«Հըզբոլլահ»-ը և Իսրայելը հարվածներ են փոխանակում, շիա զինյալները սպառնում են նաև Կիպրոսին

Իսրայելը ռմբահարում է Լիբանանի հարավային տարածքը, Խիամ, 19 հունիսի, 2024թ.

Իսրայելը թիրախավորում է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի դիրքերը

Իսրայելի բանակը Տելեգրամ-ալիքում տեղադրել է Լիբանանի հարավում «Հըզբոլլահ» արմատական խմբավորման ռազմական հենակետերին հարվածներ հասցնելու մասին տեսագրություն և հաղորդագրություն:

Բանակը հայտնել է, որ գրոհներն իրականացվել են ի պատասխան Լիբանանի հարավային հատվածից Իսրայելի ուղղությամբ առնվազն 15 անօդաչուների արձակման:

Ինչպես և «Համաս»-ը՝ Թեհրանի աջակցությամբ գործող «Հըզբոլլահ»-ն էլ է Միացյալ Նահանգներում, Եվրոպական միությունում և նույնիսկ մեծ թվով արաբական երկրներում ահաբեկչական կառույց ճանաչվել:

«Պատերազմի դեպքում Իսրայելում ապահով տեղ չի լինի»

«Հըզբոլլահ»-ը՝ թարգմանաբար, «Ալլահի կուսակցությունը» հայտնել է, որ կշարունակի հարձակումները հրեից պետության վրա: Իսրայելի կողմից օդային հարվածների ենթարկված «Հըզբոլլահ»-ի հենակետերը տեղակայված էին Լիբանանում՝ Տյուրոս ավանի մոտակայքում:

Շիա մահմեդականներին միավորող «Հըզբոլլահ»-ի առաջնորդը՝ Սայեդ Հասան Նասրալլահը հայտարարել է, թե լայնածավալ պատերազմի դեպքում Իսրայելում ոչ մի ապահով տեղ չի լինի:

«Թե պատերազմ պարտադրեք Լիբանանին, իմացեք, որ «Հըզբոլլահ»-ը կդիմադրի՝ չճանաչելով կանոններ, օրենքներ և սահմանափակումներ»,- պնդել է շիա լիդերը:

Գազայի պատերազմին զուգահեռ կարող է մեկնարկել մի նոր պատերազմ, որի տարածումն ընդհուպ Եվրամիության երկիր առնվազն տեսականորեն չի բացառվում:

Նասրալլահը Կիպրոսին դատապարտել է իսրայելյան մարտական ինքնաթիռներին օդակայաններ և վարժանքի կենտրոններ տրամադրելու համար:

Սպառնալիք Եվրամիության անդամ երկրի հասցեին

«Կիպրոսի կառավարությունը պետք է լավ իմանա, որ Լիբանանի թշնամի Իսրայելին օդակայաններ և զորավարժարաններ տալով, նրանց ղեկավարած երկիրը կդառնա պատերազմի կողմ և «Հըզբոլլահ»-ի դիմադրության թիրախ», - սպառնացել է Նասրալլահը:

Reuters-ը նշում է, որ այսօրվա դրությամբ հայտնի չէ, որ արդյոք Կիպրոսը որևէ ժամանակ ցամաքային կամ հենակետային հարմարություններ է տրամադրել իսրայելյան բանակին, սակայն նախկինում թույլ է տվել օգտագործել իր օդային տարածքը՝ տեղեկատվություն հայթայթելու նպատակով հետախուզական թռիչքներ կամ օդային զորավարժություններ անցկացնելու համար:

Եվ այնուամենայնիվ նման արտոնություն երբեք չի շնորհվել պատերազմի պայմաններում:

«Կիպրոսն այդ խնդրի մաս չէ»

Կիպրոսի նախագահ Նիկոս Կրիստոդուլիդեսն այսօր պատասխանել է «Հըզբոլլահ»-ի ղեկավարի հնչեցրած սպառնալիքին:

«Կիպրոսն այդ խնդրի մաս չէ, ես կարդացել եմ նրա [Նասրալլահի] հայտարարությունը: Իմ պատասխանը հստակ է՝ Կիպրոսի Հանրապետությունը որևէ կերպ ներգրավված չէ այդ պատերազմում», - ասել է Կրիստոդուլիդեսը:

Լիբանանի արտաքին գործերի նախարարությունն էլ հավաստիացրել է, որ «լիբանանա-կիպրական հարաբերությունների հիմքում դիվանագիտական համագործակցության երկար պատմություն է»:

Գերատեսչությունը նշել է, որ երկու հարևանները տարբեր հարցերի շուրջ միշտ ակտիվ խորհրդակցություններ են անցկացնում ամենաբարձր մակարդակով: