Մատչելիության հղումներ

Իսրայելի բանակը հաստատել է Լիբանանի դեմ պատերազմի դեպքում բանակի գործողությունների պլանը


Իսրայելի հյուսիսային հատվածը՝ Լիբանանից արձակված հրթիռներից հետո, 14-ը հունիսի, 2024թ․
Իսրայելի հյուսիսային հատվածը՝ Լիբանանից արձակված հրթիռներից հետո, 14-ը հունիսի, 2024թ․

Իսրայելի բանակը հավանություն է տվել Լիբանանի դեմ պատերազմի դեպքում բանակի գործողությունների պլանին, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակը (IDF)՝ նշելով, որ օպերատիվ պլանը հաստատել են Իսրայելի պաշտպանության բանակի Հյուսիսային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ Օրի Գորդինը և Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Օդեդ Բասյուկը։

Որոշում է կայացվել նաև շարունակել զորքերի մարտունակության բարձրացումը։

Այս հայտարարությունները տեղի են ունենում Իսրայելի հյուսիսային հատվածում «Հեզբոլլահ»-ի և Լիբանանի դաշնակից պաղեստինյան խմբավորումների կողմից կրկնվող հարձակումների ֆոնին, նշում է The Times of Israel-ը։

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման ղեկավար Հասան Նասրալլան սպառնում է հարձակվել Հայֆայի նավահանգստի վրա։

«Մենք շատ մոտ ենք «Հեզբոլլահ»-ի և Լիբանանի վերաբերյալ կանոնները փոխելու որոշում կայացնելուն․ պատերազմի ժամանակ «Հեզբոլլահ»-ը կկործանվի, Լիբանանը մեծապես կտուժի, իսկ մենք կվերականգնենք մեր բնակիչների անվտանգությունը», - X-ում գրել է Կացը:

Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ»-ը Գազայի պատերազմին զուգահեռ վերջին ութ ամիսներին հարվածներ է փոխանակում Իսրայելի հետ։ Անցյալ շաբաթ խմբավորումը հրթիռների և անօդաչուների զանգվածային հարվածներ է հասցրել իսրայելական ռազմական օբյեկտների ուղղությամբ՝ այդ կերպ պատասխանելով ՑԱԽԱԼ-ի հարվածի հետևանքով խմբավորման բարձրաստիճան հրամանատարի սպանությանը:

«Հեզբոլլահ»-ը հայտարարում է, որ չի դադարեցնի հարվածները քանի դեռ Գազայի հատվածում հրադադար չի հաստատվել։

ԱՄՆ բանագնաց Ամոս Հոխշտեյնը երեկ հայտարարել է, որ Վաշինգտոնը փորձում է կանխել Իսրայելի և Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման միջև լայնածավալ պատերազմը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG