Կրասնովի հետ հանդիպմանը Վարդապետյանի կողմից «արտահայտված մտահոգություններ չկան, չեն հնչել»

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Աննա Վարդապետյանը և Իգոր Կրասնովը, Երևան, 4-ը հոկտեմբերի, 2024թ.

Արդյո՞ք Հայաստանում գտնվող ռուսաստանցի գործընկերոջ հետ հանդիպմանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բարձրացրել է Հայաստանի կողմից հետախուզվողների արտահանձնման, նաև պատերազմական հանցագործության համար հետախուզվող ադրբեջանցուն Երևանի փոխարեն Բաքվին հանձնելու հարցը։

Դատախազության պաշտոնական հաղորդագրությունում այդ մասին որևէ խոսք չկա։ Հաղորդվում է միայն, որ Աննա Վարդապետյանն ու Իգոր Կրասնովը ստորագրել են համագործակցության 2025-2026 թվականների ծրագիր, որի բովանդակությունից ևս մանրամասներ չեն հաղորդվում։ Նշվում է միայն, որ Վարդապետյանը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ կառույցների միջև առկա փոխգործակցության մակարդակը, խոսել այն զարգացնելու ներուժից։

Կրասնովն, իր հերթին, ընդգծել է, որ երկու երկրների դատախազությունների միջև ջերմ հարաբերությունները նպաստում են երկու գերատեսչությունների միջև արդյունավետ փոխգործակցությանը:

«Հավանաբար չունի այդ խիզախությունը»

«Հավանաբար չունի այդ խիզախությունը, եթե լիներ, ապա պաշտոնական հայտարարության մեջ կլիներ, որ հայկական կողմը նման պահանջներ է ներկայացրել կամ մտահոգություններ է արտահայտել: Արտահայտված մտահոգությունները չկան, չեն հնչել՝ գոնե էս պահի դրությամբ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Հարությունյանը Դատախազության պաշտոնական հաղորդագրությունն ընթերցել է ու չի տեսել, օրինակ, ադրբեջանցի Քամիլ Զեյնալիի մասին տեղեկություն։ Հենց Ռուսաստանի դատախազությունն էր փետրվարին Հայաստանի պահանջով ձերբակալել, բայց արդեն իր իսկ որոշմամբ ազատ արձակել 2020 թվականի պատերազմի օրերին հայ անզեն ծերունուն գլխատելու համար մեղադրվող ադրբեջանցուն, որն էլ անմիջապես մեկնել էր Բաքու։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Տարեց բնակչին գլխատելու համար կասկածվող ադրբեջանցուն Երևանին հանձնելու թղթերն ուղարկվել են ՄոսկվաՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցին Մոսկվայից վերադարձել է ԲաքուՄոսկվայում ձերբակալվել, ապա ազատ է արձակվել ՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցին

Արդյո՞ք Վարդապետյանը հարցրել է Կրասնովին, թե ինչո՞ւ և ի՞նչ հիմքով նման որոշում կայացրեց, նկատում է իրավապաշտպանն ու ընդգծում՝ մինչև հիմա էլ հանրությունը չի լսել այս հարցերի պատասխանը։

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» միայն փոխանցեցին՝ հանդիպման վերաբերյալ պատասխան տրվել է մամուլի հաղորդագրությունում։

«Հնարավոր է, որ խոսել են, բայց մեզ հետաքրքրում է այն, ինչ հրապարակվում է, որովհետև հրապարակված մասն է, որ արտահայտում է երկրի և պետության դիրքորոշումը այս կամ այն դեպքին կամ այս կամ այն զարգացումներին։ Եթե ներքին խոհանոցում, սուրճի սեղանի մոտ, ես չգիտեմ, անձնական զրույցների ժամանակ ինչ զրույցներ են լինում, դրանք երկրորդական են, կարծում եմ», - նշեց Հարությունյանը:

Հայտնի չէ նաև՝ արդյո՞ք ռուսաստանցի գործընկերոջ առջև գլխավոր դատախազը բարձրացրել է մոտ մեկ տասնյակ հայաստանցի հետախուզվողների հարցը։

Կոռուպցիոն հանցագործություններից մինչև 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների գործերով նախկին իշխանության ներկայացուցիչ մեղադրյալներ՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որ, հեռանալով Հայաստանից, այժմ դասավանդում է Ռուսաստանի դատախազության ակադեմիայում, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, որ Ռուսաստանից հարցազրույցներ է տալիս լրագրողներին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, նախկին քննիչ Վահագն Հարությունյանը, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը և այլոք։

Արդյո՞ք երկու երկրների դատախազների ստորագրած համագործակցության 2025-2026 թվականների ծրագրում կան այս հարցերի մասին դրույթներ, պարզ չէ։

Դատախազության հաղորդագրությունում ու տարածած տեսանյութում արդեն ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների հետ հանդիպմանը Հայաստանի գլխավոր դատախազը մի քանի ոլորտի է անդրադարձել՝ կոռուպցիայի դեմ պայքար, պետական շահերի պաշտպանություն, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում, միջազգային համագործակցություն՝ երկրից դուրս բերված ակտիվների վերադարձ և այլն։

«Խոսելով կոռուպցիայի մասին՝ մենք նկատի ունենք կազմաքանդում, կազմաքանդում սահմանադրական կարգի, իրավակարգի, անվտանգության և ժողովրդավարական պետության տնտեսական զարգացման», - հայտարարել է Աննա Վարդապետյանը:

Հարցրե՞լ է արդյոք Սետրակովի մասին

Իրավապաշտպան Անի Չատինյանը, որ ևս ծանոթացել է Հայաստանի գլխավոր դատախազի այս ելույթին ու պաշտոնական հաղորդագրություններին, հարցնում է՝ արդյո՞ք Աննա Վարդապետյանը ռուսաստանցի գործընկերոջը հարցրել է այդ երկրի քաղաքացի Դմիտրի Սետրակովի մասին:

«Այս դեպքում չեն գործել ո՛չ իրավական փոխօգնության պայմանները, ո՛չ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կամ միջազգային պարտավորություններով ստանձնած իրավական ակտերը կոնվենցիոն նորմերի շրջանակներում, այլ ուղղակի քաղաքացին, ով ապաստան հայցելու նպատակով եկել էր Հայաստան, առևանգվում է Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի աշխատակիցների կողմից», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Չատինյանը:

Ուկրաինայի դեմ պատերազմելուց հրաժարված 39-ամյա տղամարդն անցած տարի փախուստի էր դիմել և ռուս իրավապաշտպանների օգնությամբ հասել Հայաստան։ Մեկ շաբաթ չանցած նրան Գյումրիի փողոցներից մեկում առևանգել էին ռազմաբազայի աշխատողները, մեղադրանք ներկայացրել դասալքության համար, տարել Ռուսաստան։ Հայաստանցի իրավապաշտպաններն այստեղ օրենքի կոնկրետ խախտում էին տեսել՝ հայտարարելով, որ ռազմաբազայի ներկայացուցիչները Հայաստանի տարածքում որևէ մեկին ձերբակալելու իրավունք չունեն, դա տեղի ոստիկանների գործն է։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ դիմել էր Դատախազություն, բայց հայաստանյան իրավապահները որևէ կերպ չմիջամտեցին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ի՞նչ են ստուգում իրավապահները քրեական գործ չհարուցելուց հետո. իրավապաշտպանՎարչապետը հայտարարել է՝ անհանգստացած է Սետրակովի հետ տեղի ունեցածից և հիմա հետաքննություն է անցկացվումԻրավապաշտպանները շարունակում են բողոքել Սետրակովի հարցում ՀՀ իրավապահների անգործությունիցՍետրակովի էքստրադիցիայի միջնորդություն Գլխավոր դատախազությունում «չի ստացվել, չի բավարարվել»

Բելառուսի դատախազը պահանջել է հանձնել իրենց քաղաքացիներին

Եվ մինչ հայաստանցի իրավապաշտպանները զբաղվում են նաև Բելառուսից Հայաստան փախած այդ երկրի քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ, Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը Հայաստանի իր պաշտոնակցից պահանջել է իրենց հանձնել այդ քաղաքացիներին։ Բելառուսի դատախազության հաղորդագրության համաձայն՝ Հայաստանն այս տարվա ընթացքում մի քանի անգամ հրաժարվել է արտահանձնել մեղադրյալներին։ Նրանք առնվազն երեքն են, որոնք մեղադրվում են նույն հոդվածով՝ տարիներ առաջ մասնակցել են այդ երկրի նախագահ Լուկաշենկոյի դեմ կազմակերպված ցույցերին։ «Ազատության» տվյալներով՝ նրանցից երկուսին Հայաստանն արդեն ապաստան է տվել, սա նշանակում է, որ արտահանձնում չի կարող լինել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայ-վրացական սահմանից բերման ենթարկված բելառուսցի կինն ազատ է արձակվել Նովիկովին ՀՀ-ում քաղաքական ապաստան տալու հարցը Սիմոնյանը Տիխանովսկայայի հետ չի քննարկելՀայաստանում կալանավորված բելառուսցի ընդդիմադիրը քաղաքական ապաստան է հայցումՀայաստանից քաղաքական ապաստան խնդրող 24-ամյա բելառուսցին 40 օրով կալանավորվել է

Ի դեպ, Բելառուսի դատախազի հետ հանդիպման մասին հաղորդագրությունում հայկական կողմը ոչինչ չի նշել Մինսկի արտահանձնման պահանջի մասին։ «Ազատության» այս հարցին էլ Դատախազությունից այսօր չեն պատասխանել։