրույցի՝ Լիբանանում տուժածների շրջանում հայեր չկան։ Դեսպան Վահագն Աթաբեկյանի խոսքով՝ «Լիբանանի հայաբնակ շրջաններն այս պահին անմիջականորեն վտանգված չեն, ուստի ներկայում տարհանում կազմակերպելու կարիք չկա»։
Այնուամենայնիվ, տեղացիների խոսքով, ասել, թե հիմա Լիբանանում կա չվտանգված տարածք, ճիշտ չէ։
«Բարեբախտաբար, հայկական թաղամասերը մի քիչ հեռու են այս շրջաններից, բայց ապահով շրջան չկա», - ընդգծեց Թորոսյանը:
Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ երկրում այժմ աննախադեպ է ներքին տեղահանվածների թիվը՝ մոտ 1 միլիոն, այս մարդիկ Իսրայելի հետ սահմանակից հարավային շրջաններից տեղափոխվել են դեպի հյուսիս, այդ թվում՝ Բեյրութ, որտեղ փորձում են հազարավոր մարդկանց անօթևան չթողնել, դադարեցված է ուսումնական գործընթացը, դպրոցներում ևս մարդիկ են տեղավորվել։
«Այս իրադարձության մեջ շատ ահավոր է ժողովրդի վիճակը: Շատ բնակարաններից հեռացել է ժողովուրդը, անպատսպար են, թափառական, փողոցներում, կամուրջների տակ, հրապարակներում քնում են, պառկում գետնին», - պատմեց Համբարձում Թորոսյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իսրայելը շարունակում է հրթիռակոծել Լիբանանի տարածքըՄերձավոր Արևելքում իրավիճակի սրումից ի վեր Իսրայելն առաջին անգամ հարվածել է Բեյրութի կենտրոնինԱնորոշության ու տագնապի շրջան լիբանանցիների, այդ թվում՝ հայ համայնքի համարԼիբանանում գործող ու ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ին հարվածներ հասցնող Իսրայելի հյուսիսային շրջաններում ևս կյանքը բնականոն ռիթմով չի ընթանում, 70-100 հազար իսրայելցիներ ոչ թե վերջին օրերին, այլ վերջին մեկ տարվա ընթացքում են տեղահանվել իրենց տներից, երբ Լիբանանի տարածքից «Հեզբոլա»-ն հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսին, պատմում է «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։
«Եվ արդեն շուտով լրանում է այս պատերազմի մեկ տարին, որ Իսրայելը, հոկտեմբերի 7-ի երեկոյան վարչապետ Նեթանյահուն հայտարարեց պատերազմի մասին, գրեթե մեկ տարի է՝ «Հեզբոլա»-ն ամեն օր հրթիռահարում է Իսրայելի հյուսիսային շրջանները: Այնպես չէ, որ միայն նոր են արթնացել և հիմա նոր հրթիռահարում են: Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 8-ից հետո, երբ «Հեզբոլա»-ն սկսեց հրթիռահարել Իսրայելի հյուսիսային շրջանները, պաշտոնապես ավելի քան 75 հազար մարդ լքել է իրենց տները», - «Ազատությանը» փոխանցեց Չերնամորյանը:
Իսրայելը տեղահանված այս մարդկանց տրամադրել է կացարաններ, սակայն նրանց մեծ մասը պատերազմի հետևանքով կորցրել է տունն ու աշխատանքը, Իսրայելի հյուսիսային հատվածի բնակավայրերի մեծ մասն ավերված է։