Մատչելիության հղումներ

Գյումրիի ավագանու նախկին անդամները ՔԿ են հրավիրվում հարցաքննության


Ինչի՞ համար են մեղադրվում Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը, նրա կրտսեր որդին ու նրանց երեք մերձավորները։ Հենց այս քրեական գործի հարուցումից հետո երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը մնաց առանց իշխանության, երբ շաբաթվա սկզբին իշխող «Բալասանյան» դաշինքը ողջ կազմով վայր դրեց ավագանու մանդատները, քաղաքապետն էլ հրաժարական տվեց։

Իրավապահները հայտնում են, որ Բալասանյան ընտանիքն ապօրինի է օտարել իրեն պատկանող 19-րդ դարի Սև բերդի հարակից հողերը։ Քննչականի փոխանցմամբ՝ այդ հողերը օտարման ենթակա չեն եղել, բայց Սամվել Բալասանյանի քաղաքապետության տարիներին փաստաթղթեր են կեղծվել առքուվաճառք ձևակերպվել, որի վերջնարդյունքում օտարված բոլոր հողակտորները գնել է կրտսեր Բալասանյանը։

Այս գործով 5 մեղադրյալներից 3-ը տնային կալանքի տակ են, մեկը չհեռանալու ստորագրություն է տվել, իսկ ԱՄՆ-ում գտնվող ավագ Բալասանյանին ձերբակալելու որոշում կա։

Արդյոք 70-ամյա նախկին քաղաքապետի նկատմամբ արդեն հետախուզում հայտարարվել է, «Ազատության» այս հարցմանը ոստիկանությունը հրաժարվել է պատասխանել՝ պնդելով, թե տեղեկությունը կխախտի անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիությունը։

Մինչ այդ Գյումրիի ավագանու նախկին անդամներն են հրավիրվում Քննչական կոմիտե հարցաքննության։ «Ազատություն»-ը դիմեց նրանցից մի քանիսին, բայց հրաժարվեցին խոսել իրենց օրոք հաստատված այս գործարքի մասին։

Ավագանու անդամները 2018-ի հոկտեմբերին են հաստատել օտարվող հողատարածքների աճուրդի ցանկը, այդ թվում և պատմական ամրոցի հարակից հողերը։ Հարցաքննության ծանուցում ստացած ավագանու նախկին ընդդիմադիր անդամ Լևոն Բարսեղյանն օրերս «Ազատության» հետ զրույցում պնդել էր, թե ավագանու համար բավարար է եղել ներկայացված փաստաթղթերի փաթեթը, և ինքն անձամբ կողմ է քվեարկել։

Լևոն Բարսեղյանը ցույց էր տվել ավելի վաղ՝ 2015-ին, Սև բերդի հարակից հողատարածքի առաջին մասնաբաժնի առքուվաճառքի պայմանագիրը։ Ըստ այդ փաստաթղթի՝ Պաշտպանության նախարարությունն իր սեփականությունը հանդիսացող մեկ հեկտար հողատարածքը 13 միլիոն դրամով վաճառել է Սուրեն Ջանոյանին։ Գործով մեղադրյալ Ջանոյանը մինչև երկուշաբթի զբաղեցնում էր Գյումրիի փոխքաղաքապետի պաշտոնը։

«Պաշտպանության նախարարությունը հողը ծախել է մասնավոր անձի, քաղաքապետարանի պաշտոնյաներին մեղադրանք եք ներկայացրել, գնացեք, մի հատ ՊՆ-ից մեղադրյալ չկա՞ այդտեղից ներգրավելիք, կասկածյալ չկա՞», - հարցնում է Լևոն Բարսեղյանը, հավելելով՝ կարծում է՝ մինչ համայնքապետարանի պաշտոնյաներին հասնելը իրավապահները նախ այս երկու կառույցներից պետք է սկսեին։

Ավագանու նախկին անդամն այս գործում քաղաքական ենթատեքստ է տեսնում։

Մինչդեռ Հայաստանի իշխող ուժը, որը Գյումրիում մեկ տարի է՝ ընդդիմություն է, կտրականապես հերքում է քաղաքական ճնշման մասին պնդումները։

«Եթե իշխող ուժը որևիցե տեղ ճնշեր, մենք հիմա բազմաթիվ բանտարկյալներ կունենայինք, հայտնի անուններ և դատական վճիռներ։ Բարեբախտաբար, այդ բանը մնացել է անցյալում, և ցավոք սրտի, այդ բոլոր պնդումները մեզ հերթական անգամ սևացնելու համար են», - ասել է ԱԺ նախագահը Ալեն Սիմոնյանը։

Բալասանյանների փաստաբանները, ինչպես նաև հրաժարական տված «Բալասանյան» դաշինքն առայժմ հրաժարվում են խոսել և քրեական գործի, և քաղաքական զարգացումների մասին։ Իսկ նախկին փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանի փաստաբանը միայն փոխանցեց, որ իր վստահորդը մեղադրանքը չի ընդունում։

Մեղադրանքի վերաբերյալ իրենց դիրքորոշումը փաստաբանները պատրաստվում են առաջիկայում հայտնել։

XS
SM
MD
LG