Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական քարտեզ չկա․ փոխվարչապետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

Հայ - ադրբեջանական սահմանի ամբողջական քարտեզ չկա, այսօր խորհրդարանում սահմանազատման կանոնակարգի նախագծի քննարկմանը հայտարարեց փոխվարչապետ, փաստաթղթի հիմնական զեկուցող Մհեր Գրիգորյանը:

Այդ դեպքում ինչպե՞ս էին Հայաստանի բանակցողները վարչապետի գլխավորությամբ տևական ժամանակ պնդում, թե 1975 թվականի քարտեզը կարող է և պիտի հիմք դառնա սահմանագծման հետագա աշխատանքների համար: Մհեր Գրիգորյանը բացատրեց՝ խոսքը Գլխավոր շտաբի քարտեզների մասին է, որոնք կազմվել են 1974-78 թվականներին, իսկ 1979-ին մտել ուժի մեջ:

«Բայց էդ քարտեզները միակ քարտեզները չեն, որոնք պետք է օգտագործել, և կամ, կարծում եմ, կօգտագործվեն սահմանազատման գործընթացում, որովհետև կան հարցեր, որոնց պատասխանները էդ քարտեզները չեն տալիս», - ասաց Գրիգորյանը: Հարցին՝ «բայց դա ամբողջական քարտեզն է՞ Հայաստանի սահմանների», փոխվարչապետն արձագանքեց. - «Ըստ էության, ինքը որոշակի իմաստով ամբողջական է, բայց հիմա ավել դետալ ձեզ չեմ ասի»: Իսկ թե ինչո՞ւ ասաց, որ ամբողջական չկա, Գրիգորյանը հայտարարեց. - «Որովհետև չկա»:

Կանոնակարգի նախագիծը կողմերը ստորագրել են առանց հստակ քարտեզ ամրագրելու: Այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հատկապես այս հարցն էր ընդդիմադիրների ուշադրության կենտրոնում: Փոխվարչապետը շատ փակագծեր չէր բացում, բայց պնդում էր, թե սահմանազատման հետագա գործընթացում օգտագործվելու են բացառապես իրավական հիմք և հենք ունեցող քարտեզները:

Պատգամավոր Աննա Գրիգորյանն առավել հստակություն պահանջեց. - «Ինչո՞ւ քարտեզներն ամրագրված չեն, և որտե՞ղ է երևում, որ մեր սուվերեն տարածքները վերադարձվելու են մեզ»:

«Նույնիսկ միայն Գլխավոր շտաբի քարտեզի վրա հղում տալը՝ կախված տեղանքից և կախված մասշտաբից և բաց տեղերից, էլ ավել բան չեմ ասելու սրա մասին, եթե ուզեք, կարող ենք փակ քննարկում կազմակերպել, քննարկել, այո, մեկ քարտեզի վրա հղում տալը, ես կարծում եմ, շատ ռիսկային կլինի՝ թե՛ էս փուլում, թե՛ որևէ փուլում», - արձագանքեց Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը փակագծեր չբացեց, բայց ասաց, թե դա է պատճառը, որ կանոնակարգում որևէ հղում չկա: Նաև չհստակեցրեց՝ ի վերջո ի՞նչ սկզբունքով որոշեցին սահմանազատումը սկսել Տավուշից, միայն պնդեց, թե դա եղել է բարդ քննարկումներից հետո: Հենց այդ օրերին իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում էին՝ Տավուշից սկսելն Ադրբեջանի առաջարկն էր:

Իսկ տարեսկզբին Բաքուն ամենաբարձր մակարդակով հայտարարում էր, թե սահմանազատման հանձնաժողովների այդ օրերի հանդիպման օրակարգում դա միակ հարցն է:

Կշարունակվի՞ արդյոք գործընթացը, և ո՞ր փուլում հերթը կհասնի Հայաստանի այն տարածքներին, որոնք Ադրբեջանն օկուպացված է պահում: Գրիգորյանն այս հարցի պատասխանը չուներ, բայց վստահ է՝ կլինի փոխադարձ համաձայնությամբ, ի տարբերություն Տավուշի. - «Հաջորդ հատվածի վերաբերյալ նույնիսկ քննարկումներ դեռ չեն եղել, ու որևէ սկզբունք չի ամրագրվել, թե ոնց են որոշվում հատվածները: Մի սահմանում կա, որը կարծես թե, ես համարում եմ, որ ռեալ պայմանավորվածություն է, որ կոնսենսուսով պետք է որոշվի, կողմերից որևէ մեկը ինքը չի գալու ասի, որ «եկեք շարունակենք էս հատվածում»:

Ադրբեջանին չորս գյուղերը վերադարձնելու փուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ էր գնացել Կիրանց մարդկանց զգուշացնելու, որ եթե այդ ճանապարհով չգնան, ապա պատերազմ կլինի, որ զրկում են Ադրբեջանին հարձակվելու լեգիտիմ հիմքերից: Այսօր ընդդիմադիր պատգամավորները նաև սա էին հիշեցնում և պնդում, որ ուժի սպառնալիքի ներքո տեղի ունեցածը հակասում է միջազգային իրավունքին:

«Որպես բանակցող, հարց՝ գործընթացի ընթացքում Դուք ստացե՞լ եք էդ ազդակը, եղե՞լ է՝ «եթե չլինի էս փաստաթղթի ստորագրումը, կլինի ռազմական գործողություն», այո՞, թե՞ ոչ», - Քրիստինե Վարդանյանի այս հարցին այդպես էլ մոտ երեք ժամ տևած քննարկմանը Մհեր Գրիգորյանը հստակ պատասխան չտվեց, բայց ինքն էլ հայտարարեց, թե անվտանգային հարց են լուծել:

Փոխվարչապետը մտավախություն չունի, թե Բաքուն չի վավերացնի կանոնակարգը

Մինչ այժմ հրապարակային տեղեկություն չկա, թե Ադրբեջանը կանոնակարգի վավերացման ուղղությամբ ինչ քայլեր է իրականացրել: Բայց փոխվարչապետը մտավախություն չունի, որ Բաքուն այն չի վավերացնի:

Ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայ - թուրքական արձանագրությունների օրինակը հիշեցրեց, որոնք Անկարան այդպես էլ չվավերացրեց: Մհեր Գրիգորյանն, այդուհանդերձ, ասաց, թե չի հասկանում՝ ինչո՞ւ պետք է Բաքուն այն չվավերացնի, ապա բացատրեց՝ եթե ամեն դեպքում նման բան տեղի ունենա, վավերացնելուց հետո կողմերն ունեն վերջին փուլ, որ կանոնակարգն ուժի մեջ կմտնի, երբ ծանուցումների բնօրինակներով Երևանն ու Բաքուն փոխանակվեն:

«Բնականաբար, եթե վավերացման գործընթացը չավարտվի կողմերից մեկի կողմից, կամ վերապահումներ սահմանվեն դրա հետ կապված, ծանուցումների փոխանակում տեղի չի ունենա, պրոցեսը կընդհատվի», - ասաց փոխվարչապետը:

Չնայած Գրիգորյանի հավաստիացումներին, որ գործընթացն ամբողջությամբ օրինական է, և խոսքը ոչ թե նոր սահմանի, այլ եղածը վերարտադրելու մասին է, քննարկմանը ներկա ընդդիմադիր պատգամավորների մտահոգությունները չփարատվեցին: Թե՛ արդեն սահմանազատված հատվածը, թե՛ խորհրդարան ներկայացված կանոնակարգն, ըստ նրանց, լուրջ ռիսկեր է պարունակում:

Արդեն ելույթների փուլում Արմեն Ռուստամյանը հայտարարեց. - «ԱԺ-ը այս առումով կվավերացնի ըստ էության մեր շահերից չբխող՝ ՀՀ տարածքների հնարավոր նվազեցումը լեգիտիմացնող փաստաթուղթ, ինչը պահանջում է հանրաքվե»:

Քննարկմանը ներկա իշխանական պատգամավորներն այսօր որևէ հարց չտվեցին, բայց հենց նրանց կողմ քվեարկությամբ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին, այն ընդգրկվեց վաղը մեկնարկող նիստերի օրակարգ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սահմանազատման կանոնակարգն ուղարկվեց ԱԺԱնկախության հռչակագիրը չպետք է Սահմանադրությունում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի. ՍԴ Սահմանազատման հաջորդ փուլի մասին որոշում դեռ չկա. Մհեր ԳրիգորյանՍԴ-ն սահմանազատման կանոնակարգը Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց