Մատչելիության հղումներ

Բավարարվել են «Բալասանյան» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված 5 հոգու՝ ցուցակից դուրս գալու դիմումները


Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովն այսօրվա նիստում բավարարեց 2021 թվականին «Բալասանյան» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված, բայց ավագանու մանդատ չստացած հինգ հոգու՝ ցուցակից դուրս գալու դիմումները։

Նոտարի վավերացմամբ ներկայացված դիմումներից մեկն էլ ուղարկել էր փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, որը ևս «Բալասանյան» դաշինքի նախընտրական ցուցակի վերջին համարներից է ու մանդատ չի ստացել։

Տնային կալանքում գտնվող Ջանոյանը նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի քրեական գործով անցնող անձանցից մեկն է։ Իրավապահները պնդում են, որ նաև նրա օգնությամբ են Բալասանյանները կեղծիքով տիրացել Գյումրիի պատմական Սև բերդի հարակից հողերին։

Հենց այս քրեական գործից հետո սկսեցին համառ լուրեր պտտվել, որ իշխող «Բալասանյան» դաշինքը շուտով ողջ կազմով վայր է դնելու մանդատները։ Ավագանու գործող անդամներից, սակայն, ընտրատարածքային հանձնաժողովը այս պահի դրությամբ նման դիմում չի ստացել։

Այժմ «Բալասանյան» դաշինքի նախընտրական ցուցակում մեկ հոգի է մնում, որ ցուցակից դուրս գալու դիմում չի ներկայացրել։ Նա Հայաստանում չէ։

Եթե «Բալասանյան» դաշինքը մանդատները վայր դնի, իսկ վերջինս ցուցակից դուրս գալու դիմում չներկայացնի, ապա ըստ հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանի, նրան մանդատ կտրամադրվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG