Մատչելիության հղումներ

Կհեռացվի՞ Հակոբ Ասլանյանը ՔՊ-ից. նոր խմորումներ իշխող ուժում


«Ես գնում եմ արդարության հետևից», - իշխող խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը նախընտրում է արդարությունը, հանուն ընկերոջ՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի, մեկ ամսով կասեցնում է անդամակցությունը Փաշինյանի գլխավորած կուսակցությանը: Ասլանյանն իր ուղերձն ընթերցել է Factor TV-ի եթերում։

Հակոբ Ասլանյանն էլ իր թիմակիցների պես կարդացել է Հովիկ Աղազարյանի անձնական կյանքի դրվագները, որ իրավապահներից է հասել ՔՊ-ականներին ու չի տեսել պետությանը վնասող գաղտնի տեղեկատվության արտահոսք։ Չի կարդացել այնպիսի բան, որ կամաչեր ընկերոջ համար, ինչպես ամաչել է Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը։

Պատգամավորը կարծում է, որ վարչապետ Փաշինյանին իրականությունը չեն ներկայացրել։ Անդամակցությունը սառեցնում է պայմանով, որ պատգամավորական խումբ ձևավորեն, Հովիկ Աղազարյանին կանչեն պարզաբանումների ու փորձեն հիմնավորել նրան վերագրվող մեղադրանքները։ Եթե չկարողանան իրեն համոզել, այդ ժամանակ էլ կլքի խմբակցությունը։

«Ժամանակ տալիս եմ և՛ Աղազարյանին, և՛ ՔՊ-ին, և՛ ինձ, այն, որ վարչապետին այնպես չեն ներկայացրել, որ վարչապետն իրական պատկերացում ունենա, ես կարծես թե համոզված եմ դրանում», - նշել է նա:

Հովիկ Աղազարյանին «Քաղաքացիական պայմանագրից» հեռացրին կուսակցական փակ քննարկումից տեղեկություն լրագրողին հայտնելու, կուսակցական ու բարոյական նորմեր խախտելու պատճառաբանությամբ։ Այս որոշումը եղավ Աղազարյանի հայտարարությունից հետո, որ հրապարակավ մերժեց Փաշինյանի խնդրանքն ու մանդատը վայր չդրեց։

Ի՞նչ բախտի կարժանանա հերթական ՔՊ-ականը, որ համարձակվում է դեմ գնալ խմբակցությանն ու աջակցել Աղազարյանին, կուսակցության պաշտոնական դիրքորոշումը դեռ չկա։ Ազգային ժողովի խոսնակը «Ազատութանը» փոխանցեց, որ չի մեկնաբանում Ասլանյանի քայլը։ Իշխանականներից Արսեն Թորոսյանն է միայն արձագանքել ու դավաճանություն որակել կուսակցի քայլը. - «Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում, այլ լինում է հենց այսպես թե՛ Աղազարյանի, թե՛ Ասլանյանի դեպքում»:

Ավելի ուշ Թորոսյանը շտապեց նույն տաղավար, որտեղ Ասլանյանը հայտարարեց ընկերոջը սատարելու մասին ու հայտարարեց, որ այսօր նիստ կհրավիրեն ու Ասլանյանին կհեռացնեն կուսակցությունից։

«Այսպես կոչված անձնականը մի պահ կողքի դնելով՝ հետաքրքիր է՝ Հակոբ Ասլանյանը խմբակցության նախաձեռնողի և այլ փակ նիստերից մի կոնկրետ լրագրողի համակարգված ձևով տեղեկատվության, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելը սեփական թիմի նկատմամբ դավաճանություն չի՞ համարում: Իսկ կարո՞ղ է մի նման համակարգված մեխանիզմի մաս էլ հենց ինքն է կազմում», - նշել է Արսեն Թորոսյանը:

Հակոբ Ասլանյանը չի վախենում, որ իրեն էլ կարժանացնեն Աղազարյանի ճակատագրին՝ կներխուժեն իր անձնական կյանք ու այն կդարձնեն հանրության սեփականությունը, կամ մեղադրանքներ կգտնեն իր դեմ. - «Էնտեղ շատ մարդիկ կային, որ չէին ծնվել, երբ որ 70-ական թվականներին ես որպես այալխոհ հետապնդվում էի»:

Ինքը միա՞կն է Փաշինյանի թիմում, որ արդարության ճանապարհը գերադասում է իշխող խմբակցության բռնած ուղուց, թե՞ էլի մարդիկ կան, որ պաշտպանում են Աղազարյանին: Հակոբ Ասլանյանն ասաց՝ կան, որ Աղազարյանի դեմ կատարվածը սխալ են համարում, բայց չեն համարձակվում իր օրինակին հետևել: Նա անուններ չնշեց, բայց նկարագրեց՝ Հովիկ Աղազարյանի հետ կատարվածից հետո ինչ հոգեվիճակում են ՔՊ-ականները. - «Մարդիկ կան, կոտրված են, մարդիկ կան՝ անտրամադիր են, մարդիկ կան, որ կողմ են, բայց ձայն չեն հանում, կողմ են, որ արդար լինի ամեն ինչ»:

Ասուլիսից ու Արսեն Թորոսյանի մեկնաբանություններից ժամեր անց Հակոբ Ասլանյանի ֆեյսբուքյան էջում հայտնվեց «Քաղաքացիական պայմանագիր» վարչության անդամ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ նամակագրության սքրինշոթը։ ՔՊ-ական նախարարը Ասլանյանին տեքստ է ուղարկում, որ նա իր անունից հրապարակի նախարարի ձևակերպած տեքստը, որ զղջում է այսօրվա հայտարարությունների համար։

«Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունս կասեցնելու վերաբերյալ իմ այսօրվա հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա։ Առավելևս այս պարագայում հայտրարությունս համարում եմ սխալ ու էմոցիոնալ։ Հայտարարում եմ, որ շարունակում եմ մնալ «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության ու խմբակցության լիարժեք անդամ և գործելու եմ համաձայն կուսակցության ղեկավար մարմնի և խմբակցության որոշումների», - կարդում ենք սքրինշոթում, որից Ասլանյանը մի քանի հատ տեղադրել էր իր էջում և պարզ չէր, նա դիտավորյալ է հրապարակել նախարարի հետ իր նամակագրությունը, թե միամտաբար։

Ավելի ուշ նախարար Հայրապետյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ իր նամակն իրական է. Ասլանյանն իր ուսուցիչն է եղել և այսօր իր հետ խորհրդակցել է ու խնդրել օգնել հայտարարության տեքստ գրել։

Տեքստը այդպես լուսանկարի ձևով էլ շարունակում է մնալ Հակոբ Ասլանյանի ֆեյսբուքյան էջի պատին։

Արդյոք Ասլանյանը իսկապես ժամեր անց մտափոխվել է, արդյոք ճնշումներ են եղել, պատգամավորից չհաջողվեց պարզել, նա զանգերին չպատասխանեց։

XS
SM
MD
LG