ՔՊ-ն որոշել է բարեվարքության նոր կանոններ մշակել կուսակիցների համար. ի՞նչ է թույլատրվելու, իսկ ի՞նչը արգելվելու

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներին առնչվող աղմկահարույց իրադարձություններից հետո, վարչապետ Փաշինյանի ղեկավարած ուժը որոշել է բարեվարքության նոր կանոններ մշակել կուսակիցների համար։

Որոշումը կայացվել է շաբաթ օրը ՔՊ քաղաքական ժողովի ընթացքում, որի մասին Ֆեյսբուքում այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը. - «Կուսակցությունն ինքն իր համար պետք է սահմանի բարեվարքության ավելի բարձր ստանդարտներ, որոնք կհաստատվեն կուսակցության 7-րդ հերթական համաժողովում»:

Ի՞նչ նոր կանոններ են սահմանվելու իշխող կուսակցության անդամների համար։ Ի՞նչ է թույլատրվելու, իսկ ի՞նչը արգելվելու։ Արդյոք բարեվարքության կանոնակարգում հատուկ արձանագրելո՞ւ են, որ օրինակ՝ լրատվամիջոցներին տեղեկատվություն փոխանցելը կամ այսպես կոչված արտահոսքեր կազմակերպելը արգելվում է։

Նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը կուսակցությունից հեռացվեց հենց այդ պատճառաբանությամբ՝ «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների համար»։ Ինքն՝ Աղազարյանը չի ընդունում, թե նպատակաուղղված արտահոսք է կազմակերպել, թեև չի հերքում՝ երբեմն որոշ մանրամասներ փոխանցել է մամուլին կուսակցական ժողովներից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մեծ ցավով դուրս եմ գալիս ՔՊ խմբակցությունից»․ Աղազարյան

ՔՊ վարչության անդամ, իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով նույնպես մասնակցել է շաբաթօրյա քաղաքական ժողովին, վստահեցնում է՝ բարեվարքության բարձր ստանդրատների մշակման որոշումը կապ չունի Աղազարյանի դեպքի հետ, ժամանակագրորեն գուցե համընկել է, բայց նման քննարկումներ վաղուց են եղել։ Իմաստը հետևյալն է՝ կուսակցության անդամների համար մշակել վարքագծի կանոններ, որոնց հետևելով ՔՊ-ականները հնարավորինս բարձր կպահեն թե՛ կուսակցության, թե՛ պետական պաշտոնյաների և թե՛ ինստիտուտների համբավը։

«Չեմ կարող ասել, թե տեքստը վերջում ինչպիսի տեսք կունենա, բայց խոսքը, կարծում եմ, պարզ է՝ ինչի մասին է, որ հնարավորինս տարընթերցումների տեղ չլինի», - նշեց Թորոսյանը:

Արդյոք նոր մշակվող բարեվարքության կանոնների հետևանքով իշխանական պատգամավորները կխուսափեն լրագրողներին որևէ տեսակի տեղեկության փոխանցումից, մտավախություն ունենալով, որ դա կարող է դիտարկվել իբրև տեղեկատվության արտահոսք և արդյոք դրանով չե՞ն սահմանափակի կուսակցականների ազատություններն ու իրավունքները։

«Ոչ, երբ խոսքը գնում է փակ հանդիպման մասին, երբեմն պետական գաղտնիք պարունակող ինֆորմացիայի մասին», - պատասխանեց նա:

Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման ընթացքում հաճախ փակ հանդիպումներից, երբեմն նաև հնարավոր ռազմական և անվտանգային գաղտնիք պարունակող տեղեկատվություն է փոխանցում, Փաշինյանն անգամ պատերազմի օրերին ուղիղ եթերում զանգահարում էր առաջնագծի տարբեր հատվածներ։

Արդյոք հաշվի առնելով այս ամենը պաշտոնյաների և վարչապետի միջև անհավասարություն չի ստեղծվում։ Իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանն ասում է՝ ոչ մի անհավասարություն էլ չկա, իրենք շատ գործնական աշխատում են գործադիրի հետ։

Ի դեպ՝ Հովիկ Աղազարյանից հետո ՔՊ խմբակցությունից օրեր առաջ հեռացվեց նաև պատգամավոր Հակոբ Ասլանյանը, ըստ կուսակցության բացատրության, «լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով»:

Այս որոշումից ժամեր առաջ Ասլանյանը հրապարակավ պաշտպանել էր Հովիկ Աղազարյանին՝ պնդելով, որ նա պետությանը վնասող գաղտնի տեղեկատվության արտահոսք չի կազմակերպել, և որ ՔՊ-ն դեռ պետք է հիմնավորի Աղազարյանին վերագրվող մեղադրանքները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հակոբ Ասլանյանին հեռացրին իշխող խմբակցությունից. Գագիկ Մելքոնյանը պնդում է՝ «թիմը ոչինչ չի կորցրել»

Արդյոք մշակվող բարեվարքության կանոնները չեն ճնշի իշխանության ներսում այլախոհությունը։ Արսեն Թորոսյանը հակադարձում է՝ դեռ պետք է հասկանալ, թե ով է Ասլանյանի դրդել նման հայտարարություններ անել։

«Իմ համար շատ պարզ է՝ ինչից դրդված, դրդված այդ մյուս պատգամավորի կողմից կամ ճնշված այդ մյուս պատգամավորի կողմից: Դրա մասին է պետք խոսել՝ ո՞վ է դրդել պարոն Ասլանյանին կարդալ այդ տեքստը, գնալ առանձին ինտերվյու տալ», - ընդգծեց Արսեն Թորոսյանը:

Բարեվարքության բարձր ստանդարտներ մշակելու Փաշինյանի որոշումից առաջ, նարկոլոգիական մի սկանդալ էլ հասունացավ ՔՊ-ական պատգամավոր, Գյումրու քաղաքապետի նախկին թեկնածու Կարեն Սարուխանյանի շուրջ։ Նրա կողմից թմրանյութեր օգտագործելու հնարավորությունն, ինչպես նաև թեստ հանձնելու հարցը քննարկման առարկա դարձավ անգամ ՔՊ վարչությունում, որից հետո պատգամավորը ստիպված եղավ մի քանի տասնյակ թմրանյութերից կախվածությունը ստուգող թեստ հանձնել։

Մամուլը գրեց, որ վարչապետ Փաշինյանն է անձամբ պարտադրել ՔՊ-ական պատգամավորին անալիզներ հանձնել։ Արդյոք թմրանյութերի պարբերական թեստի առկայությունը նույնպես պարտադի՞ր է լինելու ՔՊ-ականների համար, դեռ պարզ չէ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրիում ձերբակալվել, ապա ազատ են արձակվել ՔՊ-ի անդամ Պարգև Գևորգյանն ու Կարեն Սարուխանյանի մորեղբոր որդին