Մատչելիության հղումներ

Պրոբացիայի ծառայությունը Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան


Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյան, արխիվ
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյան, արխիվ

Գորիսի ավագանու որոշումից երեք օր անց Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան քաղաքապետ Առուշ Առուշանյանին ազատազրկելու համար:

Ավագանին արտահերթ նիստում քննարկել և մերժել էր Պրոբացիայի ծառայության գրությունը, որով պետք է դադարեցվեին համայնքի ղեկավարի լիազորությունները:

«Որևէ մեկս իրավասություն չունի չկատարելու դատավճիռը: Դատավճռով սահմանված է եղել ազատազրկման ձևով կրելու պատիժ, եթե չեմ սխալվում՝ 1 տարի 3 ամիս ժամկետով, կոնկրետ հանցագործություններից մեկի վերաբերյալ, որովհետև պարոն Առուշանյանը դատապարտվել է երեք հանցագործությունների համար, որոնք կատարվել են: Եվ այս դեպքում ստացվում է, որ դատավճիռը պայմանականորեն չի կատարվել միայն դատարանի որոշման հիման վրա, և պայմանականորեն չկիրառելու հետ կապված որոշումը նույնպես հնարավոր է արդեն վիճարկել դատարանում, որի վերաբերյալ մեր Պրոբացիայի ծառայությունը պարտավոր էր կազմել արձանագրություն չկատարման հիմքով և ներկայացնել միջնորդություն դատարան՝ տվյալ որոշումը վերացնելու և պայմանական դատապարտումը իրականի փոխարինելու մասին», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարարի տեղակալ
Արմենուհի Հարությունյանը:

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը դեռ 2022 թվականի մարտին մեղավոր էր ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինքնիրավչության և դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու համար և դատապարտվել 6.5 ամսվա ազատազրկման, բայց վճիռը պայմանական չէր կիրառվել: Բացի այդ, 33-ամյա Առուշանյանը 5 տարով զրկվել էր տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

Դրանից հետո Առուշանյանը որոշումը բողոքարկել էր տարբեր վերադաս ատյաններում, բայց՝ անարդյունք, անցած ամիս այն մտել է օրինական ուժի մեջ: Հենց այս որոշման կատարման համար էլ Պրոբացիայի ծառայությունը դիմել է ավագանուն՝ Առուշ Առուշանյանի պաշտոնանկության հարցով, բայց համայնքի ավագանին միաձայն որոշել է՝ նման լիազորություն ինքը չունի.

«Համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքներում ՏԻՄ առանձնահատկությունները սահմանող իրավադրույթներով առհասարակ դատական ակտերի հիման վրա լիազորությունների վաղաժամկետ դադարման հիմք կամ ընթացակարգ չի նախատեսվել, իսկ գրությամբ հայցվող գործողությունը դուրս է ավագանու լիազորությունների շրջանակից: Ուստի «որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու պատժատեսակը» համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու օրենքով նախատեսված հիմք չէ, հետևապես
պրոբացիայի ծառայության գրության պահանջներն ավագանու գործառույթներից դուրս են»:

Նույնն այսօր պնդեց Առուշանյանի փաստաբանը, որ այդ հիմքով ավագանին Գորիսի քաղաքապետին պաշտոնանկ անելու լիազորություն չունի: Նրա գնահատմամբ՝ Արդարադատության նախարարության գործողություններն ապօրինի են:

«Եվ առավել ևս՝ եթե Պրոբացիան դիմում է ավագանուն, ավագանին չի կատարում, Առուշ Առուշանյանն այստեղ ի՞նչ կապ ունի, որ Առուշ Առուշանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ, նոր տեղեկացա, որ ինչ-որ դիմել են առաջին ատյանի դատարան», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց փաստաբան Արմեն Մելքոնյանը՝ շարունակելով. - «Ինչի՞ մասին է խոսքը, անհեթեթություն: Ոնց որ դուք դիմեք ինձ, ես ինչ-որ գործողություն չանեմ, Պողոսը դրա համար պատասխան տա՞: Թող ավագանին իր որոշումը կայացնի, ընդ որում՝ արդեն կայացրել է, բա Առուշանյա՞նն այստեղ ինչ կապ ունի»:

Եվ մինչ փաստաբանը հակաօրինակ որակեց Պրոբացիայի ծառայության որոշումը, ինքը՝ Առուշանյանը, դրանից րոպեներ անց «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե չի կիսում նրա տեսակետը, ավելին՝ շեշտեց, որ Արմեն Մելքոնյանն այդ գործով իր փաստաբանը չէ:

«Չեմ կիսում փաստաբանի այդ տեսակետը, որ պրոբացիայի ծառայությունն անգրագիտություն է արել։ Այս կառույցն արել է այն, ինչը գտել է, որ իր լիազորությունների տիրույթում է։ Մենք էլ մեր գործառույթն ենք կատարել, ավագանին էլ իր գործառույթը։ Դատարանը կտա այս հարցի վերջնական լուծումը։ Ես, լինելով պաշտոնյա՝ մեծագույն հարգանք ունեմ պետական կառույցների նկատմամբ», - ասաց Գորիսի քաղաքապետը:

«Ազատություն»-ը կրկին կապ հաստատեց փաստաբան Արմեն Մելքոնյանի հետ, որպեսզի պարզի՝ ի վերջո նա հանդիսանո՞ւմ է Առուշանյանի պաշտպանը, և ինչո՞ւ իրենց դիրքորոշումները չեն համընկնում: Մելքոնյանը կարճ արձագանքեց՝ քննարկումների փուլում են, հայտարարություն կանեն:

«Առուշանյանը ոնց ասել է, այդպես է ճիշտ, այդպես է պետք: Չի կիսում, ինքը այլ կարծիք ունի: Եվ չեմ կարծում, որ եսիմ ինչ եմ ասել... լավ, ինչևէ, չեմ մեկնաբանում իմ ասածը, ինչ որ ասել եմ ես», - ասաց փաստաբանը, - «Լսեք, մենք քննարկումների փուլում ենք, երբ որ կքննարկենք, վերջնական որոշում կունենանք, ես կասեմ իմ կարծիքը»:

Առուշ Առուշանյանը, որ 44-օրյա պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանին համարում էր «չարիք», իրավապահների տեսադաշտում հայտնվեց 2020-ի դեկտեմբերին, երբ սյունեցիներին կոչ էր արել արգելել վարչապետ Փաշինյանի մուտքը մարզ: Հետագայում նրան տարբեր հոդվածներով մեղադրանքներ առաջադրվեցին, որոշ դրվագներով Առուշանյանն անգամ արդարացվեց: Բայց բանտից դուրս գալուց հետո առհասարակ դադարեց քննադատել Փաշինյանին՝ հայտարարելով, թե ժողովուրդն է նրան ընտրել:

2021-ի արտահերթ ընտրություններին «Հայաստան» դաշինքով պատգամավոր ընտրված, հետո մանդատից հրաժարված Առուշանյանն այսօր էլ կրկնել է՝ «քաղաքականությամբ չի զբաղվում, ուստի չի կարող քաղաքական պատվերով դատվել»:

XS
SM
MD
LG