Իսրայել բանակը հստակ տեղեկություններ է ունեցել «Համաս»-ի հնարավոր հարձակման մասին, բայց նախազգուշացումները պաշտոնյաների անփութության պատճառով ուշադրության չեն արժանացել։
Սա է վկայում Իսրայելում հրապարակված փաստաթուղթը, ըստ որի՝ հոկտեմբերի 7-ի «Համաս»-ի հարձակումից շաբաթներ առաջ բանակը և հետախուզական ծառայություններն այդ մասին զգուշացվել էին։ Ավելին՝ նույնիսկ «Համաս»ի պլանների մանրամասներ են նշվել։
"Detailed End-to-End Raid Training" վերնագրով 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ամսաթվով հրապարակած փաստաթղթում մանրամասնորեն նկարագրված են «Համաս»-ի ստորաբաժանումների պարապմունքները։ Գազայի հատվածում Իսրայելի հետախուզության ծառայության աշխատակիցները հետևել են այդ պարապմունքներին, և նրանց կազմած զեկույցում նշած է, որ «Համաս»-ի վարժանքները ներառել են հարձակումներ ռազմական հենակետերի և համայնքների վրա, քաղաքացիական անձանց առևանգումներ։ Այդ վարժանքներում «Համաս»-ի զինյալներին հրահանգվել է է պատանդներին փոխանցել վաշտերի հրամանատարներին, ակնկալվել է 200-250 մարդ պատանդ վերցնել։
Գաղտնազերծված փաստաթուղթը փաստորեն ճշգրտությամբ ներկայացրել էր «Համաս»-ի սպասվող հարձակման մանրամասները։ Գազայի հատվածում պաղեստինյան «Համաս» ռազմականացված կառույցը, որը ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել, 2023-ի հոկտեմբերի 7-ին հարձակվելով իսրայելական բնակավայրերի վրա՝ 250 պատանդ էր առևանգել։ Իսրայելական կողմը հաղորդել է 1200 զոհի մասին։ Մինչ հիմա 120 պատանդներ պահվում են Գազայի հատվածի թաքստոցներում։
Իսրայելի հետախուզության ծառայության աղբյուրները պետական Kan News-ին ասել են, որ հրապարակված փաստաթղթի մասին հետախուզության ղեկավարությունը, առնվազն՝ Գազայի հատվածի ծառայությունը, տեղյակ է եղել։
Երկու տարի առաջ Իսրայելը Գազայի հատվածի սահմանին անվտանգային պատնեշներ էր ստեղծել և «Համաս»-ի լայն հարձակումը հավանական չի համարել։
Ակնկալվում է, որ Իսրայելի գլխավոր շտաբի հետաքննչական խումբը առաջիկա շաբաթներին շտաբի պետին նախնական զեկույց է ներկայացնելու անվտանգային ոլորտի ձախողման պատճառների մասին։ Իսրայելում փորձում են հասկանալ, թե հակառակորդի պլանների վերաբերյալ այդպիսի մանրամասն տեղեկություններ ունենալու պարագայում ինչպես կարելի էր անվտանգության ոլորտում այդ աստիճանի ձախողում ունենալ։