Հակոբ Ասլանյանը հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից

Հակոբ Ասլանյան, արխիվ

Հակոբ Ասլանյանը հեռացվեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, հայտնեց խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

ՔՊ փակ նիստը քիչ առաջ ավարտվեց։

Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ կուսակցությունից Հակոբ Ասլանյանին հեռացնելու որոշումը վարչության նիստում կորոշվի:

Ըստ խմբակցության քարտուղարի՝ Հակոբ Ասլանյանը չի ցանկանում մանդատը վայր դնել։

Ինքը՝ Ասլանյանը, հրաժարվել է մեկնաբանել խմբակցության որոշումը:

ՔԽ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի փոխանցմամբ՝ նա հեռացվել է «լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով»:

Ավելի վաղ Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ նախընտրում է արդարությունը և հանուն ընկերոջ՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի, մեկ ամսով կասեցնում է անդամակցությունը Փաշինյանի գլխավորած կուսակցությանը:

Այս հայտարարությունից ժամեր անց Հակոբ Ասլանյանի ֆեյսբուքյան էջում հայտնվեց «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ նամակագրության սքրինշոթը։ ՔՊ-ական նախարարը Ասլանյանին տեքստ է ուղարկում, որ նա իր անունից հրապարակի նախարարի ձևակերպած տեքստը, որ զղջում է այսօրվա հայտարարությունների համար։ Մխիթար Հայրապետյանն «Ազատության» հետ զրույցում հաստատել է, որ իր նամակն իրական է, ասելով, որ Ասլանյանն իր ուսուցիչն է եղել և այսօր իր հետ խորհրդակցել է ու խնդրել օգնել հայտարարության տեքստ գրել։

  • Հովիկ Աղազարյանին «Քաղաքացիական պայմանագրից» հեռացրին կուսակցական փակ քննարկումից տեղեկություն լրագրողին հայտնելու, կուսակցական ու բարոյական նորմեր խախտելու պատճառաբանությամբ։ Այս որոշումը եղավ Աղազարյանի հայտարարությունից հետո, որ հրապարակավ մերժեց Փաշինյանի խնդրանքն ու մանդատը վայր չդրեց։