Մատչելիության հղումներ

Հակոբ Ասլանյանը մեկ ամսով կասեցնում է իր մասնակցությունն իշխող խմբակցությանը


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյան, արխիվ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյան, արխիվ

Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարում է, որ մեկ ամսով կասեցնում է իր մասնակցությունն իշխող խմբակցությանը։

Նա Factor TV-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ծանոթացել է իր ընկեր, ՔՊ խմբակցությունից օրերս հեռացված Հովիկ Աղազարյանի կյանքին առնչվող տեղեկատվությանը՝ հայտարարելով՝ այնտեղ չի գտել որևէ բան, որի համար կամաչեր իր ընկերոջ փոխարեն։

«Այնտեղ դրված չեն այնպիսի բաներ, որոնք կարելի է պետական դավաճանության քողի տակ դնել», - ասաց Ասլանյանը՝ խնդրանքով դիմելով խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին՝ ձևավորել խմբակցության անդամներից բաղկացած պատգամավորական խումբ։

«Խմբի առջև Հովիկ Աղազարյանը կտա պարզաբանումներ, եթե խմբի անդամներին չհաջողվի համոզել ինձ փոխել իմ մոտ ձևավորված կարծիքը, ապա իմ հետագա համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ դառնում է անհնարին և հարցականի տակ է դրվում հետագա համագործակցությունը», - հայտարարեց Ասլանյանը՝ նշելով, որ այդ դեպքում դուրս կգա խմբակցությունից։

Հովիկ Աղազարյանին ՔՊ շարքերից հեռացրեցին վարչապետ Փաշինյանի խնդրանքը մերժելուց հետո։ Վարչապետը խնդրել էր Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատները։ Զեյնալյանը հնազանդվեց, իսկ Աղազարյանը հրապարակային մերժեց Փաշինյանի խնդրանքը։

Վարչապետը խորհրդարանում հայտարարեց, թե տարբերակ կգտնեն Աղազարյանին մանդատից զրկելու համար:

Դրանից հետո ՔՊ-ականները սկսեցին պնդել, թե պատգամավորը պետական ու կուսակցական գաղտնի տեղեկատվության արտահոսքի պատճառ է դարձել։

XS
SM
MD
LG