Մատչելիության հղումներ

Տարեց բնակչին գլխատելու համար կասկածվող ադրբեջանցուն Երևանին հանձնելու թղթերն ուղարկվել են Մոսկվա


Քամիլ Զեյնալին՝ իր փաստաբանի հետ
Քամիլ Զեյնալին՝ իր փաստաբանի հետ

Ռուսաստանում մի քան ժամով ձերբակալված ադրբեջանցին արդեն հայրենիքում է, բայց պատերազմական հանցանքի համար Քամիլ Զեյնալիին փնտրող Երևանն այսօր Մոսկվա է ուղարկել նրան հանձնելու փաստաթղթերը։

Ապարդյուն քայլ է. Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի գնահատականն է, ով ասում է՝ Հայաստանը նույնիսկ շատ արագ ուղարկեց այդ փաստաթղթերը, այստեղ մեղավորը ռուսական կողմն է իր անօրինական որոշմամբ։

«Այլևս անիմաստ է, եթե անձը չի գտնվում Ռուսաստանում, այլևս հանձնման գործընթաց Ռուսաստանը չի կարող նախաձեռնել, դա պետք է Ադրբեջանը նախաձեռնի, բայց Ադրբեջանը, բնականաբար, դա չի անի, բացի այդ իր քաղաքացին է, չի հանձնի: Բայց օրենքով սահմանված է՝ չհանձնելու դեպքում ինքը պետք է քրեական հետապնդման ենթարկի», - նշեց Ղազարյանը:

Զեյնալիին Հայաստանում մեղադրում են 2020 թվականի պատերազմի օրերին հայ անզեն ծերունուն գլխատելու համար։ Այս դաժան սպանությունը հետաքննել էին բրիտանական Guardian-ի և «Բելինգքեթ»-ի լրագրողները, հաստատել դրա իսկությունը։ Սպանվածի հարազատները պատմել էին, որ տարեց տղամարդը Հադրութի գրավման ժամանակ չէր լքել հայրենի գյուղը։

Պատերազմական ծանր հանցանքի համար հետախուզվող մարդն ինչպե՞ս այդքան արագ հայտնվեց ազատության մեջ, ավելին՝ անխոչընդոտ վերադարձավ հայրենիք։ Միջազգային իրավունքի մասնագետը պնդում է՝ Մոսկվան իրավունք չուներ հետախուզվողին թույլ տալու լքել երկիրը, պետք է սպասեր մինչև Հայաստանը ուղարկեր փաստաթղթերը։

«Եթե կա միջազգային հետախուզում, մինչև Հայաստանի կողմից փաստաթղթերը չստանալն արգելվում է ինքնուրույն որոշում կայացնել նույնիսկ այն դեպքում, եթե առերևույթ միջազգային հետախուզման էլեկտրոնային համակարգում շատ կարճ է գրվում, թե ինչի համար է հետախուզվում, նույնիսկ եթե դա Ռուսաստանում հանցագործություն չէ, այսինքն, հիմքերի բացակայության պայմաններում մինչև փաստաթղթերի ստանալը որոշում չի կարող կայացվել», - նշեց նա:

«Քաղաքական որոշում է»

Ղազարյանը պնդում է՝ համաձայն կողմերի միջև ստորագրված կոնվենցիայի՝ դատարանն այսքան արագ չէր կարող իրավական որոշում կայացնել, սա, թերևս, դատախազության որոշումն է, որով խախտել է միջազգային իրավունքը։

«Մեծ հաշվով կարող ենք արձանագրել, որ դա իրավական որոշում չէ, որովհետև իրավական որոշումը նման կարճ ժամանակում չէր կարող կայացվել, քաղաքական որոշում է, մաքուր քաղաքական հաշվարկ, դրանով ուղերձ հղելով Հայաստանին, որ՝ «այս ոլորտում նույնպես խնդիրներ եք ունենալու, մենք չենք համագործակցելու ձեր հետ», - ասաց միջազգային իրավունքի մասնագետը:

Ղազարյանը բացատրում է ընթացակարգը՝ ծանր հանցագործության համար հետախուզվողին սովորաբար կալանավորում են ու սպասում հետախուզում հայտարարած երկիրն ուղարկի փաստաթղթերը, ժամկետը մեկ ամիս է։ Դրանք ստանալուց հետո անգամ Ռուսաստանը չէր կարող որոշել՝ կասկածյալը մեղավոր է, թե՝ ոչ, միայն պետք է քններ՝ եթե նրան ուղարկի Հայաստան, արդյո՞ք կենթարկվի խոշտանգման կամ էլ արդար չեն դատի։

Մասնագետը զարմանալի չի համարում Մոսկվայի որոշումը։ Հիշեցնում է Եվրոպական դատարանի շատ վճիռներ, որոնք այդ երկիրն արհամարհել ու չի կատարել։ Կարծում է՝ սա առաջին հերթին, Մոսկվայի պատասխանն է Հայաստանին՝ Հռոմի ստատուտին միանալու համար, ինչը, ըստ իրավաբանների, նշանակում է, որ Վլադիմիր Պուտինը գալով Հայաստան՝ պետք է ձերբակալվի։

«Նախկինում ասել ենք, որ հնարավոր է Հայաստանը ստանա նույնանման հակազդող վերաբերմունք, իմ կարծիքով, այստեղ այդ ֆակտորը կա, բայց կարծում եմ առավել քաղաքական գործոն է և դա Ռուսաստան-Ադրբեջան ռազմական համագործակցությունն է ընդդեմ Հայաստանի», - ընդգծեց Արա Ղազարյանը:

Մեկ այլ գործոն էլ Հայաստան փախած ռուսներին չարտահանձնելն է, նկատում է մասնագետը։

Իշխանական պատգամավոր Արփի Դավոյանն, իր հերթին, տեղի ունեցածը համարում է կոնկրետ վերաբերմունք Հայաստանի նկատմամբ. - «Սա ոչ առաջին դեպքն է, ոչ երկրորդ դեպքն է, ոչ էլ երրորդ դեպքն է, կարծում եմ, որ արդեն զարմանալու կարիք էլ չկա, որովհետև մենք նաև խաղաղապահների անգործությանն ենք բազմիցս ականատես եղել, ու նորից վերադառնալ և քննարկել հարկ չեմ համարում»:

Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել տեղի ունեցածին, իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ արձագանք անպայման կլինի, բայց դրա համար, նախ, քննարկում է պետք։

XS
SM
MD
LG