«Հայերի վերաինտեգրման» ծրագրի հրապարակումից մեկ տարի անց էլ Բաքուն չի բացահայտում, թե քանի հայ է ցանկացել վերադառնալ Արցախ

«Հայերի վերաինտեգրման» ծրագրի հրապարակումից մեկ տարի անց Բաքուն այդպես էլ չի բացահայտում՝ ի վերջո քանի հայ է ցանկացել այդ ծրագրի շահառու դառնալ՝ վերադառնալ հայրենիք և ապրել Ալիևի ռեժիմի ներքո։ Ադրբեջանի կառավարությունը չի պատասխանել այդ մասին «Ազատության» ադրբեջանական ծառայության հարցումներին։

Անցած տարվա սեպտեմբերյան հարձակումից հետո, երբ Արցախն արդեն հայաթափվել էր, Ադրբեջանը վերաինտեգրման ծրագիր ներկայացրեց։ Դրանում խոստացել էին պաշտպանել Ադրբեջանի քաղաքացիություն կամ կեցության իրավունք ստացող հայերի իրավունքները՝ մասնավորապես թույլ տալ կիրառել մայրենի լեզուն, ապահովել կրոնական ազատությունը, պահպանել մշակութային, կրոնական հուշարձանները։

Այս խոստումներին հետևած ամիսներին, սակայն, ադրբեջանական իշխանությունները վնասեցին Լեռնային Ղարաբաղի մի շարք հուշարձաններ, Ստեփանակերտում հիմնահատակ քանդեցին Ազգային ժողովի շենքը։

Ցուցադրաբար իրականացված այդ ավերածությունները, դրանց նախորդած իննասմյա շրջափակումը, ռազմական հարձակումն ու այդ ամենից հետո էլ հայերի հասցեին Բաքվից չդադարող սպառնալից հռետորաբանությունը ոչ միայն արցախցիներին, այլև անկախ դիտորդներին է հիմք տվել եզրակացնելու, որ Ալիևի վարչակազմը ի սկզբանե անկեղծ չէր հայերին ինտեգրելու իր հավաստիացումներում։

«Հայերի դեմ թշնամության դիսկուրսը պահպանվում է»

Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի փորձագետ Շտեֆան Մայսթերը նկատում է՝ Ադրբեջանի իշխանությունը, որ որևէ քայլ չի արել տասնամյակներ ի վեր միմյանց դեմ պատերազմած երկու ժողովուրդների միջև վստահություն ստեղծելու ուղղությամբ, ինչպե՞ս էր պատկերացնում խաղաղ համակեցությունը: Նույնիսկ հիմա, երբ թվում է՝ Բաքուն հասել է իր նպատակներին, գերմանացի փորձագետի տպավորությամբ, Ադրբեջանի իշխանությունը հայերի նկատմամբ թշնամանքից չի հրաժարվում։

Շտեֆան Մայսթեր

«Իհարկե, կեղծ էր կառավարության վերաինտեգրման առաջարկը։ Հայերի դեմ թշնամության դիսկուրսը պահպանվում է։ Թիրախավորվում են նույնիսկ անկախ փորձագետները, խաղաղության ջատագով ակտիվիստները, ովքեր փորձում են հարաբերություններ հաստատել երկու ժողովուրդների միջև։ Նրաց փակել են բանտերում՝ քրեական մեղադրանքներով։ Հետևաբար ես Ադրբեջանի իշխանության մոտ վստահության ստեղծման լուրջ շահագրգռվածություն չեմ տեսնում, որ ղարաբաղցի հայերը վերադառնան ու իրենց հովանու ներքո ապրեն Ղարաբաղում», - ասել է փորձագետը։

Արցախցիների վերադարձի իրավունքի թեման փակել է նաև պաշտոնական Երևանը։ Խնդրի մասին ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում են արևմտյան պաշտոնյաները՝ այն էլ հիմնականում առանց հասցեական պահանջների։

Ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսն ասում է՝ իր համար ի սկզբանե պարզ էր՝ ինտեգրման անգամ այդ անորոշ, ոչինչ չխոստացող ծրագիրը ձևական քայլ էր Բաքվի կողմից։ Հայերի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում անցանկալի սցենար է ոչ միայն Ադրբեջանի կառավարության, այլև ադրբեջանական հասարակության համար, կարծում է ադրբեջանցի փորձագետը։

Արիֆ Յունուս

«Նախ՝ հակամարտությունը պետք է լուծվի, ազգերի միջև պետք է լինեն նորմալ հարաբերություններ։ Մենք չենք կարող խոսել վերաինտեգրման մասին առանց հարաբերությունները կարգավորելու», - ասել է Յունուսը։

Ադրբեջանի նախագահի կուսակից, պատգամավոր Ջեյհուն Մամեդովը հակառակն է պնդում՝ Բաքուն իր քայլն արել է՝ ներկայացրել է «վերաինտեգրման ծրագիր»։

Հայերը, որ անցած սեպտեմբերին փախչում էին սեփական տներից Ադրբեջանի ռազմական գործողությունների պայմաններում, ադրբեջանցի պաշտոնյայի պնդմամբ, հեռացել են Հայաստանի ու Արևմուտքի հորդորով, քանի որ «նպատակ կար Ադրբեջանին էթնիկ զտումների մեջ մեղադրել»։

Ալիևի կուսակիցը կարծում է՝ Բաքուն կարողացել է հակառակն ապացացուցել, մատնացույց անելով մոտ մեկ տասնյակ հայերի ներկայությունը Արցախում, որոնց ադրբեջանական կառավարությունը չի վտարել։

Ջեյհուն Մամեդով

«Ադրբեջանական կողմը նրանց համար ոչ մի խոչընդոտ չի ստեղծում։ Եթե այս հարցը (վերաինտեգրումը) մեզ չհետաքրքրեր, 30 տարի չէինք սպասի, Հայաստանին այլ հնարավորություն չէինք տա 2020-ից մինչև 2023 թվականը։ Համաշխարհային փորձին նայելով՝ ոչ մի երկիր տարիներ շարունակ չի սպասում վերաինտեգրմանը։ Անցել է մեկ տարի, և մենք չենք պատրաստվում նստել ու սպասել», - ասել է Մաեդովը։

Ինչ նկատի ունի «չսպասել» ասելով՝ ադրբեջանցի պատգամավորը, չի պարզաբանել:

Ինտեգրման ծրագրի նկատմամբ վստահություն տեղահանված հայերի շրջանում չկա

Թեև Բաքվի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղում տեղացիներին չեն սպասում, ինտեգրման ծրագրի նկատմամբ վստահություն տեղահանված հայերի շրջանում չկա։ Իլհամ Ալիևն անցած ամիսներին հայտարարել է՝ Երևանից նույնօրինակ առաջարկ են ակնկալում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» նախկին բնակիչների համար։

Իլհամ Ալիև

«Ինչպես կարող են այսօրվա Հայաստանի, Արևմտյան Ադրբեջանի տարածքից վտարված ադրբեջանցիները, կամ այնտեղից վտարվածների սերունդները վերադառնալ իրենց պատմական հողերը և գնալ այդ վայրեր, կամ ինչպես կարող են ապրել այդ տարածքներում», - հայտարարել է Ալիևը։

Մինչ փորձագետներն, այդ թվում՝ Հայաստանում, Բաքվի այս պահանջները քարոզչական հնարք են համարում, ադրբեջանական մայրաքաղաքի «Դենիզչիլար» հանրակացարանում ադրբեջանցի ընտանիքները սպասում են «Մեծ վերադարձի» իրենց հերթին։ Ի տարբերություն իրենց հազարավոր հայրենակիցների, որոնց բնակեցրել են հայաթափված Ղարաբաղում, «Դենիզչիլար»-ում ապաստանածները թերահավատ են, թե իրենք կարող են հայերի հարևանությամբ ապրել՝ ինչպես նախկինում։

«Ով է ուզում հայերի հետ ապրել, ես ընդհանրապես չեմ ուզում, չեմ ուզում։ Բայց եթե կառավարությունը , մեր պետությունը գիտի ինչ է անում, ապա ես չեմ հրաժարվում», - «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում նշում է մի տղամար։

«Ես չեմ ուզում, չեմ ուզում հայերի հետ ապրել նորից , ոչ -ոչ», - ասում է հանրակացարանի մեկ այլ բնակիչ։ Նրա հարևաններից մեկն էլ հավելում է․ - «Ես հայ չեմ տեսել երբեք, երբեք նրանց մոտ չեմ եղել, ես չեմ պատկերացնում»։