Հակոբ Ասլանյանին հեռացրին իշխող խմբակցությունից. Գագիկ Մելքոնյանը պնդում է՝ «թիմը ոչինչ չի կորցրել»

Հովիկ Աղազարյանից հետո Հակոբ Ասլանյանին հեռացրին իշխող խմբակցությունից։ Թիմը ոչինչ չի կորցրել, ասում է նրանց նախկին գործընկերը՝ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Ասլանյանից ու Աղազարյանից ոչ մի օգուտ չունե՞ր «Քաղաքացիական պայմանագիրը»։ Մելքոնյանը, որ մինչև հիմա չի անդամակցել կուսակցությանը, կարծում է՝ անփոխարինելի մարդ չկա իրենց շարքերում ու առհասարակ։

Նիկոլ Փաշինյանն էլ անփոխարինելի չէ՞. - «Հիմա ինքը անփոխարինելի է»:

Ասլանյանին հեռացրին իշխող թիմից Փաշինյանին չենթարկված Հովիկ Աղազարյանին պաշտպանելու համար։

Պատգամավոր Ասլանյանն անարդար էր համարում ընկերոջ նկատմամբ թիմակիցների արածը, որ մտել էին Աղազարյանի անձնական կյանք։ Նա համարձակվել էր հակառակվել Նիկոլ Փաշինյանին, ով պնդել էր, թե Հովիկ Աղազարյանը փակ քննարկումից պետությանը վնասող տեղեկություն է հրապարակել։

Ասլանյանը երեկ հայտարարեց մեկ ամսով Փաշինյանի գլխավորած կուսակցությանն իր անդամակցությունը սառեցնելու մասին ու նախապես էլ շեշտեց չի վախենում ոչնչից, ինչպես նախկինում, երբ այլախոհ էր։

«Էնտեղ շատ մարդիկ կային, որ չէին ծնվել, երբ որ 70-ական թվականներին ես որպես այլախոհ հետապնդվում էի», - նշել է նա:

Համարձակ ու անկաշկանդ հարցազրույցից մի քանի ժամ անց նույն Ասլանյանի ֆեյսբուքյան էջում հայտնվեց զղջման տեքստ, որ իր խոսքերը էմոցիոնալ ու սխալ տեղեկությունների հիման վրա են եղել, ինքը ցանկանում է մնալ «Քաղաքացիական պայմանագրում»։

Այս տեքստը նրան էր ուղարկել իր աշակերտը՝ կուսակցական նախարար Մխիթար Հայրապետյանը ու Ասլանյանը հենց նամակագրությունն էլ ուղիղ էջում էր տեղադրել։ Սա էլ նրան չփրկեց:

Իշխանական Ասլանյանը մինչև նիստը չէր հեռացրել այդ տեքստը, անգամ նիստին էր մասնակցել, խմբակցության որոշումը հրապարակվելուց հետո միայն նա նամակագրությունը էջից հեռացրեց ու թողեց համարձակ հարցազրույցը։

Նա գործընկերների հոգեվիճակից էլ էր երեկ խոսել՝ արդարության կողմնակից են, բայց չեն համարձակվում իր պես խոսել։

Իսկ ի՞նչ էր կատարվել իր հետ, որ համարձակ քայլից ժամեր անց զղջաց ու նահանջեց։ ճնշումնե՞ր են եղել։ Նախկին իշխանականը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել։

Ասլանյանին շուտով նաև կուսակցությունից էլ կհեռացնեն, բայց նա մանդատից չի հրաժարվում, կշարունակի աշխատել Հովիկ Աղազարյանի պես՝ անկախ պատգամավորի կարգավիճակում։