Փոխգնդապետ Ջահարա «Ֆրենկի» Մատիսեկն ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպա է, նախկին հրամանատարական օդաչու, հրահանգիչ և «Բրոնզե աստղի» մեդալակիր։ Նա նաև ԱՄՆ ռազմածովային քոլեջի ազգային անվտանգության հարցերի բաժնի պրոֆեսոր է, լայնորեն ուսումնասիրել և գրքեր է հեղինակել պատերազմական տեխնոլոգիաների, ինչպես նաև անվտանգության ուժերի ամրապնդման մասին:
«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը նրա հետ զրուցել է Ուկրաինայի դեմ արդեն ավելի քան 1000 օր շարունակվող ռուսական հարձակման ու պատերազմի հնարավոր ելքերի վերաբերյալ։
«Ազատություն». - Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից մոտավորապես 1000 օր է անցել: Պատերազմի ո՞ր փուլում ենք:
Ջահարա «Ֆրենկի» Մատիսեկ. - Որոշ առումներով վիճակն ավելի վատ է, քան պատերազմի սկզբում, այլ առումներով՝ ավելի լավ: Ավելի լավ է, քանի որ ավելի շատ եվրոպական միասնություն ունենք ուկրաինական ուժերի պատրաստման և վերազինման հարցում: Ես նաև կպնդեմ, որ ԱՄՆ-ն իրականում այնքան էլ աչքի չի ընկել ուկրաինացիների վերապատրաստման հարցում. մենք մոտ 20 հազար զինվոր ենք միայն մարզել: Այնպես որ, ես չեմ կիսում տեսակետը, թե Միացյալ Նահանգներն ամեն ինչ անում է Ուկրաինայի համար, դա պարզապես ճիշտ չէ։ Եվ դեռ կա նաև մտահոգություն, թե ինչ կանի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը։
Իրավիճակն ավելի բարդ է՝ հաշվի առնելով Հյուսիսային Կորեայի զորքերի ներգրավումը պատերազմի մեջ։ Հարց է առաջանում՝ խոսքը միայն 11 հազար հյուսիսկորեացի զինվորների մասին է, թե նրանց թիվը կարող է ավելանալ, քանի որ լուրեր են ստացվում, որ Փհենյանը ի վերջո կարող է Ռուսաստանին տրամադրել մինչև 100 հազար զինվոր։ Փաստորեն, ռուսական ռազմական մեքենայի թափանիվը շարունակում է պտտվել։ Նրանք շարունակում են նոր տարածքներ գրավել, հատկապես Ուկրաինայի արևելքում։
«Ազատություն». - Այս ամենը հաշվի առնելով՝ պատերազմական ո՞ր գործողության ականատեսն ենք հիմա և որքա՞ն հեռու ենք ավարտից։
Մատիսեկ. - Եթե [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինն եք՝ նստած Մոսկվայում, Դուք ակնհայտորեն ցանկանում եք օգտվել [ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենի] նախագահության վերջին ամիսների խոցելի դրությունից: Այդ առումով շատ լավ է, որ Բայդենի վարչակազմը վերջապես համաձայնեց թույլ տալ Ուկրաինային հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերին՝ ATACMS հրթիռներով, որ ուկրաինացիներն արդեն մի քանի անգամ արձակել են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմի 1000-րդ օրը թե՛ Կիևը և թե՛ Մոսկվան խոսում են այն շարունակելու մասին«Ազատություն»․ - Նայելով՝ ինչ է կատարվում մարտի դաշտում, արդյոք դեռ կան փաստարկներ պնդելու, որ Ուկրաինան կարող է հաղթել և ազատագրել իր ողջ տարածքը, թե այդ այդ հնարավորությունն այլև չկա:
Մատիսեկ. - Հաշվի առնելով ներկայիս միտումները՝ հեռանկարն այնքան էլ լավը չէ, սակայն ես կարծում եմ, որ այս միտումները կարող են փոխվել։ Դա կլինի, եթե Եվրամիությունը՝ ԵՄ դրոշի ներքո, առաքելություն ուղարկի Ուկրաինա և գիծ քաշի՝ ասելով, որ «ռուսական ուժերը չեն անցնի այս գիծը, որովհետև մենք դա դիտարկում ենք որպես ներխուժում Եվրոպա»:
«Ազատություն». - Որքանո՞վ է դա հավանական՝ հաշվի առնելով այն, ինչ մենք տեսել ենք Եվրոպայից: Հետաքրքիր է, որ խաղաղության ծրագրերից մեկը, որը ի հայտ է եկել նորընտիր նախագահ Թրամփի ճամբարից, իրականում ենթադրում է ապառազմականացված գոտու ստեղծում, որտեղ պետք է տեղակայվեն ոչ թե ամերիկյան, այլ եվրոպական զորքեր: Որքանո՞վ է իրատեսական, որ Եվրոպան դրան այո կասի:
