Մատչելիության հղումներ

Մոսկվայում ձերբակալվել, ապա ազատ է արձակվել ՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցին


Քամիլ Զեյնալին՝ իր փաստաբանի հետ
Քամիլ Զեյնալին՝ իր փաստաբանի հետ

Մոսկվայում մի քանի ժամով ձերբակալված ադրբեջանցին, որ հետախուզվում է Հայաստանի կողմից պատերազմական հանցանքի համար, ազատ է արձակվել՝ լրատվամիջոցներին հայտնել է նրա փաստաբանը։

Թե ինչո՞ւ ռուսական կողմն ազատ արձակեց 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում տարեց ու անզեն բնակչին գլխատելու համար կասկածվող Քամիլ Զեյնալիին, պարզ չէ։

Հայտնի ֆիթնես բլոգերին ռուս ոստիկանները գիշերն էին ձերբակալել «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ Բաքու վերադառնալիս։ Ձերբակալության ժամանակ նա ուղիղ եթերով պատմել էր, որ իրեն են մոտեցել ոստիկանները, հայտնել, որ Հայաստանն իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել դեռ անցած տարվա մայիսից, և որ նա պետք է Ռուսաստանում կանգնի դատարանի առջև։

«Ես արդեն երրորդ անգամն եմ Ռուսաստանում, բայց միայն հիմա են ինձ ձերբակալում, հույս ունեմ, որ մեր պետական կառույցները կաջակցեն ինձ», - հայտարարել է Զեյնալին։

Հայաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանն «Ազատության»-ը փոխանցեց՝ ռուսական կողմից ստացել են հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկատվությունը և հաստատել, որ նրան են փնտրում։ Բայց թե ինչո՞ւ են ռուսները նրան ազատ արձակել, դեռ տեղեկություն չունեն։

«Նշված անձի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում», - նշեց Սարգսյանը:

Զեյնալիի փաստաբանն ադրբեջանական լրատվամիջոցներին փոխանցել էր, որ պաշտպանյալի նկատմամբ մեղադրանք կա Հայաստանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով: Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունն էլ այսօր հայտարարել էր, որ զբաղվում է Զեյնալիի հարցով։

«Նրան ձերբակալել են Հայաստանի դիմումի համաձայն, բայց սա դեռ չի նշանակում, որ նրան կնստեցնեն ինքնաթիռ ու կուղարկեն Հայաստան, այդպես չի լինում։ Հիմա մենք սպասում ենք դատարանի որոշմանը, որն էլ կպարզի՝ որքանով է հիմնավոր Հայաստանի դիմումը», - ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբլօղլին։

Սպանությունը, որի համար ենթադրաբար հետախուզվում է Զեյլնալին, տեղի էր ունեցել 2020 թվականի պատերազմի ընթացքում Հադրութում։ Բրիտանական Guardian-ի և «Բելինգքեթ»-ի հետաքննող լրագրողներն էին ուսումնասիրել գլխատման տեսանյութերը և հաստատել դրանց իսկությունը ու որ տարեց տղամարդուն գլխատել է ադրբեջանցի մի զինվորական։ Ծերունու հարազատները պատմել էին, որ Հադրութի շրջանի Ազոխ գյուղի բնակիչը հրաժարվել էր լքել իր տունը, նույնիսկ, երբ իմացել էր, որ ադրբեջանական ուժերը մոտեցել են գյուղին։

Հադրութում սպանված ծերունու գործը Եվրադատարան տարած փաստաբան Սիրանուշ Սահակյանը պնդում է՝ հենց Քամիլ Զեյնալին է տեսանյութում գլխատում տարեց տղամարդուն։

«Կարծում եմ՝ այստեղ անձի դեմքի նույնականացում, բայց համադրվում է նաև օբյեկտիվ տեղեկությունների հետ ու ինչու ոչ, դրա հիմքում դրվում է նաև փորձագիտական եզրակացությունը: Այսինքն, անձի նույնականացում արտաքին տեսքի միջոցով, տեղի է ունենում հարցաքննությունների արդյունքում: Տեսագրությունը և անձի այլ լուսանկարներ համեմատվում են ու հաստատվում է ինքնությունը», - ասաց Սահակյանը:

Ինչո՞ւ է ռուսական կողմն ազատ արձակել Զեյնալիին՝ չսպասելով Երևանի կողմից հանձնման պահանջի մասին թղթերն ուղարկելուն։ Սիրանուշ Սահակյանի խոսքով, երբ միջազգային հետախուզման արդյունքում անձը ձերբակալվում է, նրան կալանավորում են մինչև հետախուզում հայտարարած երկիրը ուղարկի հանձնման մասին փաստաթղթերը։ Իսկ առանց այդ փաստաթղթերը ստանալու դեպքում ազատ արձակելը նշանակում է, որ կան բացառող գործոններ, դրանցից մեկը կարող է լինել քաղաքականը, ինչը Զեյնալիի դեպքում չի կարող գործել, քանի որ կան տեսագրություններ, որոնք վկայում են նրա հանցագործության մասին։

Եթե անգամ Ռուսաստանը հրաժարվում է արտահանձնել հանցագործին Հայաստան, ապա սեփական երկրի սահմաններում պարտավոր են պատասխանատվության կանչել պատերազմական հանցագործություն կատարած անձին՝ ընդգծում է Սահակյանը։ Պատասխանատվություն կանչելու պարտավորությունը չկատարելու դեպքում Ռուսաստանը դառնում է «կա՛մ հանձնիր, կա՛մ դատիր» միջազգային սկզբունքը խախտած երկիր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG