Մատչելիության հղումներ

Գյումրիի քաղաքապետը հրաժարական ներկայացրեց


Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյան, արխիվ
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյան, արխիվ

«Ազատության» տեղեկություններով՝ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն արդեն գրել է հրաժարականի դիմումը։ Սպասվում է, որ առաջիկայում նաև ավագանու «Բալասանյան» խմբակցության անդամները վայր կդնեն մանդատները։ Ավելի ուշ իշխող ուժը հայտարարություն կտարածի։

Չնայած հրաժարականի մասին լուրերը պտտվում են դաշինքի հետ սերտորեն առնչող նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ քրեական վարույթի հարուցումից անմիջապես հետո, բայց այս ընթացքում ոչ Բալասանյանները, ոչ քաղաքապետը, ոչ էլ ավագանու անդամները որևէ կերպ չեն բացատրել, թե ինչու են հերթական ընտրություններից երկու տարի առաջ հրաժարվում Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի կառավարումից։

Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովը մանդատներից հրաժարվելու՝ համայնքապետի կազմած արձանագրությունը մինչ այս պահը դեռ չի ստացել։

«Բալասանյան» դաշինքը Գյումրին ղեկավարում է արդեն երեք տարի, որից երկու տարին՝ «Քաղաքացիական պայմանագրի» հետ համատեղ։ Անցած տարեվերջին «Քաղաքացիական պայմանագիրը» խզեց «Բալասանյան» դաշինքի հետ կոալիցիոն հուշագիրը, և այդ օրվանից նախկին կոալիցիոն գործընկերների ջրերը մի առվով չէին հոսում։ ՔՊ-ական մարզպետը, տարածքային կառույցի ղեկավարը չէին թաքցնում, որ Գյումրիում ընդդիմություն դարձած ՔՊ-ն ձգտում է իշխանության։

«Երբ որ հասունացավ էն պահը, որ մենք պետք է նոր ընտրություններ կազմակերպենք, գնանք իշխանափոխության, էդ արդեն կյանքը ցույց կտա, ժամանակի հարց է՝ պետք է գանք հասնենք էդ փուլին», - հայտարարում էր մարզպետ Մուշեղ Մուրադյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է, այո, Գյումրու ՏԻՄ ընտրություններին», - իր հերթին, ընդգծում էր կուսակցության Գյումրիի կառույցի ղեկավար, պատգամավոր Կարեն Սարուխանյանը:

Այս պահին Գյումրիում դեռ ներքաղաքական անորոշություն է։ Հայտնի չէ, թե ինչ սցենարով կզարգանան իրադարձությունները։ Համենայն դեպս, օրենքով նախ ավագանին պետք է փորձի իր կազմից ղեկավար ընտրել, եթե ՔՊ-ին դա չհաջողվի, ապա արտահերթ ընտրություններ կլինեն։

«Ազատության» տեղեկություններով՝ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն այս պահին Գյումրիի կառույցի ղեկավարն է։ Ինքը Սարուխանյանն «Ազատության» հետ զրույցում ո՛չ հերքել էր, ո՛չ հաստատել տեղեկությունը, բայց և շեշտել էր, որ ըստ կուսակցության կանոնադրության՝ տարածքային կառույցների ղեկավարները դառնում են ընտրություններում նախընտրական ցուցակները գլխավորողներ։

«Քննարկում եղել է, և, այո, «Քաղաքացիական պայմանագիրը» ունի այդ մոտեցումը, որ տարածքային կազմակերպությունների ղեկավարները համարվում են տվյալ տարածքում քաղաքական թիմի լիդեր», - ասել էր Կարեն Սարուխանյանը:

ՔՊ-ն թեժ աշուն էր խոստացել Գյումրիում։ «Բալասանյան» դաշինքը դեռ մանդատները վայր չի դրել, բայց ՔՊ-ն անցած շաբաթվանից արդեն հայտարարում է արտահերթ ընտրությունների պատրաստվելու մասին։

Իսկ աշունը թեժացավ երկու շաբաթ առաջ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասայանի, նրա որդու ու մյուս մերձավորների նկատմամբ քրեական վարույթի հարուցումից հետո։ Վերջիններս մեղադրվում են պատմական Սև բերդ ամրոցի հարակից հողատարածքների ապօրինի օտարման մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG