Մատչելիության հղումներ

«Ուզում էի խեղդեի». ըստ Ալեն Սիմոնյանի՝ Աղազարյանը լրատվամիջոցներին գաղտնի տեղեկություններ է հայտնել


Հովիկ Աղազարյան
Հովիկ Աղազարյան

«Ես ուզում էի անձամբ իրան ինչ-որ ձևով խեղդեի, հա». - Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը պատգամավոր Հովիկ Աղազարյանին է ցանկանում խեղդել, որ ըստ նրա լրատվամիջոցներին փակ քննարկումներից գաղտնի տեղեկություններ է հայտնել։

«Պարզվում է, որ այդ կոմունիկացիայի ընթացքում ինֆորմացիաներ կան, որ դուրս են եկել ու հայտնվել են մամուլում», - հայտարարեց Սիմոնյանը:

Ի՞նչ բնույթի տեղեկություններ են, որ Աղազարյանին կուսակցությունից ու խմբակցությունից հեռացնելու հիմք դարձան։ Ալեն Սիմոնյանն ու մյուս ՔՊ-ականներն այդպես էլ բովանդակությունը չգաղտնազերծեցին։ Միայն նշում էին, թե պետությանը վնաս է հասցրել։ Փակ քննարկման մանրամասներ է պատմել լրատվամիջոցներին։

Հովիկ Աղազարյանին իրենց շարքերից հեռացրեցին վարչապետ Փաշինյանի խնդրանքը մերժելուց հետո։ Փաշինյանը մոտ երկու շաբաթ առաջ խնդրել էր երկու պատգամավոր մանդատը վայր դնեն։ Նարեկ Զեյնալյանը հնազանդվեց, իսկ Աղազարյանը դիմադրեց ու հրապարակային մերժեց Փաշինյանին։

Դրանից հետո պարզվեց, որ իրենց թիմակիցը պետական ու կուսակցական գաղտնի տեղեկատվության արտահոսքի պատճառ է դարձել։

«Կարող է պատահի և զրույցների ընթացքում մի բան եմ ասել, որ կարելի չէր ասել, չեմ հիշում կոնկրետ էդպիսի դեպք, որ նպատակամղված, պլանավորված, էսօր էս եմ ասել արտահոսք, հետո էն եմ ասել արտահոսք», - ասաց Հովիկ Աղազարյանը:

Իսկ ինչպե՞ս իմացան, որ այդպիսի բան է եղել։ Ուղիղ հայտարարում են՝ Հակակոռուպցիոն կոմիտեից են փոխանցել, որ տասն օր առաջ առգրավել էին պատգամավորի հեռախոսը բոլորովին ուրիշ գործով։ Այդ քրեական գործին չառնչվող անձնական տեղեկություններն էլ են ուսումնասիրել ու փոխանցել կուսակցություն։

«Իմ հեռախոսի միջից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ, ով ա տվել էդ նյութերը տվել վարչապետին, ինչ նպատակով ա տվել, ես չեմ կարող ասել», - ընդգծեց Աղազարյանը:

Քննչականի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպի գործով հարուցված վարույթով են Աղազարյանի հեռախոսը վերցրել։

«Քննիչն ասաց, որ իրենց հետաքրքրում է միայն ու միայն այն հեռախոսազանգերը, որոնք կապ ունեն պարոն Քյարամյանի հետ էդ գործով: Ես ասացի՝ բայց ես լիքը բաներ ունեմ, որ չեմ ուզի, որ կարդաք, հրապարակվի, ասաց՝ «պարոն Աղազարյան, էս ինչե՞ր եք ասում, Դուք գիտե՞ք որ պետության մեջ եք», բայց պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են», - ներկայացրեց Աղազարյանը:

Իշխող կուսակցությունից ասում են՝ Աղազարյանը նաև հանրային բարոյական նորմեր է խախտել։ Ալեն Սիմոնյանը շոկի մեջ է նաև իրենց հասանելի դարձած ոչ պետական ու կուսակցական բովանդակությունից։ Հայհոյե՞լ է, ի՞նչ է ասել, Աղազարյանի նախկին թիմակիցը չի հրապարակում իր կարդացածը։

Աղազարյան-Փաշինյան թեման չանտեսվեց կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում

Աղազարյան-Փաշինյան թեման միայն խորհրդարանի միջանցքներում չէր եռում, կառավարութան հետ հարցուպատասխանին էլ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարցրեց՝ ՔՊ-ականների նկարագրած ժողովրդավարության բաստիոնում ինչպե՞ս է պատգամավորի հեռախոսը Քննչականից վարչապետի կաբինետ հայտնվում։

«Պիտի հիասթափեցնեմ Ձեզ, Հովիկ Աղազարյանի հեռախոսը իմ սեղանին չի հայտնվել ու չէր էլ կարող հայտնվել: Հովիկ Աղազարյանի հեռախոսը քրեական գործի շրջանակներում առգրավվել է անկախ մարմնի կողմից ու անկախ մարմինն օրենքով սահմանված կարգով բոլոր թույլտվություններն ունենալով, բոլորովին ուրիշ գործով քննչական հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի, որն այդքան էլ անկախ չէ ու երբ այդ մարմինն այդ քննչական հանձնարարականը կատարելու ընթացքում հանդիպել է տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ ու այդ պարագայում այդ մարմինը պարտավոր էի իր գործառույթների շրջանակում պարտավոր էր զեկուցել իր վերադասին, տվյալ դեպքում Հայաստանի վարչապետին», - արձագանքեց Փաշինյանը:

Եթե պնդում են, որ նախկին թիմակիցը պետությանը վնասող տեղեկություն է հայտնել, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ քրեական գործ կհարուցվի ու Աղազարյանի հետևից խորհրդարան կգնա գլխավոր դատախազը, նրան կզրկեն մանդատից ու կկալանավորեն։

«Այո, ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի քաղաքական, բարոյական ու այլ լծակներ նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տված մանդատից զրկելու համար», - ընդգծեց վարչապետը:

Կա՞ արդյոք արդեն Աղազարյանի դեմ հարուցված քրեական գործ. Գլխավոր դատախազությունից «Ազատության»-ը կոնկրետ չպատասխանեցին, առաջարկեցին գրավոր դիմել։

XS
SM
MD
LG