Մատիսեկ. - Այն միտքը, որ ռուսական ուժերը առաջիկա երեք-հինգ տարիների ընթացքում ի վերջո կարող են հասնել Կիև կամ դրանից ավելի արևմուտք ընկած տարածքներ, կստիպի եվրոպացիներին դա անել, ինչպես նաև ամերիկացիներին կստիպի ասել եվրոպացիներին՝ «դուք պետք է դա անեք»:
Եվ դրա մոդելը կա՝ այնպես, ինչպես բաժանվեցին Հյուսիսային և Հարավային Կորեաները: Արդյոք դա լավագույն, իդեալական ելքն է: Ո՛չ, իհարկե, լավագույն, իդեալական ելքն այն է, որ ռուսական ուժերը լքեն Ուկրաինայի ողջ տարածքը։ Բայց մենք պետք է իրատես լինենք: Որքանո՞վ են ամերիկացիները, կանադացիներն ու եվրոպացիները պատրաստ կռվել և զոհվել ուկրաինական տարածքի յուրաքանչյուր սանտիմետրի համար: Մինչդեռ այդ պլանով դուք, ըստ էության, ստեղծում եք հսկայական ապառազմականացված գոտի՝ մի կողմից Ուկրաինայի, իսկ մյուս կողմից Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի օկուպացված հատվածների միջև: Դա, ըստ էության, կլինի միլիոնավոր ականներով, ուկրաինական պաշտպանական ռազմաբազաներով, հավանաբար, Եվրամիության դրոշի ներքո գտնվող խաղաղապահ ուժերով համալրված գոտի, որը փաստացի կդառնա մի մեծ զսպող միջոց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Զելենսկու՝ Պուտինը մտադիր է վերադարձնել Կուրսկը նախքան Թրամփի պաշտոնավարումը«Ազատություն»․ - Մենք հիմա հիպոթետիկ բաների մասին ենք խոսում, այդպես չէ՞: Եթե այդ ծրագիրն իրականություն դառնա, ովքե՞ր պիտի տեղակայվեն ապառազմականացված այդ գոտում՝ ուկրաիացիներից բացի։
Մատիսեկ. - Դա պետք է լինի առաքելություն՝ Եվրամիության դրոշի ներքո: ՆԱՏՕ-ն չի ցանկանա հանդես գալ այդ դերում։
«Ազատություն». - Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի պատճառո՞վ, որը նախատեսում է համատեղ պաշտպանություն որևէ անդամի վրա հարձակման դեպքում:
Մատիսեկ․ - Այո՛:
«Ազատություն»․ - Մենք խոսեցինք արդեն Միացյալ Նահանգների՝ ATACMS հրթիռների կիրառումն արտոնելու մասին։ Ի՞նչ է փոխվել Բայդենի վարչակազմի հաշվարկներում, որ նրանց ստիպել է մտածել, որ այժմ ժամանակն է:
Մատիսեկ. - Միանշանակ է, որ վարչակազմը մեծ ճնշման տակ է հայտնվել Հյուսիսային Կորեայի 11 հազար զինվորականների [Ռուսաստանի Կուրսկի շրջանում] ներգրավման պատճառով: Հարավկորեացիները նույնպես բավականին վրդովված ու զայրացած են այս կապակցությամբ։ Այսպիսով, սա պետք է, որ բնական պատասխան լիներ:
«Ազատություն». - Ընդհանուր ընկալումը կարծես թե այն է, որ նման որոշումը շատ ուշացած է։ Այնուամենայնիվ, ի՞նչ ազդեցություն կունենա այս շրջադարձը:
Մատիսեկ. - Կրկնվեմ՝ ներկայիս վարչակազմի կողմից նման որոշումները մշտապես եղել են ուշացած և պահանջվածից քիչ։ Չափազանց շատ են եղել քննարկումներ, չափազանց շատ ժամանակ է տրվել Ռուսաստանին հարմարվելու՝ այդ նոր սպառազինության կիրառմանը: Վստահաբար ասում եմ՝ զենքն արտոնելու հայտարարությունից հետո ռուսներն ամեն ինչ արեցին զորքերի կուտակումներից խուսափելու և զինանոցներից զենքերը դուրս հանելու առումով, որպեսզի ATACMS հրթիռների հարվածները հնարավորինս քիչ վնաս հասցնեն։ Երբ դուք նման բաներ եք անում, դա ավելի շատ է հիշեցնում քաղաքականության և դիվանագիտության պատերազմ, քան Ռուսաստանին ռազմական ճանապարհով պարտության մատնելու և նոր ներխուժումների նրա կարողությունը չեզոքացնելու համար իրական պայքար: