«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ, Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Որոշումը կայացվել է վարչության երեկվա նիստում, որը վարել է վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Որպես Աղազարյանի հեռացման պատճառ նշվում է պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումները։
Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին հայտարարեց, որ մերժում է վարչապետի խնդրանքը և վայր չի դնի պատգամավորական մանդատը։ Իր կյանքի ծանրագույն որոշումն է ընդունել՝ իրեն առնչվող քրեական գործերից ելնելով, հիմնավորել էր իշխանական պատգամավորը։
Աղազարյանի որոշումից հետո Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն ասել էր՝ կարծում է, որ պատգամավորն այլևս իրենց հետ ճանապարհ չունի։
Աղազարյանի մանդատի դեմ գործընթացը սկսվեց Ազգային ժողովում Քննչական կոմիտեի այժմ նախկին պետ Արգիշտի Քյարամյանի հետ լեզվակռվից հետո։ Քյարամյանը մեղադրել էր, թե Աղազարյանը միջամտել է որդու առնչությամբ հարուցված քրեական գործին։ Փաշինյանն օրեր անց խոստովանեց, որ խնդրել է Աղազարյանին մանդատը վայր դնել։
Հակակոռուպցիոն կոմիտեում մեկ այլ գործով էլ է Աղազարյանն առնչվում. կասկած կա, որ հովանավորել է մանր եղջերավորների բիզնես։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աղազարյանին մանդատի հարցով թիմում «ճնշում են», բայց նա սպասում է Մոսկվայի ընկերոջը