Գյումրիում ավագանու նիստը կես ժամով հետաձգվեց՝ քվորում չլինելու պատճառով: Նիստին ներկա էին «Քաղաքացիական պայմանագրից» ավագանու 9 անդամներ, մյուս խմբակցություններից որևէ մեկը ներկա չէր:
Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն ավելի վաղ հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Գյումրիի ավագանու առաջիկա նիստում չի պատրաստվում քաղաքապետի թեկնածու առաջադրել կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին:
«Թեև այս պահին գործող ավագանու կազմում «Քաղաքացիական պայմանագիրը» մեծամասնություն է, բայց գործող ավագանին չի արտացոլում 2021-ին ձեր կատարած քվեարկության արդյունքները` ինչպես նաև հաշվի առնելով քաղաքի կառավարումը բարձիթողի վիճակում չթողնելու, ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ և անցնցում հաղթահարելու անհրաժեշտությունը «Քաղաքացիական պայմանագիրը» առաջիկա ավագանու նիստում չի պատրաստվում առաջադրել քաղաքապետի թեկնածու կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին, և քանի որ առանց «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամների ձայների ոչ ոք չի կարող համայնքապետ ընտրել՝ Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ», - մասնավորապես նշել է Քնարիկ Հարությունյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Գյումրիի քաղաքապետ ընտրելու օրակարգով նոյեմբերի 8-ին արտահերթ նիստ է հրավիրել։ Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Գյումրիում ՔՊ կուսակցության քաղաքապետի թեկնածուն Կարեն Սարուխանյանն է լինելու:
Գյումրին առանց իշխանության է մնացել, երբ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու նրա մերձավորների, այդ թվում՝ փոխքաղաքապետ Ջանոյանի դեմ գործի հարուցումից հետո իշխող «Բալասանյան» դաշինքը ողջ կազմով հրաժարական տվեց։