Թմրանյութերի սկանդալում հայտնված գյումրեցի իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանը հաստատում է՝ կուսակցության վարչության նիստում քննարկվել է իր թեստ հանձնելու հարցը, բայց նաև պնդում է, թե վարչապետի կողմից պարտադրանք չի եղել։
«Հրահանգ՝ որպես այդպիսին, կամ պարտադրանք, որևէ ձև չի եղել, ես եմ առաջարկել, ես եմ պատրաստակամություն հայտնել՝ քննարկման ժամանակ: Էլի եմ ասում՝ մինչև այդ էլ, դեռ մինչև էդ միջադեպերը, ես էլի եմ պատրաստակամությունս հայտնել և միշտ պատրաստ եմ եղել ասելու, որ ցանկացած պահի ես պատրաստ եմ որևէ նման թեստ հանձնելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարուխանյանը:
Նոյեմբերի սկզբին թմրանյութ պահելու, օգտագործելու կասկածանքով կարճ ժամանակով ձերբակալվել էին Գյումրիի ավագանու ՔՊ-ական անդամներից մեկն ու Սարուխանյանի մորեղբոր որդին: Իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելուց օրեր անց պատգամավորի ազգականը դուրս եկավ «Քաղաքացիական պայմանագրից»։ Հենց դրանից հետո մամուլը սկսեց գրել, որ կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նաև Գյումրիի քաղաքապետի հավակնորդ Սարուխանյանին է ուղարկել լաբորատորիա: Պատգամավորը, որ նաև ՔՊ Գյումրիի տարածքային կառույցի ղեկավարն է, ուրբաթ երեկոյան հրապարակեց իր թեստի արդյունքները։ Ու թեև երկու շաբաթից ավելի էր՝ շրջանառվում էին թեստ հանձնելու մասին լուրերը, բայց հրապարակված թղթերում Սարուխանյանը անալիզը նոյեմբերի 20-ին է հանձնել, 22-ին՝ պատասխանը ստացել։ Ինչո՞ւ ավելի վաղ չի գնացել լաբորատորիա։
«Հոկտեմբեր 12-ին ես վիրահատվել եմ՝ քթի խոռոչի և քթի կից խոռոչների, հայմորյան խոռոչների վիրահատություն եմ տարել մեր Շիրակի մարզում՝ Ախուրյանի բժշկական կենտրոնում, և այդ վիրահատությունը կատարվել է ընդհանուր թմրեցման միջոցով, և այդ թմրեցման մեջ կարող են լինել որոշ նյութեր, որոնք մի ամիս և ավել մնում են օրգանիզմում: Դրանով է պայմանավորված, որ ես այդ թեստը հանձնել եմ և հրապարակել եմ ամսի 20-ով», - պարզաբանեց գյումրեցի ՔՊ-ականը:
Ափիոն, մետամարֆին, կոկաին և այլ տեսակի թմրանյութ պարունակող նյութերի թեստի 19 անվան դիմաց բացասական է գրված, բարբիտուրատի դիմաց՝ դրական։ Դա, Սարուխանյանի պնդմամբ, հետվիրահատական շրջանում ընդունած ցավազրկողների հետևանքով է. - «Եվ դա նույնպես այդ վիրահատության հետևանքն է, որովհետև վիրահատության ընթացքում, նախավիրահատական շրջանում, հետվիրահատական շրջանում բազմաթիվ դեղորայքային բուժում եմ ես ստացել»:
Թմրանյութերի այս պատմությունից հետո սկսեցին լուրեր շրջանառվել, որ ՔՊ-ն փոշմանել է և Կարեն Սարուխանյանի փոխարեն Գյումրիի քաղաքապետի այլ թեկնածու է առաջադրելու։ Սարուխանյանն ասում է՝ այն պահին, երբ իրեն են առաջարկել, համայնքապետի այլ թեկնածուի անուն չի եղել. - «Մինչ այդ պահը, երբ որ ինձ առաջարկվել է, և ես եկել եմ և մեր տեղի թիմին հայտարարել եմ, որ նման առաջարկություն եմ ստացել և ընդունում եմ այդ առաջարկությունը, այդ պահին այլ թեկնածուների անուն չի քննարկվել»:
Իսկ հիմա գուցե կա, քանի որ վարչապետի տիկնոջ ազգականի՝ նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի, և ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի անուններն էին շրջանառվում։ Սարուխանյանն ասում է՝ դա կուսակցության ղեկավար մարմնի՝ վարչության որոշելիքն է: «Այս պահին ես տեղյակ չեմ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը ինչպիսի որոշում կկայացնի, մենք, բնականաբար, որպես թիմի անդամներ կիսելու ենք այդ որոշումը», - հայտարարեց նա:
Իշխող կուսակցության Գյումրիի տարածքային կառույցի ղեկավարն իր ֆեյսբուքյան գրառման մեջ առանց անուններ տալու մեղադրել էր նաև իր կուսակիցներին, թե որոշ «քաղաքապետացուներ» «Բալասանյան» դաշինքի հետ կոալիցիոն հուշագիրը խզելուց հետո ամենօրյա արշավ են սկսել լեգիտիմ ձևավորված տարածքային կազմակերպության ու իր դեմ։ Ըստ նրա՝ հուշագրի խզումից հետո, երբ ՔՊ-ն սկսել է պատրաստվել համայնքի ղեկավարի ընտրությունների, թեկնածուի հարցում կոնսենսուս չի եղել. - «Եվ այդ քննարկումների արդյունքում ներքին կոնսենսուս չեղավ միաձայն, և դրանից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշեց, որ Գյումրիում ձևավորի տարածքային կազմակերպություն, մեր տեղի կուսակցականները եկան, մասնակցեցին ընտրության, ես ընտրվեցի Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ»: Ով էլ, ըստ ՔՊ կանոնակարգի, ընտրություններում գլխավորելու է ցուցակը։
Ամեն դեպքում, անզեն աչքով տեսանելի է, որ գյումրեցի ՔՊ-ականները թևերի են բաժանված։ Հենց Գյումրիի տարածքային կազմակերպության խորհրդում միայն Սարուխանյանի մտերիմներին կարելի է տեսնել՝ Շիրակի մարզպետին, օգնականներին ու խորհրդականներին։ Ինչո՞ւ մյուս թևից որևէ մեկն ընդգրկված չէ տեղի խորհրդում։
«Դե, այդ հարցը, իմ կարծիքով, դրա հասցեատերը ես չեմ: Համենայն դեպս, եղել է այդ հնարավորությունը, բոլորին տրվել է այդ հնարավորությունը, որպեսզի գան, մասնակցեն», - նշեց ՔՊ Գյումրիի կառույցի ղեկավարը:
Իսկ այս ներկուսակցական զարգացումներին զուգահեռ առայժմ անհայտ է՝ Գյումրիի կառավարման հարցն ինչպես է հանգուցալուծվելու։ «Բալասանյան» դաշինքի հրաժարականից մեկ ամիս անց էլ դեռ պարզ չէ՝ իշխանություն ձևավորելու ի՞նչ տարբերակ է ընտրելու կառավարող ուժը՝ արտահերթ ընտրություննե՞ր կլինեն, թե՞ վարչապետն անորոշ ժամկետով համայնքապետի պաշտոնակատար կնշանակի, ինչպես եղավ Վանաձորում։