Մատչելիության հղումներ

Իսրայելական առաջխաղացումը Գազայում շարունակվում է


Գազայում հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերին զուգահեռ Իսրայելի Զինված ուժերը չեն դադարենցում հարձակումը պաղեստինյան դիրքերի ուղղությամբ։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ իսրայելական տանկերը անցած գիշեր շարունակել են առաջխաղացումը Գազայի հատվածի հարավում՝ այստեղ կուտակված տասնյակ հազարավոր պաղեստինցիներին ստիպելով հերթական անգամ լքել իրենց ժամանակավոր կացարանները։

«Մենք արդեն ինը ամիս է, ինչ տեղահանվել ենք մեր տներից։ Սնունդ չկա, մեզ անընդհատ ասում են՝ մի տեղից մյուսը գնացեք։ Մենք կարծես խաղալիք լինենք», - նշում է Գազայի այս բնակիչը։

Իսրայելական հարձակումը ընթանում է մի իրավիճակում, երբ Գազայի հատվածը վերահսկող, ԵՄ և Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս» շարժումը պահանջում է որոշակի փոփոխություններ կատարել հրադադարի մասին ամերիկյան նախագծում:

«Համաս»-ը սեղանին գտնվող հրադադարի փաթեթում բազմաթիվ փոփոխություններ է առաջարկել կատարել»

«Համաս»-ն այժմ պահանջում է, որպեսզի հրադադարի կատարման երաշխավորների թվում ընդգրկվեն Ռուսաստանը, Քաթարը և Թուրքիան», - գրել է ամերիկյան Wall Street Journal պարբերականը՝ դիվանագիտական աղբյուրներին հղում կատարելով։ Թերթի տեղեկություններով՝ «Համաս»-ի դիրքորոշումը կարծրացել է հրեա չորս պատանդների ազատ արձակմանն ուղղված գործողությունից հետո, որի ընթացքում ամերիկյան կողմը իսրայելցիներին հետախուզական տվյալներ և այլ կարգի, առայժմ չբացահայտվող օժանդակություն է տրամադրել։

Wall Street Journal-ի պնդմամբ՝ պաղեստինցիները նաև պահանջում են, որ հրադադարի՝ ուժի մեջ մտնելու առաջին իսկ շաբաթվա ընթացքում իսրայելական բանակը լքի Գազան Եգիպտոսի տարածքին կապող միջանցքը։

«Համաս»-ը սեղանին գտնվող հրադադարի փաթեթում բազմաթիվ փոփոխություններ է առաջարկել կատարել։ Դրանց մի մասն իրագործելի է, մի մասը՝ ոչ», - նշում է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Համաս»-ի ղեկավարությունը պնդում է, որ իրենց ներկայացրած առաջարկները «սկզբունքային բնույթ չեն կրում»։ Ըստ Reuters-ի՝ դրանց թվում են մասնավորաբար իսրայելական բանտերում ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով գտնվող հարյուրից ավելի պաղեստինցիների ազատ արձակումն, ինչպես նաև Գազայի վերականգնմանն ուղղված քայլերի հստակեցումը։

Ռազմաճակատի գծից այն կողմ՝ Իսրայելում, չեն դադարում հոկտեմբերի 7-ին պատանդառվածների հարազատների բողոքի ակցիաները։ Նրանք պահանջում են, որ Նեթանյահուի կառավարությունը անվերապահորեն ընդունի Գազայում հրադադար հաստատելու ամերիկյան ծրագիրը՝ ի վերջո իրենց հարազատների համար տուն վերադառնալու հնարավորություն ստեղծելով։ Պատանդներից մեկի զարմիկը՝ Շահար Մոր Զահիրոն, սակայն, մտավախություն ունի, որ կարող է կրկնվել նախորդ հրադադարների պատմությունը, երբ պայմանավորվածությունները վերջին պահին խախտվում էին։

«Հուսով եմ, որ առաջին անգամ մենք հիասթափություն չենք ապրի, ինչպես դա եղավ նախորդ անգամ կամ դրանից առաջ։ Մենք արդեն իսկ վեց թե յոթ անգամ այդ փակ շրջանով անցել ենք, բայց դե ինչ կարող ես անել», - նշում է իսրայելցի տղամարդը։

Իրադրությունը Իսրայելի և Լիբանանի սահմանին

Գազայում շարունակվող մարտական գործողություններին զուգահեռ իրադրությունը շարունակում է լարված մնալ նաև Իսրայելի և Լիբանանի սահմանին։

Իսրայելի Զինված ուժերն այսօր Լիբանան հարավը վերահսկող «Հեզբոլա» շարժման դիրքերին հասցված հարվածների նոր տեսանյութ են տարածել։ Այդ հարվածներից մեկի ժամանակ ի դեպ, զոհվել է «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարներից մեկը՝ Թալեբ Աբդալան։ Նրա հուղարկավորության ժամանակ իրանամետ այս խմբավորման ներկայացուցիչները խոստացան նոր հարվածներ հասցնել Իսրայելի հյուսիսային շրջաններին։

«Եթե թշնամին մեր առաջնորդներից մեկի սպանելով ցանկանում է ստիպել մեզ, որ մենք նահանջենք, ապա դրանք ապարդյուն ջանքեր են։ Մեր պատասխանը մեկն է՝ մենք էլ ավելի ենք մեծացնելու մեր գործողությունների հզորությունը, քանակն ու որակը», - հայտարարում էր «Հեզբոլա»-ի ներկայացուցիչ Հաշիմ Սաֆիադինը։

XS
SM
MD
LG