Թեև իշխող կուսակցությունը դեռ պաշտոնական որոշումը չի հրապարակել, թե ինչ է սպասվում Փաշինյանի խնդրանքը չկատարող Հովիկ Աղազարյանին, Ազգային ժողովի խոսնակը կարծում է՝ պատգամավորն այլևս իրենց հետ ճանապարհ չունի։
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ «Քաղաքացիական պայմանագրում» այսօր որոշումը կլինի։ Հովիկ Աղազարյանն իր պատասխանը հրապարակելիս արդեն կանխատեսում էր՝ խմբակցությունում վատ են վերաբերվելու իր քայլին, ենթադրում էր խմբակցությունից կհեռացնեն։
Եթե Փաշինյանը Ալեն Սիմոնյանին խնդրեր մանդատ վայր դնել, չէր վարանի։ «Եթե Հայաստանի Hանրապետության վարչապետն ինձ խնդրի, ես վայրկյան անգամ չեմ ընդդիմանա այդ խնդրանքին», - ընդգծեց նա:
Իշխող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որ Փաշինյանի կուսակցության հնաբնակներից է, երեկ հրապարակեց վերջնական որոշումը՝ կուսակցության առաջնորդի խնդրանքը մերժում է, մանդատը վայր չի դնի։ Իր կյանքի ծանրագույն որոշումն է ընդունել՝ իրեն առնչվող քրեական գործերից ելնելով, հիմնավորել էր իշխանական պատգամավորը։
Հովիկ Աղազարյանը միակն է Փաշինյանի կուսակցությունից ու կաբինետից, որ ընդդիմացավ պաշտոնից հրաժարվելու վարչապետի խնդրանքին ու մանդատը պահեց։
«Անհատական սկզբունքների մասին չի խոսքը, մենք մի կուսակցություն ենք, մի թիմ ենք: Երբ դու ինքդ քեզ դնում ես դուրս էդ թիմից, դա իրավիճակ է, որը ստեղծում ես դու, այլ ոչ թե քո թիմը, որն արձանագրում է, որ դու քեզ դրել ես դուրս», - նշեց Սիմոնյանը:
Սահմանադրությամբ վարչապետն իրավունք չունի միջամտել օրենսդիր ու դատական մարմինների գործունեությանը կամ խնդրել պատգամավորին ու անկախ մարմինների ղեկավարներին պաշտոններից հրաժարվել։
Փաշինյանն ունե՞ր իրավունք, Ալեն Սիմոնյանն այս թեմայով հարցը շրջանցեց. - «Չեմ կարծում, որ նման պարագայում ճիշտ է այդ խնդրանքն անտեսել ու մերժել»:
Աղազարյանի դիմադրությանը Նիկոլ Փաշինյանը դեռ չի արձագանքել։ Իսկ ՔՊ-ականներից ոչ բոլորը համարձակվեցին ուղիղ պատասխանել, թե ինչ կանեին, եթե Փաշինյանը նույն խնդրանքով իրենց դիմեր։
Գագիկ Մելքոնյանն ու Թագուհի Ղազարյանը չէին դիմադրի։ Վիլեն Գաբրիելյանը, իրավաբան Վլադիմիր Վարդանյանը, Արման Եղոյանը, Հակոբ Արշակյանն այս հարցին չպատասխանեցին։
Հովիկ Աղազարյանն այսօր վստահեցնում էր, թե թիմակիցների վերաբերմունքն իր հանդեպ կուսակցության ղեկավարին մերժելուց հետո էլ չի փոխվել, բայց նկատեցինք, որ պատգամավորն այսօր Ազգային ժողովում հիմնականում մենակ էր շրջում, դահլիճ էլ ելումուտը առանց թիմակիցների էր։