Դատարանն այսօր Գորիսի քաղաքապետին դատապարտեց մեկ տարի 8 ամիս ազատազրկման։
33-ամյա Առուշ Առուշանյանը բանտ կտեղափոխվի, երբ որոշումն ուժի մեջ մտնի։ Մինչ այդ Գորիսի քաղաքապետը կբողոքարկի այն։
«Եթե նախադեպը չկա, որ առաջինը ես պիտի դատվեմ, պատրաստ եմ», - նշեց նա։
Գորիսը 7 տարի կառավարող քաղաքապետը դեռ 2022 թվականին էր մեղավոր ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինքնիրավչության և դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու համար։ Դատավճիռը, սակայն, ուժի մեջ էր մտել այս տարվա հուլիսին։ Այդ վճռով Առուշանյանին 5 տարի ժամկետով արգելվել է զբաղեցնել համայնքապետի պաշտոնը։
Վճիռը կատարելու համար պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիսի ավագանուն, որը, սակայն, հրաժարվել էր պաշտոնանկ անել քաղաքպետին, հիմնավորել էր, որ նման լիազորություն չունի։ Հենց այս զարգացումներից հետո պրոբացիայի ծառայությունը դիմեց դատարան՝ պահանջելով Առուշանյանի 5 տարով պաշտոնը թողնելու պատիժը փոխարինել ազատազրկմամբ։
«Մի տարի ութ ամիսը, հումորով կասեմ, շակալադնի է», - նկատեց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատարանը վարույթ է ընդունել Պրոբացիայի ծառայության գործողությունների դեմ Առուշանյանի բողոքըԱռուշանյանի լիազորությունները դադարեցնելու առումով իրավական խնդիր կա. փաստաբան
Քաղաքապետի փաստաբան Սերգեյ Մարաբյանը պնդում է՝ եթե անգամ այսօրվա վճիռը մտնի ուժի մեջ, միևնույն է՝ Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու առումով իրավական խնդիր կա, և ավագանին կարող է մերժել նույն հիմնավորմամբ։
«Որովհետև ինքնին դատականի ակտի հիման վրա ազատազրկման տեղափոխելը պաշտոնանկ անելու հիմք չէ, դու ֆիզիկապես կարող ես հասարակությունից մեկուսացնել, որպեսզի անձը չկարողանա մասնակցել կառավարման պրոցեսին, բայց դրանից հետո պիտի ավագանին որոշում ընդունի, այնուամենայնիվ։ Այսինքն՝ առաջացավ երկրորդ իրավական կազուսը, որովհետև առանց ավագանու որոշման միևնույն է՝ չի կարող Առուշ Առուշանյանը պաշտոնանկ արվել», - ասաց Մարաբյանը։
Քաղաքապետը կրկին հայտարարեց՝ չի պատրաստվում հրաժարական տալ
Աջակիցների ծափերի ներքո դատարանից դուրս եկած Առուշանյանն այսօր հայտարարեց՝ չի պատրաստվում հրաժարական տալ։
«Թկուզ լինեմ կալանքում էլ, միջոցներ միշտ կգտնվեն՝ քաղաքը ճիշտ ղեկավարելու, ու ճիշտ ղեկավարվելու է։ Ոչինչ, ոչ մեկը ու ոչ մի բան չի կարող կոտրել մեր կամքը, մեր գաղափարները, սկզբունքները», - ասաց Գորիսի քաղաքապետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ես հրաժարական չեմ տալու, ինձ ժողովուրդն է ընտրել. Առուշ ԱռուշանյանԻնչո՞ւ ավագանին չի կարող դադարեցնել Առուշանյանի լիազորությունները
Ինչո՞ւ Գորիսի ավագանին չի կարող դադարեցնել Առուշանյանի լիազորությունները։ Փաստաբանը վկայակոչում է «Տեղական ինքնակառավարման մարմինների» մասին օրենքը, որով ավագանին վաղաժամ կարող է դադարեցնել համայնքի ղեկավարի պաշտոնը, երբ, օրինակ, դատարանի`օրինական ուժի մեջ մտած վճռով դատապարտվել է ազատազրկման և կրում է պատիժը։ Բուն գործով Առուշանյանին դատարանը փաստացի չի ազատազրկել, միայն զրկել է հինգ տարով պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Հետևաբար, ըստ փաստաբանի, ավագանին չի կարող դադարեցնել նրա լիազորությունները, քանի որ ազատազրկման մասին խոսք չկա։
Մյուս կողմից, ըստ փաստաբանի, դատարանն, այսօր որոշելով 5 տարով պաշտոնից հեռացնելը փոխարինել ազատազրկմամբ, հետադարձ ուժ տվեց նոր օրենքին՝ խստացնելով Առուշանյանի պատիժը։
«Ցանկացած դասագիրք բացեք, կարդացեք, գրված է ուղիղ՝ խստացնող օրենքը նոր պատիժ սահմանող, նոր հանցանք սահմանող օրենքը չի կարող կիրառվել մինչև այդ օրենքն ընդունված իրավիճակի նկատմամբ», - նշեց Սերգեյ Մարաբյանը։
Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը համակարգող Տարածքային կառավարման նախարարությունից առայժմ չեն հստակեցնում՝ կկարողանա՞ բանտարկվելու դեպքում Առուշանյանը պահպանել պաշտոնը, խոստացել են ավելի ուշ արձագանքել Գորիսի քաղաքապետի փաստաբանի պնդումներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ձերբակալված Գորիսի քաղաքապետը չի ընդունում իրեն մեղսագրվող կասկածըԳորիսի քաղաքապետը 44-օրյա պատերազմից հետո վարչապետ Փաշինյանի խիստ քննադատներից էր, բայց վերջին շրջանում զերծ է մնում հրապարակային սուր խոսքից, ավելին՝ այս քրեական գործը քաղաքական հետապնդում չի համարում և հայտարարում է, որ հանուն քաղաքի համագործակցում է իշխանության հետ։