Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը պաշտոնապես և ուղիղ մերժեց վարչապետ Փաշինյանի խնդրանքը՝ մանդատը վայր չի դնում։ Աղազարյանը ուղերձ է հրապարակել 24 News-ի եթերում։
«Խորը ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքը», - հայտարարեց Աղազարյանը՝ «իր կյանքի ծանրագույն որոշումը» որակելով սա:
Աղազարյանի մանդատի դեմ գործընթացը սկսվեց Ազգային ժողովում Քննչական կոմիտեի այժմ նախկին պետ Արգիշտի Քյարամյանի հետ լեզվակռվից հետո։ Քյարամյանը մեղադրել էր, թե Աղազարյանը միջամտել է որդու առնչությամբ հարուցված քրեական գործին։ Փաշինյանն օրեր անց խոստովանեց, որ խնդրել է Աղազարյանին մանդատը վայր դնել։
Հակակոռուպցիոն կոմիտեում մեկ այլ գործով էլ է Աղազարյանն առնչվում. կասկած կա, որ հովանավորել է մանր եղջերավորների բիզնես։
Փաշինյանին մերժելը պատգամավորը պայմանավորում է նաև այս գործերով: «Եթե ես ընդունեի վարչապետի խնդրանքը, ապա հետագայում, երբ այդ վարույթների ավարտման արդյունքում պարզվի, որ ես մեղավորություն չունեմ, ապա հասարակության մեջ կարող է տպավորություն ստեղծվել, որ ինձ ինչ-որ գործարք է առաջարկվել, որին ես գնացել եմ», - հայտարարեց Աղազարյանը հարցազրույցում:
Մանրամասները՝ քիչ անց