Մատչելիության հղումներ

Աղազարյանի փաստաբանը պահանջում է վարույթ հարուցել նրա անձնական տեղեկությունները հրապարակելու համար


Պատգամավոր Հովիկ Աղազարյան
Պատգամավոր Հովիկ Աղազարյան

Պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել է Գլխավոր դատախազություն ու պահանջում է քրեական վարույթ հարուցել նրա անձնական տեղեկությունները հրապարակելու համար: Ինչպե՞ս է պատգամավորի հեռախոսի բովանդակությունը, անձնական բնույթի տեղեկությունը Քննչականից դուրս եկել, ըստ փաստաբան Հակոբ Ճարոյանի՝ տեղի ունեցածը հանցագործություն է, միջամտել եմ մարդու մասնավոր կյանքին, խախտել նախաքննական գաղտնիքի մասին օրենքը։

«ՔՕ-ում հոդված գոյություն ունի՝ անձնական ինֆորմացիան տարածելն առանց անձի համաձայնության։ Դուրս է գալիս, որ և քննիչի կողմից նախաքննական գաղտնիքն է խախտվել, և՛ քննիչի կամ այլ անձի կողմից անձի անձնական կյանքն առանց իր համաձայնության հրապարակայնացնելը», - «Ազատությանն» ասաց փաստաբանը։

Հովիկ Աղազարյանին գաղտնի տեղեկություններ հրապարակելու մեջ մեղադրեցին վարչապետն ու ՔՊ-ականները, երբ նա հրաժարվեց կատարել վարչապետի խնդրանքն ու վայր չդրեց պատգամավորի մանդատը։ Աղազարյանին հեռացրին կուսակցությունից ու խմբակցությունից՝ պնդելով, թե նա կուսակցական և բարոյական նորմեր է խախտել, պետական գաղտնիք հրապարակել։ Նրա նախկին թիմակիցները մեղադրանքների աղբյուր էին նշում Աղազարյանի հեռախոսը, որը Հակակոռուպցիոն կոմիտեն առգրավել էր ուրիշ գործով, ու այդ գործին չառնչվող գործնական ու անձնական բովանդակությունը հասել էր վարչապետին։

«Փաստերը բերում են, որ վարչապետի մոտից տարածվել է, բայց ո՞վ է դրա հիմքը հանդիսացել», - հարցրեց փաստաբանը։

6 օր առաջ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում վստահեցրել էր, թե իր նախկին թիմակցի հեռախոսի բովանադակությունն օրենքով սահմանված կարգով է իրեն հասել։

Մինչև Հակոբ Ճարոյանի դիմումը Գլխավոր դատախազությունը Հովիկ Աղազարյանի վերաբերյալ հրապարակումները, թե նա պետական գաղտնի տեղեկության արտահոսք է կազմակերպել, ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե ուսումնասիրելու։ Կոմիտեն պետք է որոշի՝ այդ նյութերով քրեական գործ հարուցելու հիմք կա, թե ոչ։ Պատգամավորն «Ազատությանը» փոխանցեց՝ դեռ ինքն էլ տեղեկություն չունի՝ ինչ ընթացք է ստացել գործը, այս պահին որևէ կարգավիճակ չունի։

Գործը դատախազությունից Հակակոռուպցիոն կոմիտե է հասել ոչ թե պետական գաղտնիքի արտահոսք կազմակերպելու հիմքով, այլ հրապարակումների, որ արել են վարչապետն ու նրա թիմակիցները։ Աղազարյանի փաստաբանը սա աբսուրդ է որակում, ասում է՝ եթե ԱԱԾ-ն նկատել է հանցագործություն, ինչո՞ւ չի միջնորդել, որ քրեական վարույթ հարուցեն։

Փաստաբան Հակոբ Ճարոյանը համոզված է, որ այն, ինչի մասին բարձրաձայնում են իշխանականները, մեղադրանք առաջադրելու հիմք չէ. - «Ես գիտեմ, որ նմանատիպ պետական գաղտնիքի հետ որևէ առնչություն Հովիկ Աղազարյանի հեռախոսում ոչ միայն չկա, այլ ինքը որևէ պետական գաղտնիքի, որ դիմի, ծանոթանա, տարածի, նման փաստ գոյություն չունի»։

Իրավապահները գործին ընթացք էլ չէին տվել, երբ վարչապետ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, թե քաղաքական, բարոյական ու այլ լծակներ պետք է գտնվեն պատգամավորին մանդատից զրկելու համար։

Փաստաբանի կարծիքով՝ Փաշինյանն այս խոսքերով ակնհայտ ուղղորդում է իրավապահներին։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG