Վարչապետի դժգոհությո՞ւն, թե՞ «մատաղ անել». իշխանության ու ընդդիմության արձագանքը պաշտոնանկություններին

Լուսանկարը կառավարության նոյեմբերի 15-ի նիստից

Մեկ օրում առանցքային կառույցներից վեց պաշտոնյայի հեռացումը դատաիրավական ոլորտից վարչապետի դժգոհության քաղաքական հետևանքն է, Փաշինյանի որոշումն այսօր խորհրդարանում այսպես մեկնաբանեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Այսօր վարչապետի հորդորով պաշտոնից ազատման դիմումներ են գրել Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների ղեկավարները, ԲԴԽ և ՊԵԿ նախագահները, ներքին գործերի և տարածքային կառավարման նախարարները: Թեև Պետեկամուտների կոմիտեն և Տարածքային կառավարման նախարարությունը դատաիրավական ոլորտի հետ առնչություն չունեն, բայց իշխող խմբակցության ղեկավարն առանց տարանջատելու ընդհանուր նշեց՝ բոլոր պաշտոնանկությունները կապ ունեն դատաիրավական բարեփոխումների հետ:

Հայկ Կոնջորյանը, սակայն, խուսափեց ասել՝ որ պաշտոնյան ինչ հարցում է ձախողել։

«Հայաստանում դատաիրավական համակարգի վերաբերյալ դիտարկումները թե վարչապետի, թե կառավարող ուժի կողմից նոր չեն», - ճեպազրույցի ժամանակ ասաց Կոնջորյանը։

«Ըստ էության, Հայաստանում մարդիկ ունեն արդարության պահանջ», - հավելեց իշխանական պատգամավորը։

Ուրբաթ օրը պարզ դարձավ, որ վարչապետը դժգոհ է դատաիրավական համակարգում փոփոխություններից, երբ նա կառավարության նիստում կոշտ քննադատեց իր կաբինետի անդամներին՝ զգուշացնելով, թե իր համբերության բաժակը լցվել է:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մինչդեռ պնդում է՝ պաշտոնավարման վեցերորդ տարում նման հայտարարություններն օբյեկտիվ հիմք չունեն: Պատգամավորի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այժմ մի խնդիր է լուծում՝ ինչպես անի, որ 2026-ին մնա իշխանության։

«Բնականաբար, այս ժամանակահատվածը ենթադրում է, որ այդ քրեական գործերը ոչ միայն կարող են վերաբերել նախորդ իշխանություններին, այլև թիմակիցներին», - ասաց Աբրահամյանը։

«Նախկինների» դեմ ուղղված արշավը, կարծում եմ, այլևս շատ քիչ արդյունավետությամբ է աշխատում։ Եվ չի բացառվում, որ իրավիճակում որոշակի բեկում մտցնելու համար արդեն իշխող ուժը կամ դրա վերնախավում գտնվող անձը կգնա սեփական թիմակիցներին «մատաղ անելու» ճանապարհով», - հավելեց ընդդիմադիր պատգամավորը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 6 հրաժարական՝ մեկ օրում. գրեթե ողջ ուժային բլոկն՝ առանց ղեկավարների

Ինչ վերաբերում է դատաիրավական համակարգում առկա խնդիրների լուծմանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ընդունեց՝ միայն անձերի փոփոխությամբ հարցը չի լուծվի, համալիր գործողությունների կարիք կա: Վեց տարին բավարար չէ՞ր դրա համար, և ինչո՞ւ նախ այդ ուղղությամբ քայլեր չեն արվում, այլ հակառակը՝ նորից անձերն են փոխվում. Հայկ Կոնջորյանը կարծում է՝ բարեփոխումների տեսլական պետք է անձերը ներկայացնեն:

Այսօր հաստատված պաշտոնանկությունների մասին կիրակի ուշ երեկոյան հայտնեցին լրատվամիջոցները: Իշխանության ներկայացուցիչները ճեպազրույցի ընթացքում պնդեցին, թե որոշումը երեկ երեկոյան չի կայացվել, բայց չհստակեցրին, թե երբ։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը սա էլ է խնդրահարույց համարում:

«Սա առաջին հերթին այդ մարդու վերաբերմունքն է պետականության, պետական ինստիտուտների հանդեպ», - նշեց նա։

«Երբ ինքը պաշտոնապես գրում է, որ «խնդրել եմ թողնեն պաշտոնները», բոլորդ գիտեք, որ ինչ է նշանակում «խնդրել», - հավելեց նա։