«Բալասանյան» դաշինքի հրաժարականից երկու շաբաթ անց Գյումրին արտահերթ ընտրությունների շեմին է։ Այսօր հրավիրված ու տապալված ավագանու նիստից պարզ դարձավ, որ ավագանին իր կազմից նոր համայնքապետ չի ընտրի։
Նիստը «Քաղաքացիական պայմանագիր»-ն էր հրավիրել, ընդ որում համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով, բայց խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը միաժամանակ տեղեկացրել էր, որ իրենց կազմից թեկնածու չեն առաջադրի, գնում են արտահերթի։ Մյուս երեք ուժերն այդպես էլ նիստին չեկան, ու եթե նույնիսկ այդ ուժերը համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրեն, բավարար ձայներ չունեն ընտրելու համար։
Իսկ ինչո՞ւ ՔՊ-ն, որ հիմա ամենամեծ խմբակցությունն է, չգնաց ավագանու կազմից համայնքի ղեկավար ընտրելու ճանապարհով։ «Քանի որ «Բալասանյան» դաշինքը ըստ էության ամենաշատ քվե ստացած խմբակցությունն է եղել, և իրենք իրենց մանդատները վայր են դրել, մենք համարում ենք, որ այս ավագանին այլևս լեգիտիմ չէ՝ իր լիազորությունները իրականացնելու, և լեգիտիմ չէր լինի, որպեսզի մենք ավագանուց ընտրեինք համայնքի ղեկավար», - ասաց Քնարիկ Հարությունյանը:
Ավագանին 14 օրվա ընթացքում դարձյալ կարող է նիստ հրավիրել համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով, և եթե այդ մեկն էլ տապալվի, Կառավարությունն ավագանին կլուծարի, արտահերթ ընտրություններ կնշանակի։
ՔՊ-ում ի սկզբանե հակված էին արտահերթին, բայց կարծես չէին շտապում։ Ազգային ժողովի խոսնակը նույնիսկ որպես ժամկետ նշել էր հաջորդ տարվա ամառը, իսկ ներկայիս զարգացումների դեպքում արտահերթ ընտրությունները, ըստ ամենայնի, հունվարի առաջին կեսին կկայանան։ Կուսակցությունում որոշել են, որ ժամանակ ձգելու կարիք չկա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Գյումրիում պատրաստ ենք գնալ նոր ընտրությունների». Ալեն Սիմոնյան«Մենք ուզում ենք արագ գնալ արտահերթ ընտրությունների, որպեսզի քաղաքը կոլապսի չտանենք: Մեր միակ նպատակը դա է արտահերթ ընտրությունների գնալու, որովհետև այս վիճակը երկար ժամանակ շարունակվել չի կարող: Էլի եմ կրկնում՝ փաստացի քաղաքը զրկված է գործադիր իշխանության ներկայացուցիչներից, և այսպես շատ երկար ժամանակահատվածում կառավարում իրականացնելը խայտառակ իրավիճակ կստեղծի Գյումրիում», - ընդգծեց Քնարիկ Հարությունյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Գյումրիի կառավարումը կոլապսի եզրին է, պնդում է ավագանու անկախ անդամըԳյումրիի քաղաքապետարանն աշխատում է առանց ղեկավարությանԻսկ ո՞վ է կառավարելու Գյումրին մինչ արտահերթ ընտությունները, երբ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ նրա տեղակալը տնային կալանքի տակ է։ Այստեղ օրենքը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հնարավորություն չի տալիս վարչապետին։
«Այս պահին քաղաքապետարանում աշխատակազմի ղեկավարն է և պաշտոնի անձնագրով, և իր մասով իր բոլոր լիազորություններն իրականացնում է, նաև գիտեմ, որ ՓԲ-ների տնօրեններն են շարունակում աշխատել, այսինքն՝ աղբահանության, տրանսպորտի հետ կապված այս պահին դեռևս խնդիր չունենք, հուսամ, որ աշխատակիցներն այս մասով մինչև վերջ իրենց վրա կվերցնեն, ու քաղաքը որևէ ցնցման չեն տանի», - ասաց աշխատակազմի ղեկավարը։
Արդեն 2 շաբաթ է մոտ 160 հազար բնակիչ ունեցող քաղաքը կառավարիչներ չունի։ Նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու մերձավորների դեմ հարուցված քրեական վարույթից հետո իշխող «Բալասանյան» դաշինքը հրաժարական տվեց, բայց այդպես էլ պատճառների մասին հրապարակավ չխոսեց։ Իսկ քաղաքական ու իրավական այս զարգացումներին ուշի ուշով հետևում են նաև համայնքապետարանի 2000-ից ավելի աշխատակիցները, որոնք դեռ աշխատավարձ չեն ստացել ու մտահոգված են՝ բա որ ուշացնեն կամ չստանան։ Աշխատավարձերը վճարելու վերջնաժամկետը յուրաքանչյուր ամսվա 15-ն է։ Համայնքապետարանից ասում են՝ աշխատում են այդ ուղղությամբ։